Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզեցված կարգով

Հոկտեմբեր 20,1999 00:00
tuxt

Արժանին հատուցենք Զորի Բալայանին։ Եթե նա չլիներ, դժվար թե որեւէ մեկը նկատեր հանրապետությունից արտագաղթի մասշտաբները։ Չնայած այսօր այնքան էլ մութ եւ ցուրտ չէ, իշխանությունները ազգային են՝ ոչինչ չեն լափում եւ ոչ մեկի արյունը չեն ծծում, միեւնույն է, մեր քաղաքացիները գնում են՝ ուր աչքները կտրի։

Իհարկե, յուրաքանչյուր մեկնող իր առանձին պատճառն ունի, բայց, ըստ էության, պատճառը մեկն է։ Մարդիկ հեռանում են, քանի որ չեն կարողանում կայանալ որպես մասնագետ, որպես մարդ եւ նույնիսկ որպես հայ։ Վերջերս անցկացված Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովից բխող եզրակացություններից մեկն այն էր, որ հայը Սփյուռքից ավելի հեշտ է սիրում հայրենիքը, քան՝ ՀՀ քաղաքացին։ Թեկուզ այն պատճառով, որ սփյուռքահայը դա անում է հեռվից։

Այս համայնապատկերին երկքաղաքացիության մասին խոսակցությունները անհեթեթ են թվում։ Ընդունելի մեխանիզմների մշակման դեպքում ոչ ոք չի հակառակվի, որ մեր պետության քաղաքացիության քանակն աճի երկու կամ երեք անգամ։ Մենք չինացի չենք եւ Հայաստանի գերբնակեցման խնդիր չենք ունենա։ Մանավանդ՝ մեր Սահմանադրությունը հռչակում է, որ «Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով»։ Բայց նույնիսկ Ադրբեջանից բռնագաղթածները, որ ազգությամբ հայ են, գերադասում են Հայաստանում մնալ փախստականի կարգավիճակով, քան «պարզեցված կարգով» ձեռք բերել քաղաքացիություն։

Սա այն դեպքում, երբ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցողը ընտրական իրավունք չունի (բացի տեղական ընտրություններից), չի կարող ընդգրկվել որեւէ կուսակցության մեջ, չի ընտրվում կամ նշանակվում որեւէ պաշտոնի։ Միեւնույն է, նրանք չեն ցանկանում քաղաքացիություն ընդունել։ Ստացվում է, որ նույնիսկ աղքատ Հայաստանում ավելի ձեռնտու է լինել փախստականի կարգավիճակում, քան՝ քաղաքացու։ Հակառակ դեպքում, փախստականները վաղուց օգտված կլինեին հենց նույն «պարզեցված կարգից»։ Լավ է, իհարկե, որ նախագահ Քոչարյանը նրանց հնարավորություն տվեց մասնակցելու տեղական ընտրություններին։ Բայց, որքան մեզ հայտնի է, փախստականներից ոչ մեկը ցույցեր չէր անում եւ ինքնահրկիզմամբ չէր սպառնում, եթե նրան այդ իրավունքից զրկեին։ Ասվածից ենթադրություններ չենք անի։ Բոլոր ենթադրությունները վաղուց արդեն հայտնի են։ Դա փաստերի պարզ շարադրանք է՝ փաստեր, որոնց, ի վերջո, պետք է սովորենք շիտակ նայել եւ ոչ թե ձեւ թափենք, թե դրանք չկան։

Գ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031