Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆ՝ ԴԱ ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է»

Հոկտեմբեր 14,1999 00:00
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը, նախքան նախագահ դառնալը, խոստացել էր 2001 թվականին վերականգնել աղետի գոտին։ Մինչեւ 2001 թվականը քիչ ժամանակ է մնացել, իսկ աղետի գոտին գրեթե այն վիճակում է, ինչպիսին էր երկրաշարժից մեկ տարի անց։

Ի՞նչ հրաշքով 2 տարուց մի քիչ ավելի ժամանակահատվածում կվերականգնվի 10 տարի շարունակ քանդվածը, երբ բազմաթիվ շինարարական գործեր դադարեցված են։ Հիշեցնեմ, որ մեր բյուջեն ճեղքվածք ունի։ Երեկ, այցելելով Սպիտակ, նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խոստման մի փոքրիկ մասը կատարեց, մի քանի ժապավեն կտրելով։ Սպիտակի նախկին Էստոնական թաղամասում էստոնացիները 18 անավարտ բնակարաններ էին թողել։ 1999 թ. «Միկա-Արմենիա» կազմակերպությունը ֆինանսավորեց այս անավարտների շինարարությունը՝ 50 հազար դոլար արժեքով։ Սպիտակում ընդհանուր առմամբ մոտ 100 անավարտ շենք կա՝ 400 բնակարաններով։ Էստոնական թաղամասում արդեն բնակվում է 18 ընտանիք։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այսօր ես կատարում եմ անցած տարվա խոստումը։ Այսօր մենք նայել ենք շենքեր, որոնք կառուցվում են հայ բիզնեսմենի կողմից, Հայաստանում իր բիզնեսը ծավալող անձի կողմից (խոսքը «Միկա-Արմենիայի» մասին է- Մ. Ե.), սա երեւի առաջին դեպքն է, որ իր շահույթներից ընկերությունը գումարներ է ներդնում»։ Իսկ ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը չթաքցրեց սպասելիքները. «Մենք հույս ունենք, որ Հայաստանի մնացած սուբյեկտները եւս կսկսեն բարեգործությունը եւ ամեն մեկն իր հնարավորության չափով կկառուցի»։ Սպիտակի թիվ 7 դպրոցը կառուցվել է ԱՄՆ Նոր Կարոլինայի բողոքական եկեղեցու նվիրատվությամբ, շինարարության արժեքն է 150 հազար դոլար։ Մասնակցելով այս դպրոցի բացմանը Ռոբերտ Քոչարյանն ասաց. «2000 թվին բոլոր դպրոցների հարցը պետք է կարգավորենք։ (…) Նույն բարերարը (Նոր Կարոլինայի եկեղեցին- Մ. Ե.) կշարունակի նաեւ դպրոցի երկրորդ եւ երրորդ մասնաշենքերի շինարարությունը»։

Սպիտակի նորակառույց եկեղեցի այցելելը նախագահի այցելության ծրագրով նախատեսված չէր, բայց նախագահը ուզեց մտնել եկեղեցի։ Մոմ վառելու հնարավորություն չկար։ Երբ իմացանք, որ եկեղեցին վերջնականապես պատրաստ կլինի եւ կհանձնվի հավատացյալ ժողովրդին 10 օր հետո, Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց չշտապել՝ նոր վեհափառ կունենանք, ճիշտ կլինի, որ նա էլ եկեղեցու բացումն օծի։ Ճիշտ եկեղեցու հարեւանությամբ Սպիտակի թերեւս ամենագեղեցիկ նորակառույցներն են, որոնք կառուցվել են պետական բյուջեից հատկացված գումարներով։ Դրանցից մեկի բացումը երեկ կատարեց նախագահը եւ հիշեց, թե ինչպես էին ութ ամիս առաջ շենքի նոր փորված հիմքի մեջ կոպեկ գցում։ Շենքի շինարարության իրական արժեքը 400 մլն դրամ է։

Նախագահը եւ նրան ուղեկցողները կարծես քայլերթի էին դուրս եկել Սպիտակի փողոցներում։ Զարմանալի էր, որ ժողովուրդը պասիվ էր եւ նախագահին մի երկու խոսք ասելու փորձ անգամ չարվեց։ Պարզապես մայթերին կանգնած սպիտակցիք նայում էին փողոցի երթեւեկելի մասով քայլող Երեւանից եկած հյուրերին։ Իսկ հյուրերը շահագործման հանձնված բնակելիներից ուղեւորվեցին դեպի «Կարմիր խաչի» եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվելիք բնակելի շենքերի տարածք։ Այստեղ խունացած մի ցուցանակ կար՝ «Միասին»։ Ո՞ւմ հետ միասին, երբվանի՞ց միասին, պարզ չէր։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031