Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՐ ՀԵՏ ԱՇԽԱՏԵՔ ԱՌԱՆՑ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՏՆԵՐԻ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱՆԵՐԻ»

Հոկտեմբեր 14,1999 00:00
karen demirchyan

Պատգամավորներին ուղղված իր այս հորդորում այսպես թարգմանեց Կարեն Դեմիրճյանը «шиш в кармане» արտահայտությունը։

Եռօրյա նիստերի օրակարգի մեխը ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) 1998-ի հաշվետվությունն էր։ Այս պալատը Աղասի Արշակյանն անվանեց ԱԺ-ի ծանր հրետանին՝ «պերշինգը, որ ցանկացած թռչող օբյեկտ կարող է վար բերել»։ ՎՊ-ի գրեթե բոլոր «ծանր» համազարկ-եզրակացություններին մամուլն անպայմանորեն անդրադարձել է՝ ուստի հաշվետվությունը նորություն չէր։ Բայց որոշ նոր ի հայտ եկած փաստեր այնուամենայնիվ կային։ Ասենք, ՎՊ նախագահ Աշոտ Թավադյանը պետբյուջեից Հայաստանի ազգային հեռուստաընկերությանը հատկացված միջոցների օգտագործման վերաբերյալ իրենց եզրակացությամբ պայմանավորեց 1997-ին ՀԱՀ ղեկավար Համլետ Գասպարյանի պաշտոնանկությունը։ Այս պնդման առնչությամբ նախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը փորձեց ճշտել, թե ՎՊ-ի միջնորդությո՞ւնն էր պատճառը, թե՞ քաղաքական իրավիճակի փոփոխությունը։ Հետո էլ Վարդան Խաչատրյանը հերքեց, թե ՀԱՀ-ի ղեկավարի հեռացումը փոխառնչվում է ՎՊ-ի կատարած ուսումնասիրության հետ։ «Իհարկե, կարելի էր ավելի խիստ վարվել որոշ աշխատողների հետ»,- այսպես էր պատասխանել ՎՊ նախագահը Ստեփան Զաքարյանի այն հարցին, թե արդյոք իրենց եզրակացությունների արդյունքում պատասխանատվության չկանչելու դեպքեր կա՞ն։ Հաշվետվության ողջ քննարկումն անցավ այս ոգով, որի էությունը լավագույնս կարելի է փոխանցել Հրանտ Խաչատրյանի ելույթից հետեւյալ մեջբերմամբ. «Մեծամասնությունը չի կարողանում մի նախարար գտնել, որ պատժի՝ ժողովրդի սիրտը հովանա»։

Ելույթների միջով կարմիր թելի պես անցնում էր այս կոչը՝ տվե՛ք պատասխանատուների, վատ աշխատած նախարարների անունները։ Գուրգեն Եղիազարյանն անգամ Աշոտ Թավադյանին դիտողություն արեց. «Թողնում եք մի մարդու տպավորություն, որ Գյումրիում ինքն այրել է փաստաթղթերը, քանի որ չեք ասում, թե ով է արել, ովքեր են դրա հետեւում կանգնած։ Հաշվետվության մեջ ուղղակի նշել եք՝ «ստացվել է ամսի 14-ին, ոչնչացվել է ամսի 15-ին (…)։ Եվ դուք էնպես մեղավորի պես եք ասում, էնքան հանգի՜ստ եք ասում։ Ազգի հանդեպ կատարվել է ոճրագործությո՛ւն (…)։ Ավելի լավ կլիներ, որ Ձեր տոնը մի քիչ դատախազի տոնին նմանվեր»։ Չնայած գլխավոր դատախազն էլ է սովորաբար բավական հանդարտ խոսում։ Եվ նրան էլ չխնայեցին. Աղվան Հովսեփյանի՝ ԱԺ նախագահին ուղարկած տեղեկանքը, որում նշված էր, թե Շիրակի արխիվի վարիչը (որն էլ թերեւս փաստաթղթերի վերոնշյալ ոչնչացման պատասխանատուն էր) ազատվել է աշխատանքից՝ «ուղղակի վիրավորական» անվանեցին։ «Ընդամե՞նը»,- հարցնում էին պատգամավորները, անտեսելով, որ նույն տեղեկանքում անգամ ազատազրկման դատապարտվածների մասին հիշատակումներ կան։

Պատգամավորներն այնպես էին զարմանում, ասենք խորհրդատվությունների վրա ծախսված մեծ գումարների առնչությամբ, կարծես ԱԺ-ն չէ վարկային համաձայնագրեր հաստատում, որոնց մեջ ստույգ նշվում է խորհրդատվությունների համար նախատեսվող գումարները։ Առժամանակ առաջ այս խորհրդարանը եւս վարկային համաձայնագիր հաստատեց՝ էներգետիկայի մասին։ Տեսնես պատգամավորներից քանի՞սն էին այդ համաձայնագիրն ուսումնասիրել, թե որ գումարներն ինչ նպատակով են մտադիր ծախսել։ «Մեզ մեղադրենք՝ քննարկումները լավ չենք կազմակերպում։ Խորհրդատվությունները հաստատում՝ օրենք ենք դարձնում, հետո այդ մարդիկ ի՞նչ պիտի անեն՝ հաստատված վարկը չօգտագործե՞ն,- ասում է Վարդան Խաչատրյանը,- պետք է պայմանագրերը կարդալ, որ հետո շատ հարցեր չծագեն այստեղ»։

Սակայն պատգամավորները, որոնց 40%-ը մաս էին կազմում նաեւ նախորդ ԱԺ-ին, գերադասում էին խոսել «ժողովրդի վզին փաթաթած վարկերի» մասին։ Ձեւակերպումը ԱԺ նախագահինն է։ Ափսոս, որ Կարեն Դեմիրճյանը խուսափում է պաշտոնական հարցազրույցներից, այլապես հետաքրքիր կլիներ նրա մեկնաբանությունը լսել, թե ինչո՞վ է զբաղվում այժմ կառավարությունը՝ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ Համաշխարհային բանկի եւ ՄԱՀ-ի հետ բանակցություններում՝ մի՞թե ոչ վարկեր խնդրելով։ Թե՞ դրանք այլ ժողովրդի վզին են փաթաթվելու։ Ի դեպ, երբ Գուրգեն Եղիազարյանն Աշոտ Թավադյանին մեղադրում էր, թե միլիոններ են փոշիացել, իսկ ինքը ոչ մի ձայն չի հանել, եւ այս ամենը չէր լինի, եթե նա իրեն «տղամարդու պես պահեր» ժամանակին, Աղասի Արշակյանն առաջարկեց մեծամասնությանը մաս կազմող «ասլան կտրած» այդ պատգամավորին՝ «16։30-ին վարկերի քյոռօղլիները գալու են՝ իրե՛նց նկատմամբ էդպես լավ հարցադրումներ անել»։ Եկավ այդ ժամը եւ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ոչ Գուրգեն Եղիազարյանը, ոչ էլ որեւէ այլ պատգամավոր ծպտուն անգամ չհանեցին ողջ օրը քննարկված թեմաներով։ Հարցերը ջեռուցման, նպաստների, զինծառայության եւ նման՝ ընտրողների համար առավել հետաքրքրական, թեմաների շուրջ էին։ Միայն Արթուր Բաղդասարյանի հարցը՝ կոռուպցիայի եւ կաշառակերության մեծ ծավալների շուրջ մի կերպ կարելի է թեմայի շրջանակներում համարել։ Ի պատասխան էլ Վազգեն Սարգսյանը մասնավորապես ասաց. «Ցավոտ հարց է, իհարկե, բայց ավելի ցավագին չդարձնենք։ Պաթետիկ տոնը, ճշմարիտն ասած, այնպիսին էր՝ կարծես խոսում ենք ինչ-որ հաղթանակի մասին»։ Վարկերի մասին երեկ ողջ օրը հնչած հարցադրումներն այդ նույն՝ պաթետիկ, տոնով էին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031