Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 16,1999 00:00
Smbat Ayvazyan

ՀՀ պետական եկամուտների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախարարության ներսում սկսել են խոսել Սմբատ Այվազյանի առաջիկայում սպասվող հրաժարականի մասին։ Այս խոսակցությունները կապվում են ծխախոտի եւ բենզինի ակցիզային հարկի բարձրացման որոշման հետ, որի հետեւանքներն ամենեւին ոգեւորիչ չեն։ Եթե վերջնականապես պարզվի, որ բյուջեն «լցվելու» փոխարեն միայն կորցրել է, ներկայիս նախարարը, հավանաբար, այլեւս անելիք չի ունենա կառավարությունում։

Ըստ երեւույթին, մոտակա ամիսներին նոր աշխատանք փնտրելու անհրաժեշտության առջեւ կկանգնեն նաեւ արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանը եւ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը։ Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ, կադրային փոփոխությունները կկատարվեն տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե «վստահելի տղերքից» ովքեր են մնացել անգործ, եւ ովքեր պետք է փոխարինեն հեռացող նախարարներին։

ԵՐԿԻՐ «ՆԱԻՐԻՏ»

Nairit

Աստիճանաբար սկսվում է ուրվագծվել, թե վերջնական տեսքով ինչ մեղադրանք է առաջադրվելու «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Գագիկ Ներսիսյանին։ Կառավարամերձ շրջանակներում, երբ խոսք է գնում «Նաիրիտում» բացահայտված յուրացումների մասին, «մեջտեղ է գալիս» 4 միլիոն դոլար թիվը։ Միաժամանակ, ըստ երեւույթին, Գագիկ Ներսիսյանին կմեղադրեն գործարանը չաշխատեցնելու՝ ապաշնորհ տնօրեն լինելու մեջ, որը, ճիշտ է, քրեական մեղադրանք չէ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Նաիրիտը» վերագործարկելու մասին խոսակցություններ են եղել մոտ երեք տարի առաջ, երբ ճապոնական «Սումիտոմո» կորպորացիայի պատվիրակությունը Երեւանում հայտարարեց «Նաիրիտի» հետ կապված իր ծրագրերի մասին։ Աստիճանաբար այս խոսակցությունները դադարեցին, «Նաիրիտը» մնաց զուտ որպես «ժավելի ցեխ», իսկ կաուչուկ արտադրելու հարցը պատմության գիրկն անցավ։ Այն ժամանակ արդեն ոմանք մեղադրեցին Գագիկ Ներսիսյանին՝ ճապոնացիների հետ լեզու չգտնելու, նրանց միտումնավոր խրտնեցնելու մեջ։

Ինչ վերաբերում է «Նաիրիտին», ապա այն, ըստ ամենայնի, կփակվի։ Եթե, իհարկե, առաջիկայում որեւէ հզոր ընկերություն չցանկանա գործարանը ձեռք բերել։ Պատճառն այն է, որ կառավարությունը դժվար թե 2000 թվականի բյուջեում նախատեսի եւս 8 մլն դոլար վճարել չաշխատող «Նաիրիտի» հոսանքի պարտքը մարելու համար։

«Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ կապված հիշատակվում է եւս մի մեղադրանք։ Չճշտված լուրերով, «Նաիրիտում» գործել է «պրոմեդոլ» թմրամիջոցի արտադրություն։ Ժամանակին այս գործի մի ճյուղավորումը բացահայտվել էր, բայց քանի որ այն նաեւ առնչվում էր նախորդ ԱԺ-ի մի պատգամավորուհու ամուսնուն՝ փակվել էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031