Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 21,1999 00:00
karen demirchyan

Հոկտեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ ԱԺ պատվիրակության Մոսկվա կատարած այցի պաշտոնական մասը։ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս իրադարձությունը հանգուցալուծման հասավ Պետդումայի «Գերբովի զալ» կոչվող մամուլի սրահում՝ մեր ԱԺ նախագահի եւ Գենադի Սելեզնյովի համատեղ մամլո ասուլիսով։

-Սա շատ հաջող այցելություն էր,- այսպես սկսեց Պետդումայի խոսնակն իր ամփոփիչ խոսքը, իսկ մի փոքր ավելի ուշ էլ արձանագրեց, որ Ռուսաստանի մայրաքաղաք այցելող ոչ բոլոր խորհրդարանական պատվիրակություններին է այսպես արդյունավետ աշխատելու հնարավորություն տրվում։ Գենադի Սելեզնյովն անդրադարձավ նաեւ, որ, ըստ էության, եւ Ռուսաստանը, եւ Հայաստանը կանգնած են ընդհանուր խնդիրների առջեւ, որոնք եւ ավելի հեշտ կլինի լուծել միասնաբար։

Կարեն Դեմիրճյանն էլ նկատեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ճիշտ ուղղությամբ եւ դինամիկ ընթացքով են զարգանում։ «Սկզբունքային որեւէ խնդրի շուրջ մենք չունենք տարաձայնություն»,- հայտարարեց ԱԺ նախագահը, իսկ հետո էլ անդրադարձավ, որ առաջնային խնդիրներից մեկն էլ հայ-ռուսական հարաբերությունների իրավական օրենսդրական հիմքն ապահովելն է, որպեսզի որեւէ ոլորտում, եւ առաջին հերթին՝ ֆինանսների եւ կապիտալի տեղաշարժի առումով չառաջանան դժվարություններ։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Կարեն Դեմիրճյանը Ռուսաստան-Բելառուս դաշինքի հետ Հայաստանի ինտեգրման վերաբերյալ, ԱԺ նախագահն ասաց, որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացի դրական է վերաբերվում։ Եվ եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների որակի կապեր Բելառուսի հետ էլ մշակվեն ու, եթե ժողովրդի կամքը լինի եւ ի հայտ գան գործընթացի օգտակարության ազդակները, ինտեգրացիոն պրոցեսները կարելի է ավելի խորությամբ իրականացնել։

Ասուլիսի ընթացքում խոսք եղավ նաեւ Մոսկվայում կառուցվող հայկական կոնյակի գործարանի մասին։ Կարեն Դեմիրճյանն ասաց, որ եթե ռուսազգի Շուստովը Հայաստանում կոնյակ է ստեղծել, ապա հայերն էլ կարող են իրենց կողմից կոնյակի մի գործարան Մոսկվայում ունենալ։

Արձանագրվեց նաեւ այն իրողությունը, որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի պառլամենտում չկա վավերացվելիք այնպիսի պայմանագիր, որը ստորագրվել է Ռուսաստանի հետ։ Այս ոլորտում եւս ամեն ինչ հարթ է։ Գենադի Սելեզնյովն էլ վստահությամբ անդրադարձավ, որ Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները որեւէ կերպ չեն ազդի հայ-ռուսական, ըստ էության, բարեկամական բովանդակությամբ հարաբերությունների վրա, սակայն, իհարկե, չես էլ բացառի, որ դրանք նաեւ հակառակորդներ ունեն։

«Իռնա» գործակալության թղթակցի խնդրանքով անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին, Կարեն Դեմիրճյանն ասաց, որ Իրանի հետ առանձնահատուկ են հարաբերությունները, որոնք համապատասխանում են մեր դարավոր հարեւանությանը։

Պետդումայից Կարեն Դեմիրճյանը այցելեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, դեսպան Սուրեն Սահակյանի ուղեկցությամբ շրջեց շենքում, դիտեց պատերը զարդարող նկարչուհի Ասլամազյանի եւ այլոց նկարները։

Հենց դեսպանատանն էլ ԱԺ նախագահն ընդունեց Ռուսաստանի Դաշնության գեներալ-գնդապետ Անատոլի Սիտնովին։ Մոսկվա կատարած պաշտոնական այցն այսպիսով ավարտված է։

Հոկտեմբերի 21-ին ԱԺ պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031