Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Հոկտեմբեր 19,1999 00:00
karen demirchyan

Հոկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք ժամանեց խորհրդարանական պատվիրակությունը:

Նրա կազմում ընդգրկված են պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, «Միասնություն» դաշինքից Էդմունդ Ծատուրյանն ու Հերմինե Նաղդալյանը, Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, Շավարշ Քոչարյանը՝ ԱԺՄ, Արտաշես Գեղամյանը՝ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցություններից, եւ Միքայել Գասպարյանը «Կայունություն» խմբից, ինչպես նաեւ՝ Արթուր Բաղդասարյանը՝ «Օրինաց երկրից», իր աշխատանքների պաշտոնական մասը սկսեց հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ ծաղկեպսակ դնելով Կրեմլի պատի տակ ամփոփված անհայտ զինվորի հուշաքարին։

Դրանից հետո հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Սահակյանը, հյուրընկալվեց Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի կողմից։ Չնայած Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդող ընտրական գործընթացներին, զանգվածային լրատվությունը մեծ հետաքրքրություն դրսեւորեց այցի նկատմամբ։ Բավական է ասել, որ հայաստանյան եւ ռուսաստանյան պատվիրակությունների հանդիպումը նկարահանում էր շուրջ 2 տասնյակ տեսախցիկ։

Ինչեւիցե, անցնենք հանդիպման բովանդակային կողմին։ Բացելով այն, Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովը նկարագրեց Ռուսաստանի առջեւ ծառացած խնդիրները՝ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, Չեչնիա, հերթագայող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոնց հետեւանքով առաջացել է որոշակի լարվածության ֆոն։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք, ինչպես արձանագրեց Գենադի Սելեզնյովը, լիովին բավարարում են իրենց՝ մանավանդ պառլամենտական մակարդակում։ Վերջին ընթացքում էլ կապերի անհետեւողականությունն ու ոչ արդյունավետությունը Պետդումայի խոսնակը բացատրեց ստեղծված իրավիճակով։ Պրն Սելեզնյովը տեսակետ հայտնեց նաեւ, որ չեչենական երկրաշարժի ալիքը կարող է հասնել նաեւ Անդրկովկասի խորքերը։ Այնուհետեւ խոսք առավ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։

Արձանագրելով, որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր խորք ունեն, պառլամենտի նախագահը մի շատ էական գաղափար արծարծեց, որն ընդհանուր ըմբռնման արժանացավ։

Մեր տնտեսական հարաբերությունների մակարդակը պետք է հասցվի քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Մտայնությունն անմիջապես արձագանք գտավ Պետդումայի ներկայացուցիչների եւ մանավանդ խոսնակի կողմից։

Որոշակիորեն անդրադառնալով ներհայկական խնդիրներին, Կարեն Դեմիրճյանը՝ ներկայացնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, արձանագրեց, որ խորհրդարանում ձեւավորվել է միասնաբար աշխատելու պատրաստակամություն, չնայած՝ առկա բանավեճերին ու քննադատությանը։ Ներպառլամենտական զարգացումներն էլ Կարեն Դեմիրճյանը բնորոշեց «դրական սպասումներ» հատկանիշով։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության հարցերին, պրն Դեմիրճյանը վստահություն հայտնեց, որ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակությունը կաջակցի Հայաստանի անդամակցության գործին, ինչի հավաստիացումն անմիջապես ստացավ Պետդումայի խմբակցությունների եւ ներկայացուցիչների կողմից։ Խոսք եղավ նաեւ կոլեկտիվ անվտանգության, միասնական տեղեկատվական դաշտի խնդիրների վերաբերյալ, որոնք, սակայն, չմանրամասնվեցին։

Քաղաքական օրվա երկրորդ մասում ԱԺ պատվիրակությունը հյուընկալվեց Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից։

Նա նույնպես կրկնեց Գենադի Սելեզնյովի ասածը, թե՝ Հայաստանն ու Ռուսաստանը ստրատեգիական դաշնակիցներ են։

Առաջիկա օրերին Կարեն Դեմիրճյանի գլխավորած պատվիրակությունը շարունակելու է աշխատել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Հոկտեմբերի 19-ին նախատեսված է հանդիպում վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ,

«Ազատություն» ռ/կ, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031