Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵ ՏՈՐՈՊԻՍ»

Հոկտեմբեր 13,1999 00:00

– Պիտի տառապեմ

ԱԺ-ի դահլիճում, հատկապես դահլիճի լրագրողական հատվածում, երեկ լուրջ իրարանցում սկսվեց։ Դա կատարվեց այն բանից հետո, երբ հայտարարությունների համար հերթագրվածների ցանկում հայտնվեց Դավթաշենի երբեմնի համայնքապետ, բանաստեղծ, քաղաքացի, մարդ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի անունը։

Պարոն Գեւորգյանի հայտարարության բովանդակությունը մեկ նախադասությամբ հնարավոր չէ արտահայտել. ստիպված ենք մեջբերումներ անել. «Վերջին տարիներին տարվող քաղաքականությունը երկիրը քաշել է անլույս ցանցի մեջ, որն էլ արդեն իսկ ոչնչացրել է հասարակ մարդու հավատն իր իսկ ժողովրդի ու պետության հանդեպ»։ Ապա խոսվեց «շփոթված ու մոլորված» մտավորականների մասին, «քանզի նրանք պետք է լինեին այսօր երկրի տեր եւ մտքի առաջնորդ»։ «Ողջ երկրում տիրում է բազարային առօ՛րյա եւ անբարո կացութաձեւը»։ Հայտարարության վերջում պարզվեց, որ հայտարարության կարմիր թելն ազգային գաղափարախոսության եւ հայրենասիրության պահպանումն է «մեզանում»։ «ԱԺ-ում մենք բոլորս պարտավոր ենք անել այնպես, որպեսզի ծնվող ամեն մի օրենք ոչ միայն բխեր պետության շահերից, այլեւ իրենց ազնվության ավիշն առներ հայրենասիրությունից»։ ԱԺ նախագահն ու փոխնախագահն այնքան մեծ հետաքրքրությամբ էին իրենց հայացքները հառել բանաստեղծին ու այնքան կլանված էին լսում, որ մոռացան հիշեցնել՝ հատկացված ժամանակը վաղուց սպառվել էր։

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Աղասի Արշակյանին չէր զարմացրել, որ վերջերս ստեղծվեց «Արմատ» կազմակերպությունը։ Նրան զարմացնողն այն էր, որ այդ իրադարձությունը լուսաբանել է ԱԺ պաշտոնաթերթը։ «Մեր օրերում կերպարանափոխված ուժերն ու անհատները կարողացան պահպանվել թե՛ ԱԺ-ում, թե՛ Տեր-Պետրոսյանի բոլոր կառավարությունների ներկայիս հավաքականում»։

«Իրավունք եւ միաբանությունը» մինչ օրս չի ստացել ստրասբուրգյան պատվիրակության կազմման պատասխանը. «Մենք չենք հասկանում, թե ինչպես է լինում, որ ԱԺ-ի մեր խմբակցությունն անտեսվում է Հայաստան- Սփյուռք համաժողովին մասնակցելու ժամանակ։ Մենք (ԱԺ-ն) ունենք նաեւ ընդգծված տուրիստական խմբեր. չորս ամիս է սկսել ենք մեր գործունեությունը, մարդիկ կան՝ չորրորդ անգամ գտնվում են օտար ափերում, կարծեք թե մեր ԱԺ-ն կամ ժողովուրդն ավելի արժանավոր զավակներ չունի այդ տարածքներում ներկայացնելու համար»։ Ժողովրդի արժանավոր զավակ ասելով՝ պրն Արշակյանը, հավանաբար, նաեւ իրեն նկատի ուներ։ Ու դա հաստատելու նպատակով ա՛յս կերպ ամփոփեց ասելիքը. «Ոչ մի կամայականություն, ոչ մի ինֆորմացիոն բլոկադա եւ ոչ մի միջազգային ատյաններում մասնակցելու իրավունքից արհեստականորեն կամ «թյուրիմացաբար» զրկելու արգելքները չեն սասանի մեր վճռականությունը հետեւողականորեն պայքարելու նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման եւ ժողովրդական լայն զանգվածների ոտնահարված իրավունքների վերականգնման համար»։

ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը պրն Արշակյանին հանգստացրեց՝ ասելով, որ խմբակցությանը պաշտոնական պատասխան՝ կապված «օտար ափեր» գնալու հետ, տրվել է։ Եվ թող «Իրավունք եւ միաբանությունը» չենթադրի, թե ինքն իզոլյացիայի մեջ է։

Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ հանձինս Աղվան Վարդանյանի, անհանգիստ էր հոկտեմբերի 24-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով… «Առաջարկում ենք, որ Ազգային ժողովը հավաքական դիրքորոշում արտահայտի առաջիկա ընտրությունների առիթով»։ ԱԺ ղեկավարությանն առաջարկվեց նաեւ բոլոր պատգամավորների մասնակցությամբ խմբեր ձեւավորել՝ մարզերում ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով։ Հանրապետության նախագահին եւ կառավարությանն էլ դաշնակցությունը խորհուրդ տվեց իրենց մարդն ունենալ այդ խմբերում։

Գյուղատնտեսության թեմաներով էլ այլ հայտարարություններ եղան, սակայն դահլիճը աշխույժ երկխոսությունների մեջ էր եւ աշնանացանի ու գարնանացանի թեմատիկայով առանձնապես չէր հետաքրքրվում։ Ի դեպ, նիստից հետո անհաջող փորձ արեցի օրվա հերոս Ռուբեն Գեւորգյանից ճշտել՝ պատգամավոր դառնալուց հետո է՞լ է ստեղծագործում եւ եթե՝ այո, ո՞ր մոտիվն է նրան առավել հարազատ։ Պրն Գեւորգյանը իր տողերով ասած՝ «Քայլո՜ւմ էր, քայլո՜ւմ էր, քայլո՜ւմ», ու «Առավոտի» հարցերին չէ՜ր պատասխանում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031