Նախընտրական
Հեշտ է կռահել, որ մինչեւ կաթողիկոս ունենալը Հայաստանում չօծված որեւէ շինություն չի մնա։ Կգրանցվեն նաեւ խմբակային մկրտման դեպքեր։ Ու ամենը տեղի կունենա կաթողիկոսական գահի հավակնորդների ձեռքերով։ Ազնիվ մրցապայքարի ելած թեկնածուները պատրաստ են չխնայել անգամ մեռոնի վերջին կաթիլը, տողատակով անվանարկել մյուս թեկնածուներին, օծել անգամ խաղատներ եւ այլ տիպի հաստատություններ, միայն թե բազմեն կաթողիկոսի բարձր ու վեհ գահին։
Ամենեւին չէինք կարող ենթադրել, որ խմբագրություն զանգահարած եւ մեզ՝ կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի՝ սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կատարած այցը լուսաբանելու համար հրավիրած մամլո դիվանի աշխատակիցը գործել էր սրբազանից գաղտնի։ Ամեն դեպքում եկեղեցու շինհրապարակ այցելած կաթողիկոսական գահի հավակնորդ սրբազանը, չգիտես ինչ պատճառով, զարմացավ բազմաթիվ լրագրողներ տեսնելով։ Տպավորություն ստեղծվեց, որ նա ամեն կերպ փորձում էր աննկատ մնալ։ (Սակայն հրավիրված էին բոլոր լրատվամիջոցները)։ Սրբազանը հարցերին պատասխանելու մեծ ցանկություն չդրսեւորեց։
Միայն «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք սա նախընտրական հերթական այցելություն չէ, կաթողիկոսական տեղապահն ապշեց. «Ոչ մեկ նախընտրական։ Պետք է ժամանակ առ ժամանակ գանք, ստուգենք։ Պաշտոն տված ենք, այստեղ աշխատանք հանձնած ենք եւ առանց ստուգելու չենք կարող այս գործին հետեւել։ Դրա համար էլ, անձամբ, առանց թղթակիցների լուր տալու (՞) եկած եմ։ Բայց տեսնելով, որ այստեղ բավական թվով թղթակիցներ կան, զարմանում եմ։ Ոչ մեկ ընտրական արշավ չէ այս։ Պարզապես այցելություն է։ Տանտերն իրավունք ունի (այսօր ես տանտեր եմ), երբ շինարարություն է տեղի ունենում, գալու եւ տեսնելու, թե գործն ինչ ընթացքի մեջ է»։ Այս խոսքերից հետո սրբազանն արագ ու հարմար տեղավորվեց ավտոմեքենայում ու սլացավ։ Չկասկածելով մեր որոշ սրբազանների քրիստոնեական խոնարհությանը, ենթադրում ենք, որ Հայաստանում դեռ շատ ասֆալտ պիտի ծախսվի։
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ