Պետական եկամուտների փոխնախարար պարոն Ալավերդյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հրավիրել էր նախարարություն։ Լրատվամիջոցներին հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելու պատրաստակամությամբ փոխնախարարը սկսեց զրույցը։ Նա կոնկրետ հայտարարություն ուներ անելու, բայց ասաց, թե «մտահոգություն կա, որ լրատվամիջոցները կադրային փոփոխությունների, կադրային հարցում առկա իրավիճակի հետ գուցե լրացուցիչ տեղեկատվության կարիք ունեն»։
Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք նախարարության շուրջ ծագած աղմուկը հետեւանք չէ այն լուրերի, որ շուտով Սմբատ Այվազյանը տեղափոխվելու է այլ աշխատանքի, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, քանի որ «Առավոտն» է այս հարցը տալիս, ասեմ, որ ձեր թերթից եմ այդ մասին լսել, ես չեմ կարծում, որ նա հեռանալու է, ինքը շատ խնդիրներ ունի այստեղ լուծելու, բյուջեի հետ կապված բավական անելիքներ ունի։ Ես բացառում եմ այդ տարբերակը գոնե այս պահին, պարզապես, իսկապես դժգոհող մարդիկ, որոնք մեկը չեն, երկուսը չեն, ովքեր որ աշխատանք չեն ստացել, իմ կարծիքով, բնական հետաքրքրություն եւ ակտիվություն են հանդես բերում։ Բնական է, մարդիկ աշխատանքից զրկվում են, ընդ որում՝ բարձր վարձատրվող աշխատանքից։ Բնական է, որ ինքը պետք է պայքարի եւ այդ տեղեկատվությունը, պատերի տակի, ներսի խոսակցությունները հիմնականում այն աշխատողներից են, ովքեր իսկապես իրենց «դժբախտության» մեջ մեղավոր են տեսնում նախարարին»։
Պարոն Ալավերդյանը մի շարք բացատրություններ տվեց նաեւ աշխատանքից ազատվածների մասին, ասելով, որ երկու կառույցների միացումով անխուսափելի էին կադրերի կրճատումները։ Բոլոր աշխատողներն այդ մասին իմացել են վաղօրոք, նույնիսկ համապատասխան փաստաթուղթ են ստորագրել։
Մ. Ե.