Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒՍՆՅԱԿԻՑ ՉԵՄ ԻՋԵԼ

Հոկտեմբեր 21,1999 00:00
lusin

«Առավոտի» հարցազրույցը Արարատ Խրիմյանի հետ

– Ամեն առավոտ «Առավոտն» եմ բացում, ու… ոչ մի վատ բան չեք ասում։ Հո մի բան չի՞ պատահել,– «Առավոտի» թղթակցին լրջորեն անհանգստացած հարցրեց Արարատ Խրիմյանը։

– Չէ՛, ուշադիր չեք կարդում,- պատասխանեց թղթակիցը։

– Ամբողջ անձնակազմս նստած «Առավոտ» է թերթում,- չէ՛ր հանձնվում պրն Խրիմյանը։

– Վատ բան փնտրելու ակնկալիքո՞վ,- իրեն չհասկացողի տեղ էր դնում թղթակիցը։

– Այո։ Ու չեմ գտնում։ Ու մտածում եմ, թե երեւի մի բան կատարվում է։

– Չէ՛, երեւի այնքան կարդացել եք, դուք եք իմունիտետ ձեռք բերել։

– Անհնարին է իմունիտետ ձեռք բերել։ Ռուսերեն ասում են՝ «на каждую бочку затычку не найдешь»։ Հիմա եթե ես ամեն տողին պատասխանեմ, կստացվի, որ ոչինչ չպիտի անեմ, միայն թերթերին պիտի պատասխանեմ։ Վերջերս գրել էին «Из за четырех несчастных дней не стали телезвездой»։ Մի շաբաթ ո՛ր թերթը բացում էիր՝ Արարատ Խրիմյան, որ հեռուստականալը նայում էիր՝ «Խրիմյան Արարատին չորս օր չի հերիքել»։ Ինչի՞ց։ Դուք կարո՞ղ եք ասել։ Ինչի՞ց չի հերիքում չորս օր։ Լուսնյակի՞ց եմ իջել։

– Ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում։

– Բացարձակապես պրոբլեմի հարց չէ։ Հասկացող մարդու համար դա կատակ էր, չհասկացող մարդը մտածում է, թե ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ հանցագործություն է կատարել Խրիմյան Արարատը, որ բոլոր թերթերը գրում են՝ չորս օր չի հերիքում։ Ում մեկ տարի չէր հերիքում, նրանց մասին բացարձակապես խոսք չկար՝ ոչ թերթում, ոչ հեռուստատեսությամբ։ Իսկ չորս օրը հանցագործություն է։ Եթե վաղը Երեւանը բաժանվի այլ մասերի, մի փողոցը մի շրջանից անցնի ուրիշ շրջանի, կստացվի, որ այդ փողոցի բոլոր բնակիչները զրկվո՞ւմ են ընտրելու կամ ընտրվելու իրավունքից։ Այդպե՞ս է ստացվում։

– Գիտեք, եթե կա Ընտրական օրենսգիրքը…

– Չկա այդպիսի բան։ Պետք է ճիշտ մեկնաբանել օրենսգրքի օրենքները։ Եթե օրենքն ընդունվել է ապրիլին, այն հետադարձ ուժ չունի։ Եկող ապրիլին նոր կարող ենք խոսել մեկ տարվա մասին։

Պրն Խրիմյանն այն վարկածն առաջ քաշեց, թե իր դեմ արշավանքը պատահական չէ, եւ այն սկսել են իր հակառակորդները եւ ոչ թշնամիները (այդպիսիք նա պարզապես չունի)։ «Առավոտ» թերթում վերջերս վատ բաներ չգտնելուց դժգոհ պրն Խրիմյանի համար՝ էքսկլյուզիվ վատ բան։ Նրա գրանցումն իբրեւ թաղապետի թեկնածու, իհարկե, ապօրինի է։ Սակայն Ընտրական օրենսգիրքն էլ, որի ակնհայտ խախտումով է պրն Խրիմյանը գրանցվել, առանձնապես մի բան չի։ Այնուամենայնիվ, «Առավոտը» չի զլանում շնորհավորելու Արարատ Խրիմյանին՝ ծննդյան 48-ամյակի առթիվ։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031