Անբիծ կենսագրություն եւ բարձր բարոյական որակներ ունեցող այս հայրենասեր պատգամավորը գտավ, վերջապես, շարունակվող արտագաղթի գլխավոր մեղավորին, որն է, նրա կարծիքով, հայաստանյան մամուլը: Ըստ ծաղկասեր բանաստեղծի, ելքը մամուլի հոգեփոխման մեջ է: Ի պատասխան այդ արժեքավոր առաջարկի՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը խոստացավ ուժեղացնել ու խստացնել գաղափարախոսական եւ ուսումնադաստիարակչական աշխատանքները ՀՀ բնակչության շրջանում: Այս գործում, հավանաբար, որպես էտալոն ընդունվելու է պրն Գեւորգյանը: Եվ դա ճիշտ է՝ նման պալատ ունեցողը (տես նկարում) այլեւս ոչ մի հոգեփոխման կարիք չունի:
Նախկին ընդդիմությունը
Հանդիպելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Սադարակում (Նախիջեւան)՝ Հեյդար Ալիեւը նշեց, որ ուրախ է նրան ողջունել «ադրբեջանական հողում», ինչին մեր նախագահը, իմ կարծիքով, ճիշտ, պրագմատիկ կեցվածք ընդունելով, որեւէ ձեւով չարձագանքեց: Բայց պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե նրա տեղը լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քանի՞ տարի դրա մասին կգրեր դաշնակցական մամուլը եւ քանի՞ անգամ կրքոտ հանրահավաքներ կանցկացներ ԱԺՄ-ն: Սաստիկ հոգեփոխման վառ օրինակ:
Կարդացեք նաև
Դավիթաշենի կամուրջը
Այդ կառույցը, որը, խոստացածի պես, կբացվի այս տարվա դեկտեմբերի 28-ին (հավանաբար, դաշնակցության կասեցման 5-րդ տարելիցի կապակցությամբ), շուտով շտապ «հոգենորոգվելու» կարիք է զգալու: Բացվելուց այն կփորձարկվի, որից հետո, ամենայն հավանականությամբ, կփակվի: Նման դեպքեր արդեն եղել են Հայաստանի Երկրորդ հանրապետության պատմության մեջ: Օրինակ՝ 1980 թվականի հոկտեմբերի 29-ին (Հայաստանի խորհրդայնացման 60-րդ տարելիցի առթիվ) բացվեց Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որից հետո փակվեց եւ մի քանի ամիս «հոգենորոգվեց»: Չար լեզուներն ասում են, որ պաշտոնական բացման պահին արձանը գիպսից էր:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ