«Հայաստանի ԱԺ նախագահն իր խոսքում նույնիսկ նկատեց, որ մեր զրույցն ավելի շատ վարչապետների զրույց էր հիշեցնում, քան Ազգային ժողովի խոսնակի ու պրեմիեր-մինիստրի»,- այսպես ասաց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո, երբ Կարեն Դեմիրճյանի ընկերակցությամբ պատասխանում էր լրագրողների հարցերին։
Դա, պրն Պուտինի խոսքերով, տնտեսական գործիչների խոսակցություն էր, որի շրջանակում էլ արծարծվեցին բազմաթիվ հարցեր։
Կարելի էր ենթադրել, թե ինչ խոսակցություն է ծավալվել Կարեն Դեմիրճյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Մինչ այդ հանդիպումը ԱԺ նախագահն արդեն զրուցել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Եգոր Ստրոեւի եւ ատոմային էներգիայի նախարար Ե. Ադամովի հետ։ Եթե ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակին խնդրանք ուղղվեց գործնականորեն ազդել, որպեսզի Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններն ակտիվանան, ապա նախարարի հետ հարցերը կոնկրետացվեցին. հատկացնել անհրաժեշտ քանակի վառելիք, որպեսզի հայկական ատոմակայանի գործարկման հարցում չառաջանան խափանումների հեռանկարներ, եւ հնարավորինս աջակցել, որպեսզի հայկական ատոմակայանի ռեակտորը նույնպես գործարկվի։ Կա շուկա, եւ բոլոր հնարավորություններն առկա են արտադրվելիք էլեկտրաէներգիայի չափաքանակներն արտահանելու Իրան եւ Թուրքիա։ Վաճառքից առաջացած միջոցները, ինչպես նշեց պրն Դեմիրճյանը, հնարավորություն կտան փակել այս բնագավառում Ռուսաստանի նկատմամբ առաջացած պարտքերը։
Բոլոր դեպքերում հարցերը վերջնական լուծում կարող են ստանալ նոյեմբերի վերջին Երեւանում տեղի ունենալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում, սակայն արդեն որոշակի լուծումներ նշմարվում են։ Եթե ատոմակայանի ռեակտորը վերագործարկելու համար պրն Ադամովն առաջարկեց բազմագործոն վերլուծություն կատարել, թե որքան ծախս է հարկավոր վերագործարկման համար, որը կապահովի ատոմակայանի անվտանգության անհրաժեշտ մակարդակ, ապա վառելիքի տրամադրման հարցում բովանդակային առումով բոլոր խնդիրները, կարծես թե լուծված են։ Մնում են տեխնիկական հարցերը։ Ինչ վերաբերում է Եգոր Ստրոեւի հետ հանդիպմանը, ապա այստեղ ընթացքներն ավելի համերաշխ ու ջերմ էին։ Դաշնային խորհրդի նախագահը Կարեն Դեմիրճյանին դիմավորեց «թանկագին բարեկամս» խոսքերով։
Կարդացեք նաև
ԱԺ նախագահը նրա հետ պայմանավորվածություններ ձեռք բերեց մեր խորհրդարանին Դաշնային խորհրդի վերլուծական կենտրոնում պատրաստվող նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Եգոր Ստորեւը հավատաց, որ դա կարող է նպաստել ռուսաց լեզվի զարգացմանը Հայաստանում։
Այս վերջին հանդիպմանը ներկա էր նաեւ Ռոստովի մարզի օրենսդիր մարմնի ղեկավարը, որը խոսեց Ռոստովի մարզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտության մասին։ Ասվեց նաեւ, որ Ռոստովի մարզը պատրաստ է Հայաստանին հացահատիկ եւ կոմբայններ տրամադրել, ինչպես նաեւ՝ ընդունել հայ գործարարների պատվիրակություն՝ տեղում համագործակցության եզրերը պարզելու համար։
Հոկտեմբերի 19-ին, քաղաքական օրվա ավարտին, ԱԺ պատվիրակությանը հյուրընկալեց նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, որի հետ եւս արծարծվեցին համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ
«Ազատություն» ռ/կ, Մոսկվա