Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ

Հոկտեմբեր 15,1999 00:00
Gagik nersisyan

«Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանը ձերբակալվել է հոկտեմբերի 12-ին, որից շատ կարճ ժամանակ է դեռ անցել։

Այդ պատճառով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում թեեւ հրաժարվում են, լիարժեք տեղեկատվություն չունենալու պատճառով, մեկնաբանություններ անել, բայց եւ այնպես չեն զլանում ներկայացնել իրենց նախնական տեսակետը. «Առայժմ տեղի ունեցածի մեջ տնտեսական հիմքեր ենք տեսնում։ Քաղաքական ենթատեքստ այս պահին չենք տեսնում»։ Սա նախորդ ԱԺ պատգամավոր Պետրոս Մաքեյանն ասաց, ավելացնելով, թե Գագիկ Ներսիսյանն այն անձը չէ, որ ազատության մեջ լինելով հեռանա հանրապետությունից կամ էլ՝ խոչընդոտի գործի քննության ընթացքը։ Այս առումով ցանկալի է նրա խափանման միջոցի փոխվելը։

-Բայց, եթե ձեր տեսակետը նախնական է, ինչ հիմքեր ունեք կարծելու, թե տեղի ունեցածը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական ակունքներ ունի։

-Մենք որեւէ կասկած չունենք, որ Գագիկ Ներսիսյանն ազնիվ քաղաքացի է եւ նրա գործունեության մեջ հանցակազմ չկա, սակայն վերջերս տնտեսական դաշտում ինչ-ինչ կասկածելի պրոցեսներ ենք նկատում։ Կաուչուկն այսօր մոնոպոլ դիրք ունի, եւ չի բացառվում, որ հենց իր բացառիկությամբ գրավել է իշխանության ուշադրությունը։ Ահա սա է ամեն ինչի մեջ տնտեսական հիմք տեսնելու պատճառը։

Իշխանությունների վերաբերմունքից ելնելով ենք ձեւավորել մեր նախնական կարծիքը։ Նրանք ի վիճակի են չեղածը սարքել, իսկ եղածն էլ կոծկել։ Իհարկե, երբ «Հայրենիք» խումբը խորհրդարանում ակտիվանում էր, մենք զգում էինք վերաբերմունքի կարծրացումը իշխանությունների կողմից։ Նախկին ՆԳ եւ ԱԱ նախարարը երբ հայտարարեց, որ առանձին պատգամավորներ կասկածյալներ են, դրանից հետո հալածանքներ սկսեցին «Հայրենիք» խմբի անխտիր բոլոր անդամների նկատմամբ՝ եւ Գագիկ Ներսիսյանի, եւ Հովհաննես Թոքմաջյանի, եւ Պետրոս Մաքեյանի եւ, նույնիսկ, Էդվարդ Եգորյանի։ Այն ժամանակ էլ Ներսիսյան Գագիկի վրա փորձում էին ինչ-որ գործ սարքել։ Խնդիրը կարող էր քաղաքական բովանդակություն ունենալ այն ժամանակ, սակայն այն բանից հետո, երբ մեր կուսակցությանը թույլ չտվեցին լինել ԱԺ-ում, հրատապություն չկա այսօրվա աղճատված քաղաքական դաշտում նորից «Հայրենիքին» հետապնդելը։

Այս առումով էլ կուսակցության գրասենյակում վերապահումով էին ընդունում ձերբակալության քաղաքական կոնտեքստը։

Գագիկ Ներսիսյանին հանդիպելու համար ուղեւորվեցի Քանաքեռի սրտաբանության ինստիտուտ, որի 8-րդ հարկում, ինֆարկտային բաժանմունքում է գտնվում Գագիկ Ներսիսյանը։ Ոստիկանության ներկայացուցիչները, որոնց հսկողության տակ է նա, ինձ նախկին պառլամենտականի հետ հանդիպելու հնարավորություն չտվեցին։

Սակայն բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Ղարիբջանյանից տեղեկացա, որ հոկտեմբերի 13-ին երեկոյան ժամը 6-ի կողմերը Գագիկ Ներսիսյանը շտապօգնության միջոցով տեղափոխվել է իրենց բաժնի ինտենսիվ թերապիայի պալատը. «Ախտորոշումը հետեւյալն է՝ նա ունեցել է երկարատեւ ստենոկարդիայի նոպա, որը տեւել է մոտ 40 րոպե, եւ հիպերտոնիկ կրիզ՝ արյան բարձրացում, ինչն ուղեկցվել է սրտի շրջանում սուր ցավերով։ Այժմ նա մանր օջախային, դեռ լրիվ չձեւավորված սուր ինֆարկտ դիագնոզով է պառկած»։

Ինչ վերաբերում է հիվանդանոցում քննություն վարելուն, ապա հարցաքննել կարելի է միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում եւ անպայման բժիշկների ներկայությամբ։ Ասենք նաեւ, որ հիվանդանոց էր այցելել Գագիկ Ներսիսյանի փաստաբանը՝ Հովհաննես Գալյանը։ Նրանից իմացանք, որ «Նաիրիտի» տնօրենը ամբաստանվում է քր. օր.-ի 182-րդ հոդվածի 2-րդ մասով։

Օրենքը, ինչպես նշեց Գագիկ Ներսիսյանի փաստաբանը, իրավասու մարմիններին թույլ է տալիս. «կասկածյալին ձերբակալել մինչեւ 96 ժամ, որից հետո, եթե կասկածները հիմնավորվեն՝ մեղադրանք կառաջադրվի։ Հակառակ դեպքում՝ կասկածյալը պիտի ազատ արձակվի»։

Այս հարցերի պատասխանը, ինչպես նաեւ, թե ինչպես է արտահայտվել Գագիկ Ներսիսյանի պաշտոնական դիրքի չարաշահումը, չկարողացանք պարզել, քանի որ հիվանդանոց այցելած քննիչի՝ մայոր Արամ Խաչատրյանի, առողջական վիճակը բժիշկ Ղարիբջանյանի հետ զրույցից հետո կտրուկ վատացավ։ Նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել։ Առանց ծաղրի եմ սա ասում։ Որպես հաստատում կարդացեք բժշկի խոսքը. «Իր ճնշումն, իրոք, բարձրացավ՝ 180/110։ Մենք դեղ տվեցինք»։

Հեչ խոստումնալից մեկնարկ չէ…

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Թղթակցությունը հեռարձակվել է «Ազատություն» ռադիոկայանով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031