Լրահոս
Օրվա լրահոսը

Կամուրջը փորձարկենք, հետո կսարքենք

Հոկտեմբեր 15,1999 00:00
kamurj

Մոտ մեկ ամիս առաջ անդրադառնալով Դավթաշենի կամրջի շինարարությանը, նշել էինք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կատարելու իր նախընտրական խոստումներից մեկը։ ՀՀ կառավարությունը բյուջեի ճեղքվածքը լցնելու համար կրճատումներ կատարեց նաեւ կապիտալ շինարարության համար նախատեսված ծախսերում։

Տուժեց նաեւ Դավթաշենի կամուրջը՝ 500 միլիոն դրամի չափով։ Կամրջի երթեւեկելի մասն այս տարվա դեկտեմբերին պետք է շահագործման հանձնվեր, ինչը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս տարվա սկզբին (մարտին) այցելելով կամրջաշինարարներին, խոստացավ։ Այս նպատակի համար պետպատվերով նախատեսված 1 միլիարդ 900 միլիոնից մեկ ամիս առաջ տրվել էր միայն 657 միլիոնը։ Ակնհայտ է, որ կամուրջը ժամանակին պատրաստ չի լինի։ Սակայն վերջերս «Նոյյան տապան» գործակալության միջոցով տարածվեց մի լուր, ըստ որի. Դավթաշենի կամրջի Վաղարշյան-Հալաբյան հատվածը «կփորձարկվի դեկտեմբերի 28-ին»։ «Կամրջի փորձարկում» արտահայտության ստուգաբանությունը խնդրեցինք մեկնաբանել ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանին, որը ոչ հեռավոր անցյալում քաղաքաշինության նախարար էր։

Նախ մեր հարցը պարոն Փիրումյանին «կոմպրոմատային» թվաց։ Նախագահի խորհրդականի պատասխանի մասին մենք եւս կարծիք ունենք, բայց որոշեցինք չհրապարակել այն եւ սահմանափակվեցինք միայն պատասխանը հրապարակելով. «Այո, նախագահն ասաց, որ այս տարի դեկտեմբերին ամեն ինչ պետք է անենք, որպեսզի բացենք Դավթաշենի կամրջի երթեւեկությունը, թողարկվող մինիմումն ապահովենք եւ բացենք երթեւեկությունն այն մասով, որը կապահովի անվտանգ երթեւեկությունն այս կամրջով։ Բայց հետո, դուք շատ լավ հիշում եք, որ ստիպված էինք բյուջեի ճեղքվածքի համար 500 միլիոն կրճատել։ Պարզ է, որ մոտ մեկ միլիոն դոլարի աշխատանք չի կատարվի, եւ պարզ է, որ բացումը տեղի չի ունենա։ Մնացած 1 միլիարդ 400 միլիոնի աշխատանքներն ուղղված են առաջին հերթին մեծ կամրջի ավարտմանը, որն ամենակարեւորն է։ Դուք գիտեք, որ կամուրջը մեծ կոմպլեքս է, եւ ամբողջ աշխատանքի ավարտն է կամրջի բացումն ապահովելու։ Այս տարի, իրոք, 1 միլիարդ 400 միլիոնի շրջանակներում շեշտը դրված է կամրջի վրա եւ, իրոք, բուն կամուրջն այս տարի կավարտվի»։ Հենց որ պարոն Փիրումյանը հասավ իր պատասխանի այս հատվածին, պարզապես անհնարին էր նրան չխնդրել, որ. «Ժողովրդին հասկանալի լեզվով ասենք՝ կամուրջը կշահագործվի՞, թե՞ ոչ, քանի որ ձեր ասած 1 միլիարդ 400 միլիոնը եւս չի վճարվել կամրջաշինարարներին եւ սեպտեմբերին բանվորները երեք ամսվա աշխատավարձ չէին ստացել։ Հիմա այդ գումարները վճարվե՞լ են»։

Պրն Փիրումյանն ի պատասխան ասաց. «Շինարարությունը ընթացքի մեջ է, ամեն ամիս կատարողական է ձեւակերպվում, ամեն ամիս վճարվում է։ (…) Այո, դուք ճիշտ եք, այսօր ֆինանսավորումը չի հասցվում այն մակարդակին, ինչպես շինարարությունն է իրականացվում, մենք պետք է ֆիքսենք մի բան, որ կամուրջը բուն, այս տարի կառուցվում է եւ ավարտվում է, ձեր տեղեկությունը ցավոք ճիշտ է, կամուրջն այս տարի չի բացվելու, եւ դա պետք է ասել ազգաբնակչությանը, եւ չի բացվելու ոչ թե այն պատճառով, որ չկարողացանք կառուցել, չհասցրինք կառուցել, այլ շատ պարզ պատճառով, որ մեր բյուջեում առաջացավ ճեղքվածք եւ այդ ճեղքվածքի փակման համար կառավարությունը ստիպված էր գնալ այն քայլին, որ 500 միլիոն դրամի կրճատում կատարեր»։ Դեկտեմբերի 28-ին կամուրջը «կփորձարկվի», հավանաբար, վրայով զորք կանցնի կամ՝ մի քանի մեքենա։ Հետո՝ կամուրջը կփակվի, եւ ամեն ինչ կսկսվի նորից։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031