Ձեր թերթի, որի մշտական ընթերցողն եմ, հոկտեմբերի 12-ի համարում տպագրված էր Լիլիթ Ավագյանի թղթակցությունը Սահմանադրական իրավունք միության համաժողովի մասին։
Չափազանց շոյված եմ, որ այդ կարեւոր միջոցառման ժամանակ հեղինակի ուշադրության կենտրոնում էին ոչ այնքան ելույթ ունեցողները, որքան ձեր խոնարհ ծառան։ Սակայն պետք է խոստովանեմ, որ ես էլ իմ հերթին տարված էի ոչ այնքան ՀՀՇ-ի եւ Կոմկուսի հին նոմենկլատուրայի միաձուլմանը նվիրված ելույթներով, որքան իմ հարեւանությամբ տեղեր զբաղեցրած Նարինե Դիլբարյանին եւ Մարինա Մկրտչյանին անեկդոտներ պատմելով։
Երեւի Լիլիթ Ավագյանը ինձ չափից ավելի լուրջ մարդու տեղ է դրել, եթե համարում է, որ դատապարտված եմ ծիծաղել միայն քաղաքական շարժառիթներով։ Ստիպված եմ նրան հիասթափեցնել։ Պարզապես բախտս բերել էր՝ կողքիս հայտնվել էին դուրեկան աղջիկներ, եւ ես չէի ցանկանում առիթը բաց թողնել։ Եթե բախտս մի քիչ էլ բերի, հաջորդ միջոցառմանը կնստեմ Լիլիթ Ավագյանի կողքին եւ նրան կխոսացնեմ։ Համոզված եմ, որ իմ լավ բարեկամ Արամ Աբրահամյանը, լինելով աշխարհակիրթ մարդ, խանդի տեսարաններ գլխիս չի բերի։ Կմտնի իմ վիճակի մեջ, կհասկանա, որ Ազգային ժողովում ստիպված եմ օրերով զբաղվել բացառապես լուրջ գործերով՝ բացառապես լուրջ մարդկանց հետ։ Ոմանք այնքան լուրջ են, որ տանը քնելու ժամանակ չունեն՝ քնում են դահլիճում։
Հիշո՞ւմ եք, հին անեկդոտ կար որսորդի մասին, որը, տեսնելով ծառի տակ իրար գլխի հավաքված ու քնած գազաններին, մի կրակոցով բոլորին սպանում է։ Բարդու կատարին նստած եւ նույնպես քնած ագռավը կրակոցից արթնանում եւ կռավում է. «Օրը ցերեկով աշխատանքի վայրում ապահով քնելու համար պետք է շատ բարձր նստել»։
Կարդացեք նաև
Համաձայնվեք, որ ներքեւում նստածներն ունեն ծիծաղելու եւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ անկաշկանդ շփվելու սրբազան իրավունք։ Կարիք չկա նրանց վերագրել Գոգոլի նկարագրած արցունքներով ծիծաղը՝ այն լուրջ մարդկանց համար է։ Իսկ վերջիններս վերեւում քնած են եւ կարթնանան միայն որսորդի կրակոցից կամ, ինչպես ասում էր սակավախոս դարձած ճարտարախոսը, լրջանալու պահին։
Քանի դեռ այդ պահը վրա չի հասել, մի անտեսեք աշխարհակիրթ կյանքի նուրբ հմայքը։
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ահա թե ինչով են զբաղվում մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչները կուսակցական համագումարների ժամանակ։