Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Հոկտեմբեր 22,1999 00:00
martun matevosyan

Պնդում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանը

-Մի հետահայաց հարց՝ ինչպե՞ս էիք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի միջամտությունը կաթողիկոսական ընտրություններին։

– Նախ չեմ կարող ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ինչ աստիճանի միջամտություն է եղել։ Բայց կարծում եմ, որ պետությունն իրավունք ունի եւ պետք է դերակատարություն ունենա այնպիսի կարեւորագույն անձի ընտրության հարցում, ինչպիսին կաթողիկոսն է։ Որեւէ վատ բան չեմ տեսնում կարծիք հայտնելու մեջ, բայց դա չպիտի վերջնական լինի եւ հրահանգի ձեւով։

– Այսինքն, Դուք նաեւ բնականոն պիտի գնահատեք այն, որ այս անգամ պետության դիրքորոշումն էլ հոգեւոր առաջնորդներին փոխանցեց դաշնակցակա՞ն պաշտոնյան՝ Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար եւ վարչապետի խորհրդական Լեւոն Մկրտչյանը։

– Լեւոն Մկրտչյանը պետական պաշտոնյա է եւ, եթե իշխանությունները կարծիք են հայտնել, այն, բնականաբար, պիտի ինչ-որ մեկի միջոցով հասներ եկեղեցականներին։

– Երբ «Երկիրի» թղթակիցն արտգործնախարարին հայտնել էր, թե ծանոթ է «Ընդհանուր պետություն» փաստաթղթին եւ Ղարաբաղն «անկլավ» է դառնալու՝ շրջափակված Ադրբեջանով, Վարդան Օսկանյանը մասնավորապես ասել էր. «Չմոռանանք, մենք այդ փաստաթուղթն ընդունում ենք որպես բանակցությունների հիմք»։ Վերջին պնդումը նույնությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր անում, եւ արժանացավ նաեւ ՀՅԴ-ի քննադատությանը եւ կտրուկ հակազդեցությանը։ Ո՞րն է պատճառը, որ այս դեպքում բավարարվում եք ընդամենը ակնարկներով։

– Ես ընդհանրապես ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր կողմնակից չեմ, որ Ղարաբաղի բանակցային գործընթացը շահարկման առարկա դառնա։ Եվ երբեք էլ այն կարծիքին չեմ եղել, որ Հայաստանում որեւէ իշխանավոր դավաճան է կամ դավաճանում է Ղարաբաղի խնդրին։ Ժամանակին Հայաստանի ներքաղաքական շատ սրված վիճակի բնական դրսեւորումն էին այդ որակումները։

Այժմ նախ նման մթնոլորտ չկա։ Եվ մեր պետության զարգացման այդ փուլն անցել ենք։ Երբ ի վերջո, հստակեցվի բանակցային նյութը ու Հայաստանի իշխանության դիրքորոշումը՝ ՀՅԴ-ն այդ ժամանակ կարտահայտի իր կարծիքը։

– Էդվարդ Հովհաննիսյանը մամուլում պնդել էր, թե տարաձայնություններ կան արմատական եւ պետական կուսակցականների միջեւ, քանի որ իրենց դիրքի եւ պաշտոնի բերումով դաշնակցականներն այժմ ասում եւ անում են բաներ, որոնք խախտում են ՀՅԴ ծրագիրն ու կանոնագիրը։ Ընդունո՞ւմ եք նման տարակարծությունների իրողությունը։

– Այնքանով, որքանով դրանք կան բոլոր կուսակցությունների մեջ, որոնք կառույց եւ շարքեր ունեն։ Բնականաբար, այս անբավարարվածությունը պայմանավորված է նաեւ ժողովրդի անբավարարվածությամբ։ Եթե ժողովուրդն ինքը խնդիրներ ունի եւ այսօր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում է՝ հնարավոր չէ, որ դժգոհություններ չլինեն նաեւ կուսակցական շարքերում։ Դա չի նշանակում նաեւ, որ իշխանության մեջ եղած կուսակցականները ստեղծված կացությամբ բավարարված են։

– Դուք ամեն ինչ կարծես հանգեցնում եք զուտ սոցիալ-տնտեսական պայմաններին։ Սակայն Էդվարդ Հովհաննիսյանը տարաբեւեռ միտումները պատճառաբանող ծրագրային խնդիրներ էր մատնանշել։ Ասենք, թե Շեւարդնաձեի հետ հանդիպման ժամանակ լռել էիք Ջավախքի մասին, չնայած անգամ դաշնակցության ծրագրի մեջ է նշվում, որ Հայաստանը պիտի լինի Սեւրի դաշնագրի սահմաններում, որ նաեւ Ջավախքն է ներառում։

– ՀՅԴ ծրագրում ներառված են մեր ժողովրդի իղձերը, եւ դրանց իրականացումը մենք տեսնում ենք հանգրվաններով։

ՀՅԴ քաղաքական առաջնահերթությունները եւ ռազմավարությունը ճշգրտվում է ՀՅԴ ընդհանուր ժողովների որոշումներով։

Այս հանգրվանում մեր քաղաքականության մեջ Ջավախքի խնդիրը նախեւառաջ Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությունն է, նրանց սոցիալական խնդիրների լուծումը, որոնք, բնականաբար, պարտավոր են լուծել Վրաստանի իշխանությունները։

Չեմ կարծում, որ Էդվարդ Հովհաննիսյանի մտահոգությունները այս հարցում հիմնավոր են։ Ուղղակի նրա տեսակետները բավականին սուր ձեւակերպումներով են արտահայտված։

– Եվս մի ծավալուն մեջբերում՝ «Դաշնակցականը գիտի, որ ինքը հեղափոխական, ազգային եւ ընկերվարական կուսակցության անդամ է, ուստի հակառակ բաների մասին ճառերն իր գործը չեն եւ կասկածով է նայում իր այն ղեկավարներին, որոնք իշխանավորների հետ միասին համերաշխորեն ճառեր են արտասանում»,- Էդվարդ Հովհաննիսյանը որպես այդ ճառերի նյութ նշել էր ազատ շուկան, ժողովրդավարությունը եւ այլ արեւմտյան արժեքները։

– Նախ, կարծում եմ, տեղին չէ հակադրել ազատ շուկան ընկերվարության հետ։ Ընկերվարական շարժման զարգացումներն ապացույց են, որ մեկը մյուսին երբեք չի բացառում։ Նույնը նաեւ մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով։

Դաշնակցությունն ինքը Հայաստանում ժողովրդավարության զարգացման ակունքներում է, մեծ չափով նպաստել է ժողովրդավարության զարգացմանը։ Եվ կարծում եմ, այսօր էլ պիտի իր ողջ կարողականությամբ նպաստի ժողովրդավարական արժեքների գերակայությանը մեր երկրում։

– Դաշնակցական գործիչներն հետեւյալ հարցին տարբեր մեկնաբանություններ էին տվել։ Ասենք, Էդվարդ Հովհաննիսյանը գրում է՝ «Մենք բոլորս համոզված ենք, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի եւ ոչ մի ուժ չի կարող ազդել երկրի ղեկավարների կամքի վրա»՝ անհնարին համարելով հասարակական ճնշումը Վազգեն Սարգսյանի վրա, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը հակառակ տեսակետին էր։ Ո՞ր պնդումն է Ձեզ ավելի իրական թվում։

– Չեմ կարող ասել, թե Հայաստանը կայացած ժողովրդավարության երկիր է կամ ընդհանրապես ժողովրդավարություն չկա։ Այն անսահման հասկացություն է եւ անընդհատ զարգացում պիտի ապրի։ Բայց կարծում եմ, մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը բավարար լծակներ ունեն ներազդելու կառավարության վրա։ Եվ համոզված եմ, որ եթե նման խնդիր լինի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ վարչապետը կսրբագրեն իրենց բացթողումները։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031