Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՀԸ ՄԵԿՆ Է, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ՝ ԲԱԶՈՒՄ

Հոկտեմբեր 20,1999 00:00
aram a

Համահայկական առաջին խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Մեծի տանն Կիլիկիո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հռետորական բարձր արվեստով փայլող ելույթ ունեցավ եւ, ի թիվս այլ մտքերի, ասաց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է հայաստանցի լինի, եւ որ ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը դնել։

Տասը օրից պակաս է մնացել մինչ Եկեղեցական ժողովը։ Կրքերն առավել շիկանում են եւ հոգեւոր հովվի ընտրությունների նախապատրաստական ընթացքը չի ուզում հետ մնալ ընտրության այլ տեսակների վատ ավանդույթից։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ։ ՀՅԴ-ն առաջարկում է որոշ ժամանակով հետաձգել ընտրությունները, ինչպես նաեւ չի թաքցնում իր առաջարկը՝ Արամ Ա-ի թեկնածության առաջադրումը եւ ընտրությունը կլինի այս պահի ամենաճիշտ ընտրությունը։ ՀՅԴ այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք մի քանի կուսակցությունների առաջնորդների։ Մինչ այդ, ՀՅԴ հայաստանյան գրասենյակում փորձեցինք պարզել կուսակցության նման դիրքորոշման նպատակը։ «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված կուսակցության այսպիսի դիրքորոշումը, քանի որ նախապես տպավորություն կար, թե կուսակցությունը չի միջամտելու, ավելին՝ հակված է հօգուտ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին Ներսիսյանի, ՀՅԴ հայաստանյան ԳՄ անդամ, մամուլի պատասխանատու Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Գարեգին սրբազանին, ինչպես նաեւ որեւէ այլ թեկնածուի պաշտպանելու մասին առայժմ խոսք չի եղել, այդ պատճառով, կարծում եմ, ընդհանրապես հիմք չուներ նման կարծիքի ձեւավորվելը, որ դաշնակցությունը պատրաստվում էր պաշտպանել Գարեգին սրբազանի թեկնածությունը։ Սակայն, երեկվա հայտարարության հետ կապված մեկ անգամ եւս ցանկանում եմ մատնանշել, որ հայտարարությունը որեւէ մեկ թեկնածուի դեմ ուղղված չէր, այլ ուղղակի հետապնդում էր թնջուկը լուծելու, Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրելու համազգային եւ եկեղեցական միասնություն ապահովելու նպատակ»։

Ի դեպ, Հրանտ Մարգարյանի հայտարարությունը ՀՅԴ հայաստանյան թեւի դիրքորոշումն է, ինչի մասին երեկ հայտարարեց ՀՀ վարչապետի դաշնակցական խորհրդական Լեւոն Մկրտչյանը։ Հնարավոր է՝ Անթիլիասի տեսակետը եւս կփոփոխվի։

Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)- «Ես չեմ կարծում, որ իմաստ ունի, որ իշխանական շրջանակները կամ կուսակցությունները միջամտեն Վեհափառի ընտրությանը։ Իհարկե, ամեն մեկն իր կարծիքը կունենա, բայց այդ կարծիքը փաթաթել եկեղեցու վզին, ինձ թվում է՝ սխալ է։ Մի ուրիշ բան էլ կա. ոչ միայն Հայաստանն է անկախություն ստացել, այլեւ անկախացել է հայ եկեղեցին, եւ թույլ տանք, որ ինքն այդ անկախությունը ճիշտ օգտագործի, եւ Վեհափառի ընտրությունը չդառնա մեր թաղապետերի, ազգային ժողովի կամ նախագահական ընտրությունների նման մի ընտրություն»։

Այն հարցին, թե կաթողիկոսի ո՞ր թեկնածուին է անձամբ համակրում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես մի քանիսին գտնում եմ, որ հարմար կլիներ, եթե իրենք լինեին Վեհափառ, բայց ես դրա մասին երբեք չեմ խոսի»։

Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում ԻՄ-ը ՀՅԴ վերջին հայտարարությանը՝ կաթողիկոսական ընտրությունների հետաձգման եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա-ի՝ թեկնածության առաջադրման վերաբերյալ, Ներսես Զեյնալվանդյանը պատասխանեց, որ իրենց պատասխանն ամբողջությամբ արտահայտված կլինի իրենց հայտարարության մեջ, որը երեկ պետք է ուղարկվեր կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. «Մենք որեւէ թեկնածուի կողմ եւ դեմ չենք, պարզապես գտնում ենք, որ այս ընտրությունների շուրջ ստեղծված մթնոլորտը կարող է ազդել ոչ միայն կաթողիկոսական ընտրությունների վրա, այլեւ ապագա կաթողիկոսի վարկի վրա՝ ընդհանրապես»։

Ռուբեն Միրզախանյան (ՀՌԱԿ ատենապետ)- «Չեմ ուզում մեկնաբանել այլ ավանդական կուսակցության հայտարարության բովանդակությունը գնահատականների տեսակետից։ Մենք արդեն նշել ենք, որ քաղաքական մարմնի կողմից որեւէ թեկնածուի նկատմամբ հստակ դիրքորոշումը գտնում ենք ոչ ճիշտ։ Որպես անհատներ մենք կարող ենք ունենալ մեր տեսակետն ու դիրքորոշումը։ Որպես անհատ, որպես նախկին եւ ներկա եկեղեցական ժողովի պատգամավոր պետք է հետեւյալ տեսակետն արտահայտեմ։ Ենթադրել, որ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրելով Կիլիկիո կաթողիկոսին, տեղի կունենա երկու աթոռների միացում, ճիշտ չէ, եւ այդ մասին արդեն վկայում են նախորդ ընտրության փաստը եւ դրան հաջորդող իրադարձությունները։ Եթե խոսում ենք ցանկացած թեկնածուի այլ արժանիքների մասին, անշուշտ դա առանձին խնդիր է։ Ես նաեւ չեմ կիսում այն տեսակետը, որ առկա է լարում, որովհետեւ ակնհայտ են պատճառները. մի խումբ հասակակից արքեպիսկոպոսներ չեն ուզում տեսնել, որ նրանցից որեւէ մեկը դառնում է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Պարզ է, որ հոգեւորականները իրենց գործունեության ընթացքում իրենց պարտադրել են բավականին լուրջ գործունեություն եւ որպես դրա գագաթ դիտարկում են աթոռը, իսկ աթոռը մեկն է»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031