Եվ գրիչը ճիշտ են բռնում
Ահա եւ վերջ. այլեւս երկար ժամանակ հնարավորություն չենք ունենա վայելելու թաղապետի հավակնորդների գովազդային հոլովակները։ Մամուլում այլեւս չենք կարդա, թե մտքի որպիսի գիգանտների ու ռազմական ինչպիսի գործիչների ժամանակակիցը լինելու բախտին ենք արժանացել։
Որոշ հեռուստատեսային գովազդներ ընդգծում էին այս կամ այն թեկնածուի տեսանելի առավելությունները՝ հմտորեն թաքցնելով այն, ինչը չէր երեւում, որովհետեւ չկար։ Մասնավորապես, ընտրողները պատկերացում կազմեցին, որ «x» թեկնածուն ընտրվելու դեպքում լիարժեքորեն կարող է տիրապետել մի հոնքը բարձրացնելու արվեստին։ Եվ դա՝ այն ժամանակ, երբ մյուսը ելման դիրքում է։ Կամ, որ իրենց թեկնածուն թեեւ չի հարգում հավաքարարի աշխատանքը, սակայն կարող է սուր հայացք նետել եւ նկատել խեղճ կնոջ աչքից վրիպած փոշու հյուլեն։ Ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները եւս ծառայեցված են թաղապետ դառնալու երազանքին. թեկնածուներից ուրիշը մե՛կ ռազմական թեմաներով տեսաֆիլմի ֆոնին է կանգնած, մե՛կ գրասեղանի մոտ նստած, գրիչը ձեռքին՝ ինչ-որ բան է կարդում։ Ընդ որում՝ նույն կեցվածքով, որով Նարեկացին իր «Մատյան ողբերգությանն» էր գրում։ Գուցե թե այս թեկնածուները դժբախտ են յուրովի, բայց երջանկությամբ նման են. նրանք բոլորն էլ հավատացած են, թե իրենց թիկունքին «Միասնությունն» է։
Լ. ԱՎԱԳՅԱՆ