Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին շարունակենք սկսած գործը»

Հոկտեմբեր 22,1999 00:00
Ararat Zurabyan

Հարցազրույց Արարատ Զուրաբյանի հետ

-Դուք ՀՀՇ վարչության փոխնախագահն եք, Վանո Սիրադեղյանի ընկերը. դա ձեզ չի՞ խանգարում թաղապետական ընտրություններում։ Փաստորեն, այս անգամ դուք մրցում եք անապահով թիկունքով։

-Խորհրդային Միությունը երբ կար, մենք ընտրությունների մասնակցում էինք, եւ այն ժամանակ շատ ավելի բարդ էր վիճակը։ Եթե այն ժամանակ թիկունք չէինք փնտրում, հիմա կարելի է հանգիստ գնալ առաջ։ Իշխանափոխությունից հետո նրանք, ովքեր մնացել են ՀՀՇ-ում, կազմակերպության սերուցքն են, լավագույն մասը, ազնվագույն մարդիկ։ Միայն այդպիսի մարդիկ կարող են իրենց հայացքները չփոխել։ Իսկ Վանոյի կողքին մնացողները մնացել են իրենց ընկերոջ կողքին։ Եվ դա ոչ միայն մեր շնորհքն է, այլեւ խոսում է հենց Վանոյի դրական հատկանիշների մասին։ Իսկ թաղապետական ընտրություններում, ի տարբերություն մի շարք մրցակիցների, ինձ համար իրավիճակը մի քիչ ավելի հեշտ է։ Ես ծնվել եմ այս համայնքում, Կենտրոնի բնակիչ եմ, ծնվել եմ Մարգարյան հիվանդանոցում, ունեմ բազմաթիվ ընկեր-բարեկամներ, ունեմ բազմաթիվ ավանդական կապեր։ Պապս եղել է Սպանդարյան շրջանի գործկոմի նախագահը եւ, փաստորեն, ես որոշակի պարտավորվածություն ունեմ. պետք է պահպանեմ այն ամենը, ինչ որ կա Երեւանում։

-Կարծում եմ այլ առավելություն եւս ունեք՝ գործող թաղապետն եք եւ ձեր ձեռքի տակ եղած լծակները կարող եք օգտագործել։

-Ես ճակատագրի ընձեռած հնարավորությունից չեմ խուսափում, որովհետեւ այնպես է ստացվել, որ մարդիկ թաղապետին ընդունում են մի քիչ ավելի ջերմ, ավելի լավ, քան մյուս թեկնածուներին։ Չնայած, կարծում եմ, յուրաքանչյուրն ինչ-որ ոլորտում ինչ-որ առավելություն ունի, եւ եթե ընդհանրացնում ենք, ապա պայմանները երեւի ինչ-որ տեղ հավասար են։

-Երեկվա դրությամբ ձեր մրցակիցները տեղամասային հանձնաժողովների ձեւավորման հարցում դժգոհություններ ունեին, եւ դեպքերը հետաքրքիր զարգացում ունեցան։ Ձեր կարծիքով, ձեր մրցակիցները ազնի՞վ ընտրապայքար են մղում, նկատի ունեմ նաեւ ձեր պատառոտված լուսանկարները։

-Ընտրապայքարն ընթանում է, չասեմ՝ ազնիվ կամ անազնիվ, ասեմ՝ օրենքի շրջանակներում։ Բայց եւ յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս շրջանցել օրենքը։ Շատ վրդովվում եմ, որ նախընտրական պլակատ են պատռում, լինի իմը, թե մրցակիցներինս։ Շատ տհաճ պատմություն է, նույնիսկ թշնամի կուսակցությունները այլ երկրներում այդպիսի բան չեն անում։ Դրանից բացի, օրերս փորձ եղավ որոշակի հեղաշրջում անել։ Հավաքվեցին հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ 8-9 հոգի, եւ փորձեցին օրենքի բացահայտ շրջանցումով վերընտրություն կազմակերպել։ Դիմեցինք մարզային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովներին, նաեւ՝ դատարան։ ԿԸՀ-ն 11 ընտրատարածքների առումով անդրադարձավ այդ հարցին եւ, փաստորեն, լուծում ենք ստացել։ Երեկ էլ դատարանը համապատասխան որոշում կայացրեց մնացած հանձնաժողովների վերաբերյալ։

-Իշխանությունների կողմից ճնշում զգո՞ւմ եք։

-Մինչեւ այսօր ոչ մի իշխանական մարմնի կողմից ոչ մի ճնշման չեմ հանդիպել։ Կա որոշակի հոգեբանական մթնոլորտ եւ դա ինձ իրավունք է տալիս հետեւություն անել, որ իշխանությունները որեւէ մեկին լիարժեք չեն հովանավորում։ Նկատի ունեմ, որ տնտեսական, քաղաքական ամբողջ մեքենան չի ուղղված իմ դեմ, կարող էր լինել, բայց նման բան չկա։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Հ. Գ. «Աժ ընտրություններին հաջորդած ամիսներին մենք համակարգված աշխատանք ենք կատարել Կենտրոն համայնքի այն հատվածում, որն ընդգրկում է մեր ընտրատարածքը,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի ղեկավար Ա. Մանուկյանը։- Հասկանալի է, որ ԱԺ պատգամավորի այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են համայնքի կրթական, կոմունալ-կենցաղային, սոցիալական խնդիրներին, հնարավոր է իրականացնել, եթե այդ հարցերի վերաբերյալ շահագրգիռ մոտեցում կա համայնքապետարանում, համայնքի ղեկավարի մոտ։ Իսկ ի պատիվ Կենտրոն համայնքի ղեկավարի՝ Արարատ Զուրաբյանի, պետք է նշեմ, որ այս ընթացքում բնակչության կողմից մեզ ուղղված նամակների հիմնական մասին կարողացել ենք միասնական աշխատանքի շնորհիվ ելքեր գտնել, լուծումներ տալ։ Մեր համայնքում կայացած իրողություն է ԱԺ պատգամավոր-թաղապետ-բնակիչ համագործակցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031