Առանց լուրջ արգելքների Երեւանի բժշկական համալսարան ընդունվելու լավագույն ճանապարհը կից քոլեջի առաջին կուրսից բուհ տեղափոխվելու հնարավորությունն է։ Ըստ «Առավոտի» տեղեկության, այդ մատչելի սողանցքից լիառատ օգտվել են իրենց զավակներին կամ բարեկամներին բարձրագույն կրթություն տալ ցանկացող բազմաթիվ բարձրաստիճան այրեր։ Նրանց հնարավորինս տհաճ պատմություններից զերծ պահելու ազնիվ ցանկությամբ պատկան ատյանները խուսափում են պարզաբանումներ տալ՝ չնայած, ըստ մեր լուրերի. այս առնչությամբ մի քանի ստուգումներ են եղել։
Մանրամասները՝ էջ 5։
ԵՎՍ ՄԻ ՎԱՐԱԿԻՉ ՕՐԻՆԱԿ
Կարդացեք նաև
Վանաձորից մեզ տեղեկացրին, որ քաղաքի թերթի կրպակներից մարզպետ Հենրիկ Քոչինյանի հրահանգով այդ քաղաքում հավաքվել եւ այրվել է «Առավոտի» երեկվա համարի գրեթե ողջ տպաքանակը։ Այսպիսի քայլի առիթ է հանդիսացել թերթում տպագրված «Քոչինյանի օրինակը վարակիչ է» հոդվածը, որը պատմում էր, թե ինչպիսի տիտանական ջանքեր է գործադրում մարզպետը՝ իր հովանավորյալ Սամվել Դարբինյանին քաղաքապետ դարձնելու համար։ Ցավոք, այդ մասին վանաձորցիները կարդում են հազիվ փրկված օրինակներ իրար փոխանցելով, կամ՝ պատճենահանելով։
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ
Ստեփանակերտում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հայտնել է, թե սեպտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվել Մարտակերտի շրջվարչակազմի նախկին ղեկավար Սեւակ Արծրունու դեմ։ Նշենք, որ նա «Դրո» գործով դատապարտյալ Արսեն Արծրունու եղբայրն է։ Նրան ներկայացված է առանձնապես խոշոր չափերի հասնող պետական միջոցներ յուրացնելու մեղադրանք։ (Սեւակ Արծրունին 1998-ի տարեվերջին վարչակազմի բյուջեում առկա 16 մլն դրամ գումարը փոխանցել է «Մենուա» անհատական ձեռնարկության ընթացիկ հաշվին, որի հիմնադրման հովանավորը դարձյալ ինքն է)։ Սեւակ Արծրունին այժմ ԼՂՀ-ում չէ եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։
ԱԶԵՐԻ ՊԼԱԶԱ
«Անի պլազա» հոթելի նոր կառավարիչ պրն Ռիկոն՝ ազգությամբ գերմանացի, որպես շեֆ ադմինիստրատոր աշխատանքի է ընդունել ազգությամբ ազերի իր մտերմուհուն՝ Սամիրա Բաբաեւային։