Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԸՆԴՀԱՏ ՇԱՐԺՈՒՄ

Հոկտեմբեր 13,1999 00:00
Ernest Sogomonyan

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կենտրոնական վարչությունը հաղորդում էր տարածել, որ (այս էլ որերորդ անգամ) ՍԴՀԿ-ի 99թ. փետրվարի 14-ին կայացած 4-րդ համագումարում կենտրոնական վարչությունը՝ Ջորջ Հակոբյանի ատենապետությամբ, «ապօրինի խմբակ» է հայտարարում այսպես կոչված Հայաստանի ՍԴՀԿ-ն եւ կուսակցության համահայկական կենտրոնից ու իր շարքերից արտաքսում է «այդ խմբակի պարագլուխ» Էռնեստ Սողոմոնյանին։ Ասվում է, որ պրն Սողոմոնյանին եւ «իր խմբակին» արգելվում է հրատարակել «Երիտասարդ Հայաստան» պարբերաթերթը։

Էռնեստ Սողոմոնյանը այս հաղորդագրությանը պատասխանելու մեր խնդրանքին այսպես արձագանքեց. «Ինձ այս էլ որերորդ անգամ վտարում են։ Սակայն նրանք դրա իրավունքը չունեն, որովհետեւ ես Հայաստանի՛ ՍԴՀԿ նախագահն եմ եւ գործում եմ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում։ Ինձ հեռացնելն արդեն զավեշտի է վերածվել։ Ի վերջո, նրանք իրավունք չունեն Սփյուռքից թելադրել մեզ՝ ինչպես վարվել։ Ինչ վերաբերում է «Երիտասարդ Հայաստանին», ապա 96-ամյա պատմություն ունեցող այդ թերթը վերատպելը մեր խղճի պարտքն է։ «Երիտասարդ Հայաստան» կենտրոնի որոշմամբ անցած տարվա նոյեմբերին 3-4 համար լույս ընծայեց թերթը, սակայն դրա տպագրությունը դադարեցվեց, իսկ դրան հատկացված գումարներն անհետացան։ Մենք հրատարակում ենք «Երիտասարդ Հայաստան պլյուս» թերթը։ ՍԴՀԿ-ի հաղորդագրության մեջ այնքան հակասություններ կան, եւ դրանք նախեւառաջ կուսակցության պատվի հետ են խաղում»։ Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ այս պատասխանից հետո Էռնեստ Սողոմոնյանին արժե մեկ անգամ եւս հեռացնել կուսակցության շարքերից։

Լ. Ա.

ՏԱՇԱԾ ՔԱՐ

qar

 

Արմեն Վալեսյանը, որը հրաժարվել էր «Ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնից, հիմա նոր աշխատանքի է տեղավորվել։ Արմեն Վալեսյանը Բագրատ Ասատրյանի տեղակալ է աշխատում «Հայներարտբանկում», որն այնտեղ բանկի վարչության նախագահն է։ Ցանկանում ենք հաջողություն՝ մասնագիտությամբ ոչ տնտեսագետ պրն Վալեսյանին։

ՏՈՒՖԱԿԵՐՏ ՔԱՆԴԱԿՆԵՐ՝ ՇՈՐԺԱՅՈՒՄ

shorja

Շորժայում (Նկարիչների միության հանգստյան տան տարածքում) հոկտեմբերի 1-ից 10 քանդակագործների սիմպոզիում է սկսվել, որին մասնակցում են 5 տեղացի եւ 5 դրսից հրավիրված քանդակագործներ (Բուլղարիայից, Ղազախստանից, Էստոնիայից, Սանկտ Պետերբուրգից եւ Վրաստանից)։ Արվեստագետները Շորժայում են ստեղծագործում։ Սիմպոզիումի ֆինանսական հովանավորը Սորոսի ֆոնդն է, կազմակերպիչները՝ Հայաստանի նկարիչների միությունը եւ «Երկիր եւ մշակույթ» հասարակական բարեգործական միությունը։ Սիմպոզիումը կտեւի մեկ ամիս։

ՀԱՆՈՒՆ «ԷՔՍՊՈՐՏԻ»

Bagrat Asatryan

Երեկ «Հայներարտբանկի» նախագահ Բագրատ Ասատրյանն առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ՝ որպես առեւտրային բանկի նախագահ։ Պրն Ասատրյանը նշեց, որ «Հայներարտբանկը» այսուհետեւ ավելի ակտիվ աշխատելու է արտահանումների ասպարեզում, եւ արդեն կան մի շարք գործնական ծրագրեր։

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

harc

«Բանվորների աշխատանքների եւ մասնագիտությունների միասնական սակագնաորակավորման տեղեկատուի…» մասին համաձայնագրի քննության ժամանակ ՍԴ նախագահը ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցչին՝ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին, հարցրեց, թե տեղյա՞կ է արդյոք, որ 175 հազար դոլարի մի ծրագիր է ներկայացվել նախարարության կողմից։ «Սեռական հարցերի զարգացումը Հայաստանում» ծրագրում մասնավորապես նախատեսված է եղել. «Ազգային քաղաքականության մշակում, սեռական հարցերի նկատմամբ լուրջ մոտեցում՝ ապահովելով բոլոր կառավարական պաշտոնյաների եւ նրանց գործակիցների սեռական զգայունակությունը եւ գիտակցության զարգացումը»։

ԱՄԵՆ ՕՐԵՆՔ ԻՐ ՀԱԿԱՕՐԵՆՔՆ ՈՒՆԻ

yntrakan

Ավելորդ անգամ հաստատվում է Հակոբ Պարոնյանի այս միտքը։ Մի կողմից «Ընտրական օրենսգրքում» պարտադիր մտնում է զինվորականների՝ ընտրություններին մասնակցելու մասին կետը, որ հանկարծ Եվրախորհուրդը մեզ ծուռ աչքով չնայի։ Մյուս կողմից՝ ներքին պայմանավորվածություն ենք ձեռք բերում եւ հրահանգում ենք հրամանատարներին, որ զինվորները չմասնակցեն ընտրություններին։ «Փախստականների մասին» օրենքում գրվում է, որ նրանք «կարող են» մասնակցել զինվորական ծառայության, իսկ դա նշանակում է, որ նրանք «պարտավոր են» մասնակցել զինվորական ծառայության, իսկ դա ՀՀ քաղաքացիների պարտավորությունն է։ Բայց, երբ հերթը հասնում է նույն փախստականների՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքին, չենք զլանում հիշել, որ «նրանք ՀՀ քաղաքացի չեն»։

ԱՅԼ ՆՊԱՏԱԿ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Levon Ter-Petrosyan

Օրեր առաջ ՀՀ էքս-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից «Առավոտը» փորձել էր ճշտել 92-95 թթ. էներգետիկ չարաշահումների վերաբերյալ նրա կարծիքը։ Պրն Տեր-Պետրոսյանը Արշակ Սադոյանին եւ Դավիթ Վարդանյանին (վերահսկողական ծառայության երբեմնի ղեկավար) համարել էր կա՛մ «վատ աշխատողներ», կա՛մ «այլ նպատակ հետապնդողներ»։ Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր, ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանին «Առավոտը» դիմեց՝ ճշտելու. ի վերջո, կոնկրետ ինքը վա՞տ է աշխատել, թե՞ այլ նպատակներ է հետապնդել։ – Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինքն ինչպես է ասել։ Հավես էլ չունեմ պատասխանելու, բայց մյուս կողմից, տարրական բան է, որ մեր հանձնաժողովը բոլոր փաստերը հավաքել է, հաշվետվությունները՝ կազմել։ Բայց մենք դատարան դիմելու իրավունք չունենք։ Դա իրավապահ մարմինների գործն է։ Կա 17 հատորանոց գործ։ Սա արդեն խոսում է, թե մենք ինչպես ենք աշխատել։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

heydar

Բաքվի «Հյուրիեթ» թերթը գրել է, թե Ալիեւը Սադարակում ընտրել է Ադրբեջանի համար անվայել ուղի։ Եվ ԱՄՆ փոխնախագահի՝ Ադրբեջանի նախագահին հասցեագրած նամակն էլ մեկնաբանել է որպես ընդհանուր պետություն ստեղծելու առաջարկին Ալիեւի համաձայնության արտահայտություն։ «525» ընդդիմադիր թերթը Գուլուզադեի հրաժարականը ներկայացրել է այսպես՝ «Նա չցանկացավ մասնակից դառնալ Ադրբեջանի համար աննպաստ որոշումների իրագործմանը»։ «Ազադլիգ» թերթը նշել է. «Վաշինգթոնն ուժեղ ճնշում է գործադրում Բաքվի վրա՝ պահանջելով կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031