Այս ամսվա սկզբից բյուջետային աշխատողներին սկսեցին բաժանել աշխատավարձերը, որոնք չէին տալիս մի քանի ամիս: Ցավոք, այդ գումարները մենք չենք աշխատել, դրանք մեզ տվել են պարտքով /որպես վարկ/ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը: Փոխարենը, փաստորեն, պահանջելով՝ խստացնել դրամահավաքը, մտցնել ծխախոտի ու բենզինի «ակցիզը» եւ կրճատել բյուջեի ծախսերը: Մարդիկ ստացան իրենց աշխատավարձը /որից, միեւնույն է, դժգոհ են/, սակայն վայրագ հարկահանության հետեւանքով ձեռներեցությունը եւ, հետեւաբար, տնտեսությունն ամբողջապես տուժեցին:
Չնայած վարչապետ Վազգեն Սարգսյանի բառապաշարը, ճառերը եւ արտաքին տեսքը բավականաչափ ֆիդայական են, իսկ խրոխտ հայացքը երկաթյա կամք է արտահայտում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում, նա, ըստ էության, նույն կեցվածքն է ընդունել, որն ունեին, ասենք, Հրանտ Բագրատյանը կամ Արմեն Դարբինյանը: Կատարելով ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի վճռական պահանջը, նա օգոստոսին հավաքեց ԱԺ-ի արտահերթ նիստ, եւ ֆիդայառայկոմական խորհրդարանը, որը գառան «իքիբիրի» վերաբերյալ ավելի սպառիչ տեղեկություններ ունի, քան ազատական տնտեսության մասին, միահամուռ կրճատեց բյուջեի ծախսերը: Առաջին հերթին հենց այդ որոշումը հաշվի առնելով, արեւմտյան վարկատուները մեր կառավարությանը փող տվեցին, կառավարությունն էլ բյուջետայիններին աշխատավարձ բաժանեց:
Փակ շրջան է ստացվում: Առանց վարկերի ապրել չես կարող, իսկ վարկեր ստանալու գինը տնտեսության լճացումն է: Այդպիսին է, հավանաբար, մեր ճակատագիրը. մի տեղ որեւէ բան լավացնելու համար մենք ստիպված ենք մեկ ուրիշ տեղ ինչ-որ բան վատացնել:
Ա. Ա.