Խմբագրություն զանգահարեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը եւ հայտնեց բառացիորեն հետեւյալը. «Աշոտ Աղաբաբյանը օգնության կարիք չունի։ Աջափնյակի համայնքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ արդեն մի քանի անգամ մամուլով հանդես եմ եկել եւ նորից պիտի կրկնեմ՝ այդ առիթով մեղավորներին այլոց մեջ փնտրեք։ Մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում մեղավոր լինել։ Կարծես ինձ համար պարզ է դառնում «Առավոտի» մեթոդը՝ անդրադառնալը միեւնույն խնդրին, ըստ երեույթին, բանուգործի խնդիր է։ Աշոտ Աղաբաբյանի կյանքն ու գործունեությունը ինքնին արժեքավորված է եւ պիտի անչափ լինել, որ այդ մեծ չափի մեջ տեղավորվել»։ Այս ամենը՝ ի պատասխան մեր հակիրճ լրատվության՝ այն մասին, թե Աշոտ Աղաբաբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Ինչ մնում է մեղավորներին փնտրելուն, ապա իսկապես հակված չենք առանձնացնել հենց Բուռնաշի ավազակախումբը։ Աջափնյակի ընտրություններում նրա մրցակցի աջակիցները ոչ մի բանով շահեկանորեն չեն տարբերվում «բուռնաշներից»։ Պարզապես Պարույր Կարապետյանի խմբին, ինչպես նաեւ ԱԺ ընտրություններում մեծամասնականով պատգամավոր դարձած գրեթե բոլոր «ջոկատներին» տարիներ շարունակ հովանավորում էր (եւ է) իշխանությունը։ Իսկ «բուռնաշներին» ինչ-ինչ պատճառներով վերջին շրջանում չէր հովանավորում։ Այդ պատճառով էլ տուժեցին միայն նրանք։
Ա․Ա․
ԱԶԳԱՅԻՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կարդացեք նաև
Ընտանեկան նպաստ կոչվող երեւույթը ներդրվեց թե չէ, մարդիկ սկսեցին տրտնջալ, թե այդքան գումարը, մի քիչ-մի քիչ բաժանելու փոխարեն, կարող էին օգտագործել թեկուզ մի քանի աշխատատեղ բացելու համար։ Ամենայն վստահությամբ հայտարարում ենք, որ ամենից բարձր ոչ թե տրտնջում, այլ բողոքում էին լրագրողները՝ պատճառաբանելով, թե ձուկ տալու փոխարեն, անոթի մարդուն ձուկ որսալ պետք է սովորեցնել։ Սոցիալական ապահովության համակարգի պատասխանատուները շտապեցին արժանի հակահարված տալ լավատեղյակությամբ առանձնապես չփայլող լրագրողներին։ Երբ այս հակամարտությունը շատ երկարեց, լրագրողներն ու մեր ժողովրդի մյուս՝ դարձյալ ոչ լավատեղյակ, հատվածն անիմաստ համարեց «թենիս խաղալ պատի հետ»։ Ու լռեց։ Կամ էլ համոզվեց (համոզեցին) սեփական թյուր իմացության մեջ։ Ու լռեց։
Իսկ երկու օր առաջ մեր կառավարությունը, ինչպես կարտահայտվեր մի ծաղկավաճառ, ներեցեք, պատգամավոր, «հոգենորոգության» նշաններ ցույց տվեց։ ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ 2000 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ցանկություն կա կրճատելու «նպաստների չափը»։ Փաստարկները չենք կրկնում. կարող եք կարդալ ընտանեկան նպաստների մասին «Առավոտի» բոլոր հրապարակումները։
ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐԸ ՔՆՆՎՈ՞ՒՄ ԵՆ
«Առավոտը» պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ուղղեց հետեւյալ հարցը. հանրահայտ է զինծառայությունից ընդհանրապես ազատվելու, Երեւանում կամ հենց նախարարությունում ծառայությունն անցնելու եւ այլնի գնացուցակը։ Ձեր կարծիքով, մինչեւ ո՞ր մակարդակն են հասնում այդ միջոցով ստացված գումարները։ «Ինձ հասնում են այդպիսի լուրեր,- պատասխանեց պրն Հարությունյանը,- Մենք զբաղվում ենք այդ հարցով։ Ժամանակը կգա՝ կլսեք։ Հասկանո՞ւմ եք, լուրջ հարց է՝ առայժմ չեմ կարող ասել, թե մինչեւ ուր է հասնում։ Սա քրեական գործ է»։
ԵԿԵՂԵՑԻ… ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետի եւ սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախագծի հեղինակի՝ եկեղեցու շինարարությունը մինչեւ 2001 թվականը կավարտվի։ Սակայն այս գործում պետությունն իր մասը չի ունենա, քանի որ կառավարությունը հրաժարվել է եկեղեցու շինարարությանը հատկացնել նախապես խոստացված 2 մլն դրամը։
Սեփ․ լր.
ՊԱՏԺՎԱԾ ՕՐԻՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 5 անդամներ հանդես են եկել վարչապետին ուղղված նամակով, որում իրենց բողոքն են հայտնում այդ հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ Գառնիկ Հովակիմյանին պաշտոնից ազատելու կապակցությամբ։ Նրանց կարծիքով, պրն Հովակիմյանը իր աշխատանքի ընթացքում դրսեւորել էր օրենքի նկատմամբ հարգալից վերաբերմունք եւ քաղաքացիական արիություն։ Հիշեցնենք, որ Գառնիկ Հովակիմյանը, որը կառավարության ներկայացուցիչներից միակն էր, որ դեմ էր Էրեբունու թաղապետ Արարատ Խրիմյանի՝ որպես թաղապետի թեկնածու, գրանցմանը, որի համար էլ, ըստ ամենայնի, հետ կանչվեց հանձնաժողովից։ Բաց նամակը ստորագրել են ՀՅԴ, «Հայրենիք» դաշինքի, ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները։
ՄՆԱՔ ԲԱՐՈՎ, ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
«Հրազդան» մարզադաշտին կից գործող տոնավաճառում սկսել են լուրեր պտտվել, որ շուտով «Հրազդան» մարզադաշտի տնօրինությունից հեռացվելու է Աշոտ Աղաբաբյանը։ Առաջին ծիծեռնակներն արդեն երեւացել են՝ փոխվել է պահակախումբը. նախկին «կրակող» տղաների փոխարեն տոնավաճառում սկսել են ոստիկաններ երեւալ (գուցե, նույնպես «կրակող»)։ Եթե դա այդպես լինի, ապա Հայաստանի վերնախավի մի մասը կարող է զրկվել ֆուտբոլ խաղալուց հետո «Հրազդանի» սաունայում բացառիկ մեծ չափերի խեցգետին ճաշակելուց։ Ասում են, այդ խեցգետինները կարողանում է ճարել միայն Աշոտ Աղաբաբյանը։
ДЕТЯМ-МОРОЖЕНОЕ, БАБЕ-ЦВЕТЫ
Երբ երեկ ԱԺ կոմկուսի խմբակցության ներկայացուցիչ Ֆրունզե Խառատյանը կարծիք հայտնեց, թե առաջարկելու է պատգամավորների թիվը կրճատել 21-ի, որից 5-ը՝ սփյուռքահայ պիտի լինի, «Կայունություն» խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կատակեց. «Իսկականն է, 5 հոգի էլ կանայք, հինգն էլ՝ երեխա»։
Սեփ. լր.