Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ պիտի որոշեր «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանի հանդեպ կիրառվող խափանման միջոցը (կալանք, ստորագրություն եւ այլն)։ Մինչ նիստը՝ զրուցեցինք Գագիկ Ներսիսյանի առայժմ միակ փաստաբան Հովհաննես Գալյանի հետ։ Նա դարձյալ շեշտեց, որ «հոդվածը տնտեսական բնույթի է։ Գործի նյութերին ես լրիվ չեմ տիրապետում։ Օրենքով էլ ինձ հասանելի չեն լինելու բոլոր փաստաթղթերը։ Ինձ՝ որպես փաստաբան, ընտրել են պաշտպանյալի հարազատները, Գագիկ Ներսիսյանն էլ համաձայնվել է»։ Պաշտպանը դեռ չի հասցրել պաշտպանյալի հետ «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը» քննարկել։ «Եթե ես համոզվեմ, որ դատարանն արդարացի որոշում չի կայացրել (այսինքն՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը- Լ. Ա.), կբողոքարկեմ վերաքննիչում»։
Դատարան՝ իրենց ընկերոջ վերաբերյալ վճիռը «առաջին ձեռքից» իմանալու էին եկել Գ. Ներսիսյանի ընկերները՝ Պետրոս Մաքեյանի գլխավորությամբ։ Ի դեպ, նրանք նոր էին վերադարձել հիվանդանոցից. «Առողջությունը լավ չէ, ճնշումը 110/190 է։ Բայց Ներսիսյանը նորմալ է տրամադրված»։
Մոտ մեկ ժամ նիստ անելուց հետո դատարանը մտավ խորհրդակցական սենյակ, հայտարարվեց ընդմիջում։ Վճիռը հայտնի կլինի այսօր, ժամը 14-ի մատույցներում։ Հետաքրքիրն այն է, որ «դատարանը խորհրդակցական սենյակ մտավ» ասելով՝ պետք է հասկանալ հետեւյալը. դատավոր Պարգեւ Օհանյանը պետք է միայնակ մտնի խորհրդակցական սենյակ (տվյալ դեպքում՝ իր կաբինետ) եւ խորհրդակցի… ինքն իր հետ։
-Պրն Օհանյան, ինչո՞ւ վճիռը հետաձգեցիք։
Կարդացեք նաև
-Որպեսզի մտածեմ, խորհրդակցեմ։
-Ո՞ւմ հետ։
-Ինքս ինձ հետ։
-Իսկ ինքներդ ձեզ հետ խորհրդակցելով՝ ի՞նչ եզրակացության կգաք՝ կալանե՞լ, թե՞ չկալանել։
-Նախապես ոչինչ ասել չեմ կարող։
-Սակայն օրենքով խորհրդակցական սենյակը լքելը՝ մինչեւ վճիռը, չի թույլատրվում։
-Դե…
-Եթե խափանման միջոցը կալանքն ընտրվի, սակայն ամբաստանյալը ծանր առողջական վիճակ ունենա, օրենքն ի՞նչ է նախատեսում։
-Հիվանդի համար անհրաժեշտ պայմաններ կան ե՛ւ մեկուսարանում, ե՛ւ առանձին հիվանդանոց կա, կենտրոնական հիվանդանոց է կոչվում՝ մեկուսարանում։ Քանի որ նման նախադեպ չի եղել, Ներսիսյանին կալանելու որոշման դեպքում՝ նա առժամանակ կմնա նույն հիվանդանոցում, կստանա անհրաժեշտ բուժման կուրսը, հետո նոր կտեղափոխվի։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ