Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԸ

Հոկտեմբեր 14,1999 00:00
spitak

Սպիտակի մի խումբ բնակիչներ, իմանալով, որ նախագահն է եկել, մտադիր էին դիմել նրան եւ խնդրել, որ վերակառուցի Սպիտակի շաքարի գործարանը։ «Եթե պետք լինի, ձեռքով հողը կփորենք»,- ասում էին սպիտակցիները։ Քանի որ այս բանը սպիտակցիներին չհաջողվեց, «Առավոտը» փորձեց օգնել եւ հարցը ինքն ուղղեց Ռոբերտ Քոչարյանին. «Որ ես վերականգնեմ, դա հնարավոր չէ, բայց, որ ես աջակցեմ այդ ծրագրին, այո՝ հնարավոր է։ Ես կարծում եմ, որ երկու-երեք ամսվա ընթացքում գոնե պարզ կլինի՝ մենք այս ծրագիրը ի վիճակի ենք իրականացնել, թե ոչ։ Փոքր շաքարի գործարանն այսօր գնահատվում է 35 միլիոն դոլար, շատ մեծ ծրագիր է, բավական լուրջ կասկածներ ունեմ, բայց այդ ուղղությամբ մենք աշխատում ենք։ «Անդրե-գրուպը», որ եկել էր, իրենց հետ եւս քննարկել ենք հարցը, իրենք եւս ուսումնասիրում են հարցը։ Պետական ծրագրի համար սա շատ մեծ թիվ է, պետք է մասնավոր կապիտալ մտնի»։

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԶԳԱՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

tavadyan

ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանին հարցրեց, թե նա տեղյա՞կ է «Սեռական հարցերի զարգացումը Հայաստանում» 175 հազար դոլարանոց ծրագրի մասին, որով նախատեսվում է ապահովել «կառավարական պաշտոնյաների եւ նրանց գործակիցների սեռական զգայունակությունը»։ Պրն Թավադյանն ակնհայտորեն շփոթվեց եւ կցկտուր ասաց. «Ծանո՞թ եմ սեռական հարաբերություններին, թե՞ ոչ… Դա գրանտ է… Մենք չենք ուսումնասիրել»։

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՍՅԱԹ

hogevorakan

Հոկտեմբերի 26-ին սկսվելիք ազգային-եկեղեցական ժողովի պատվիրակները Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմում, մեղմ ասած, ընտրվել են խախտումներով։ Մոսկվայում Տիրան սրբազան Կյուրեղյանի նախագահությամբ գումարված թեմական նիստին ոստիկանները թույլ չեն տվել մասնակցել թեմական խորհրդի որոշ անդամների, որոնց վկայությամբ թեմական խորհրդի 20 անդամներից նիստին մասնակցել է լավագույն դեպքում 4-ը։

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՈՒՐՎԱԿԱՆ

 

Japan

Վերջին օրերին հանրապետությունում հյուրընկալվել է ճապոնական մի պատվիրակություն, որի գործունեության վերաբերյալ, սակայն պաշտոնական շրջանակներն աշխատում են քար լռություն պահպանել։ Տպավորությունն այն է, որ Հայաստանում ոչ թե ճապոնական պատվիրակությունը, այլ նրա ուրվականն է շրջում։ Նախագահի աշխատակազմից պատվիրակության ընդունելության վերաբերյալ լրատվությունը թողարկվել է ընդհանուր ձեւակերպումներով, իսկ գործարար շրջանակներն ու հատկապես ԱԳՆ-ն գրեթե ոչինչ չեն հաղորդում ճապոնական պատվիրակության շրջագայության նպատակների մասին։

ՏԻՐԻՑ՝ ԽԱՆՈՒԹ

samvel alexsanyan

Մայրաքաղաքում կառուցված վերջին շինարարական օբյեկտը, որն աչքի է ընկնում իր շքեղությամբ, կառուցվել է Մալաթիայում՝ «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկայի հարեւանությամբ։ «Լուսաստղ» խանութը երկհարկանի է, շուրջ 50-60 մետր լայնքով ու երկայնքով եւ ճաշակով մարմարապատված։ Չար, բայց տեղյակ լեզուներն ասում են, որ այն պատկանում է Տիրի Սամոյին։ Եթե խանութի բացման շնորհանդես լինի, «Առավոտը» սիրով կմասնակցի։

ՈՉ ԹԵ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ՝ ԹԱՂԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

zolyzn

«Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը հայտարարել է, թե վախ ունի, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո «մենք կորցնենք հանրապետությունը եւ արդյունքում ունենանք Հայաստանի միացյալ թաղապետություններ»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031