Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 22,1999 00:00
dat

Երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կայացավ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության պետ Դայան Նորայի (հայցվոր) եւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի (պատասխանող կողմ) դատավարության երկրորդ նիստը։

Հարակից պատասխանող կողմերն էին «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերը։ Դայան Նորայի հայցադիմումը ձեւակերպված էր այսպես. «Իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ»։ Տիկին Դայանն իր ղեկավարած վարչության եւ իր պատիվն էր պահանջում Կ. Աղամյանից, որը նշված թերթերում այդ վարչության գործունեության մասին խիստ էր արտահայտվել, որն, ըստ Դայան Նորայի, «վարչության գործարար համբավն արատավորող տեղեկություններ» է։ «Առավոտը» որոշ պատճառներով, ցավոք, չկարողացավ ներկա լինել նիստին, սակայն պատրաստվում էինք դատարանին եւ լայն հասարակությանը ներկայացնել 1998-ի նոյեմբերի 18-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության եւ իրավաբանական վարչությունների՝ Մշակութային արժեքների պահպանության վարչությունում կատարած ստուգումների արդյունքների մասին կազմած ակտը։ Որքան տեղյակ ենք, այդ ակտը ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Ակտի բովանդակությունը «Առավոտը» մոտակա օրերս կհրապարակի։

Իսկ Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ (դատավոր՝ Պ. Օհանյան) վճիռ է կայացվել, թե «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» թերթերում Կ. Աղամյանը պետք է հերքի իր այն խոսքը, որ Մշակութային արժեքների պահպանության վարչությունն օրենքներ է խախտում։ Որքան տեղյակ ենք, Կ. Աղամյանը մտադիր է վերաքննիչ բողոքով մտնել դատարան։

Նկարիչների միությունում հանդիպեցի նկարիչ Սարո Կալենցին, որն այդ վարչության գործունեության մասին ասաց հետեւյալը. «Չի հասկացվում՝ որն է մշակութային արժեքը եւ որը՝ արվեստի ստեղծագործությունը։ Իմ նկարը չեն թողնում գնորդը տանի, ասում են՝ մշակութային արժեք է։ Ո՛չ, դա դեռ մշակութային արժեք չէ, դա դեռ թանգարանի սեփականությունը չէ, այսինքն՝ պետությունը այդ հովանավորությունը չի վերցրել իր վրա։ Նկարը պետք է ազատ դուրս գա, վաճառվի, աշխարհ տեսնի։ Այստեղ այն կարծիքին են, որ եթե նկարը դուրս է գալիս՝ երկիրը դրանից տուժում է։ Ընդհակառակը, դրա պատճառով արտասահմանում չգիտեն նույնիսկ Սարյանին, մյուսներին։ Ներսում ենք պահում՝ կարծելով, թե դրանց արժեքը դրանով բարձրացնում ենք։ Նկարիչներին մեծ արգելք են հանդիսանում արտահանել իրենց նկարները, ապրել։ Ես այս տարի մոտ 30 գնորդ կորցրել եմ անձնապես՝ հենց այս վարչության, մեխանիզմի պատճառով։ Սփյուռք-Հայաստան համաժողովի մասնակիցները նկարներ էին ուզում գնել, բայց ժամանակ չունեին գալ, նկարը առնել, սպասել երկուշաբթի կամ հինգշաբթի օրերին (վարչության հանձնաժողովի աշխատանքային օրերը), սպասել, հերթ կանգնել, կեսօրից հետո ստանալ դրա պատասխանը… Ինչի՞ համար։ Ազատ պետք է գնորդը լինի։ Օդանավակայանում թող մի մասնագետ նշանակվի, եւ եթե կասկած ունեն որեւէ աշխատանքի նկատմամբ, կատալոգ կունենան (պատկերասրահից կամ այլ թանգարաններից կորած նկարների մասին եւ այլն), կստուգեն։ Եթե այդպիսի նկար է արտահանվում՝ թող արտահանվի, դա ներքին պրոբլեմ է։ Իսկ ի՞նչ կարիք կա արգելք դնել մյուս նկարների վրա էլ, որ մարդիկ չգնեն։ Առանց այն էլ այնքան էժան են գնահատվում մեզ մոտ նկարները, եւ մարդիկ, նկարիչները ապրելու, ստեղծագործելու այդ հնարավորությունն էլ են կորցնում»։

Մշակույթի նախարարության Մշակութային արժեքների պահպանության վարչության գործունեության եւ այդ ոլորտը վերահսկող օրենքի շուրջ խոսակցություններ, մեկնաբանություններ «Առավոտի» մոտակա համարներում, անշուշտ, կլինեն։ Ե՛վ անհրաժեշտ է, ե՛ւ հրատապ։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031