Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե միայն ջրհեղեղ կամ համաճարակ լինի»

Հոկտեմբեր 21,1999 00:00
natan

Հարցազրույց Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ

Կաթողիկոսական ընտրությունների կազմակերպական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Ըստ եկեղեցական կանոնակարգի, կաթողիկոսի թեկնածուներ են հայ եկեղեցու բոլոր 49 եպիսկոպոսները, քանի դեռ նրանցից ոչ մեկը չի հայտարարել, որ չի մասնակցում ընտրությանը։

– Սրբազան, հնարավո՞ր է, որ կաթողիկոսական ընտրությունները հետաձգվեն։

– Ես նման բանի մասին չեմ մտածում։ Ոչ, ոչ, դրանք պարզապես անհատ մարդկանց կարծիքներ են։ Ես, իբրեւ Ազգային եկեղեցական ժողովի կազմակերպչական հանձնախմբի անդամ, կարող եմ ոչ թե կարծիք հայտնել, այլ պաշտոնապես հայտարարել, որ հետաձգման որեւէ ակնարկ մեր առջեւ չկա դրված։

– Որպես հանձնախմբի անդամ որեւէ միջամտություն նկատո՞ւմ եք իշխանության, պետության կողմից։

– Պետության միջամտության մասին կարծես թե մամուլում բավականին լայն խոսվեց՝ վեց բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը։ Ես կարող եմ ասել, որ իմ ավագ հոգեւոր եղբայրների խոսքը կասկածի տակ չեմ դնում, ինչ վերաբերում է ինձ, մեր հանձնախմբին, մեր գրասենյակին, որեւէ միջամտություն կամ միջամտության ձեւ չի եղել։

– Իսկ միջամտություն կուսակցությունների՞ կողմից։

– Կուսակցությունները չեն կարող միջամտել, նրանք կարող են իրենց կարծիքն արտահայտել եւ կարող են ոչ միայն մեղմ ձեւով արտահայտել, այլեւ՝ բղավել-կանչելով, կամ «միկրոֆոնով»։ Դա այսօրվա ժողովրդավարության երեւույթն է։

– Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ վերջին պահին, ինչ-ինչ հանգամանքների ստիպմամբ կաթողիկոսական ընտրությունները հետաձգվեն։

– Աստված մի արասցե, եթե ջրհեղեղ լինի, եթե համաճարակ լինի։ Ոչ ոք չի կարող տվյալ պահին մյուս պահի համար բացարձակ ճշմարտություն կամ իրականություն ասել։

– Աշխարհիկ ընտրությունների ժամանակ իշխանություն ունեցող թեկնածուները (ասենք՝ գործող նախագահը՝ նախագահական ընտրությունների ժամանակ, քաղաքապետը՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ եւ այլն) հիմնականում հօգուտ իրենց են աշխատեցնում ունեցած հնարավորությունները։ Հոգեւոր ընտրություններում այսպիսի վտանգ չկա՞: Նկատի ունեմ կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հնարավորությունները։

– Նախ ասեմ, որ ձեր համեմատությունը անթացուպի կարիք ունի, որովհետեւ այդ ընտրությունները շատ տարբեր են ոչ թե աշխարհիկ կամ հոգեւոր լինելու տարբերությամբ, այլ իրենց կանոնակարգով եւ ձեւով։ Որովհետեւ որեւէ բան գործածելու համար կանոնակարգով պետք է այդ տեղը ունենալ, բայց եթե այդ տեղը չկա, ուր կարող ես գործածել, ուրեմն չի գործածվում։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031