Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ժանգոտվող մեքենա, մի քանի տուն, ամառանոց «գցեց ձորը»

Հոկտեմբեր 19,1999 00:00
KYH

ԿԸՀ-ն չգրանցեց լիբերալ-դեմոկրատ Ժիրինովսկու ներկայացրած ցուցակը՝ բլոկով։ Հանձնաժողովը համարձակություն ունեցավ հայտնաբերել ու հայտարարել, որ ցուցակում քրեական տարրեր կան։ԿԸՀ-ի այս վճռից Վլադիմիր Վոլֆովիչը իրեն հատուկ արագաշարժ տաքարյունությամբ նոր բլոկ կազմեց ու հայտարարեց. «Եթե ուզում են ունենալ աղքատ բերանբացների խորհրդարան, ապա կունենան։ Եթե ուզում են, որ խորհրդարանում լինեն այնպիսի մարդիկ, որ իրենց կոստյումի փողն էլ չեն կարող աշխատել, եւ միայն ամբողջ կոկորդով կգոռան խորհրդարանում, կունենան այդպիսի բլոկ»։ Մինչ Ժիրինովսկին հավաքում է իր այսպիսի բլոկը, Հայաստանում նախապատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ինչպես եւ կարգն է, մերոնք եւս ԵրՄԸՀ են ներկայացրել իրենց եկամուտների հայտարարագիրը (վերջին մեկ տարում), ինչպես նաեւ՝ շարժական եւ անշարժ ունեցվածքը։ Թաղապետերի եւ քաղաքապետերի թեկնածուների մեջ առայժմ հայկական դիմագծերով ժիրինովսկիներ չեն հայտնաբերվել, բայց չկան նաեւ այնպիսիք, ովքեր «չեն կարող իրենց կոստյումի փողն աշխատել»։

Մերոնք այդքան աշխատելու շնորհքից բացի, դեռ մի բան էլ ավելին ունեն՝ մի քանի բնակարան, ինչպես օրինակ՝ Կենտրոն համայնքում առաջադրված Արայիկ Հայրապետյանը (8 բնակարան եւ կառույց), Էրեբունի համայնքում առաջադրված Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), որի ներկայացրած հայտարարագրում ընդամենը 2 բնակարան է նշված։ Արաբկիր համայնքում առաջադրված Մաթեւոս Գեւորգյանը («Բուդկչի Մաթոս») երկու ՍՊԸ ունի, 2 բնակարան, այսքանը՝ ցուցակում նշվածներն են։ Նույն համայնքում առաջադրված Ֆելիքս Յայլոյանը, որի մասին, ի դեպ, խոսվում է, թե «անպայման դառնալու է» թաղապետ, իր հայտարարագրում նշել է, թե միայն մեկ սեփական տուն ունի Քասախ գյուղում եւ ընդամենը 2 ավտոմեքենա։ Նուբարաշենում առաջադրված թեկնածուներից Ռուբեն Ասատրյանը ազնվորեն խոստովանել է, որ 2 տուն ունի («բնակարան» եւ «սեփական տուն» տարբերակմամբ), երեք ավտոմեքենա։

Երեւան քաղաքում առաջադրված թաղապետի թեկնածուների ունեցվածքի մասին այսքանը հայտարարագրված տեղեկություն են։ Պարզապես Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը երեւի մտքին չի դրել հայտնաբերել թեկնածուներից որեւէ մեկի «պրիմակովյան ժանգոտ ժիգուլին» կամ մի այլ թաղված հարստություն։ Երեւանի պատերն արդեն սկսել են կապտել եւ կանաչել թաղապետի թեկնածուների գովազդային լուսանկարներից։ Եվ որքան էլ տարօրինակ է, Ընտրական օրենսգիրքը թաղապետի թեկնածուների նախընտրական գովազդի համար ծախսվելիք գումարի սահմանափակում չի նշում։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031