Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ, էս էն սուտ ազատությունն է…»

Հոկտեմբեր 12,1999 00:00
karen demirchyan

Այսպես արդարացի վրդովվեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, երբ այլեւս անտանելի դարձան հերթական եռօրյայի մասնակից երեսփոխանների անիմաստ ելք ու մուտքերը։

Օրակարգը բավականին հագեցած էր, բայց համարյա ոչ ելույթ ունեցողներ կային, ոչ էլ քվեարկության մասնակիցներ։ Փաստորեն օրվա վերջում նիստը վտանգված էր անօգուտ դառնալ, ու Կարեն Դեմիրճյանը շարունակեց. «Այ, էս էն սուտ ազատությունն է, որ ով ուզում է դուրս է գալիս, ով ուզում է՝ ներս։ Սա ի՞նչ բան է, աշխատում եք, կարգին աշխատեք։ Գիտեն, որ երկու րոպե հետո պետք է քվեարկեն, 2,5 րոպե հետո ներս են մտնում։ Սա ի՞նչ բան է»։ Ու այս պայմաններում ազգային երեսփոխանական ժողովը նիստ արեց եւ նիստի մեջ մի շարք հարցեր լսեց ու կոճակ սեղմեց (քվեարկեց)։ Օրվա հարցերից կարեւորը 1998 թվականի բյուջեի հաստատման հարցն էր, որն էլ «Միասնություն» խմբակցության թեթեւ ձեռքով հաստատվեց։

Տիգրան Թորոսյանն այս կապակցությամբ ասաց. «Բյուջեին պետք է վերաբերվել որպես տնտեսության գործունեությունը բնութագրող երեւույթն արտացոլող փաստաթուղթ։ Այս տեսակետից պետք է բյուջեն քննարկվեր, որ այդ երեւույթում տեղ գտած թերություններն ու սխալները բացահայտվեին, որ հետագայում չկրկնվեին։ … Եթե չենք հասկանում ինչո՞ւ սխալները կատարվեցին, գալու են մարդիկ եւ նույն ձեւով հեռանալու են»։ Զարմանալի է, որ բյուջեի հաստատմանը կողմ քվեարկած ամենամեծ պատգամավորական խմբակցության անդամը եւ դեմ քվեարկած ՀԿԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Բադալյանն այս հարցի այս կետի վերաբերյալ նույն տեսակետն ունեն։ Ընդունելով 98 թվականի բյուջեն, այս խորհրդարանը խուսափեց պատասխանատվությունից. «Մենք պետք է դեմ քվեարկենք մի բանի, որի համար մեր քաղաքական ուժի ստեղծած կառավարությունը պատասխանատու չէ»,- այս կարծիքին է ամենամեծ խմբակցության ներկայացուցիչը։

Իսկ կողմ քվեարկելը նշանակո՞ւմ է, որ նախորդ կառավարությունը սխալներ չուներ. «Ես կարծում եմ, որ տնտեսության ճգնաժամի պատճառը ոչ թե ռուսական ճգնաժամն է, կամ հազար ու մի այլ բաներ, այլ պատճառը մեր աշխատանքի ոչ ճշգրիտ պլանավորումն է, հստակ նպատակների բացակայությունը եւ մեխանիզմների բացակայությունը, որով պիտի հասնեինք այդ նպատակին»,- ասում է 98-ի բյուջեին կողմ քվեարկած ամենամեծ խմբակցության անդամ Տիգրան Թորոսյանը։

Իսկ կոմունիստական 9 հոգիանոց խմբակցությունը դեմ է քվեարկել նույն այդ բյուջեի հաստատմանը եւ Սերգեյ Բադալյանն իր կարծիքն ունի. «Ընդհանրապես բյուջեի կատարողականը նաեւ կառավարության գործունեության գնահատական է։ Մեր խմբակցության համար շատ տարօրինակ էին հնչում այն փաստարկները, որ Խոսրով Հարությունյանը բերեց եւ էլի ինչ-որ դեմքեր, որ այն կառավարությունը չկա, սա էլ հո հրաժարական չի՞ տալու։ Եթե այդպես լինի, ուրեմն լավ ձեւը գտել ենք, ամեն բյուջեի հաստատումից առաջ կառավարությունը փոխենք։ Այստեղ գնահատականը խիստ պետք է լիներ, քննարկումը, որ այդքան պասիվ էր, ցույց է տալիս, թե ինչքան մարդիկ ձեռքերը իջեցրել են։ Բայց էս կառավարության մեջ կա նախկին վարչապետը որպես էկոնոմիկայի նախարար, եւ հետո, մենք դեռ չենք ստացել նոր կառավարության ծրագիրը։ Բայց այդպիսի խոստում տրված է եղել եւ ՀԿԿ-ն համբերատար սպասում է այդ պահին, երբ նոր բյուջեի հետ միասին ներկայացվի ծրագիրը։

… Ո՞նց կարող ենք սկզբունքայնություն չդրսեւորել եւ էլի բարեհոգություն դրսեւորենք։ Դուք տեսնում եք, կառավարությունը ներկայացնող անձեր չկային, անգամ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները չկային։ Եկել էր տեղական ինքնակառավարման նախարարը (Խոսրով Հարությունյան), որը ես չեմ հասկանում, էս դեպքում ինչո՞ւ է նա հանդես գալիս, նա չի բյուջեի կատարողը, ինչ-որ խառնաշփոթ է ստեղծվել։ … Սա քաղաքական քայլ էր, ես դեմ եմ, իհարկե, որ այսօրվա կառավարությանը եւ անմիջապես վարչապետին հարցականի տակ դնենք, պետք է հնարավորություն տալ աշխատելու, բայց ժամանակն արդեն անցել է, եւ մենք գնահատականները արդեն պետք է տեսնենք, իսկ մենք տեսնում ենք լրիվ անտարբերություն։ Փաստորեն նսեմացվում է խորհրդարանի դերը»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Վիկտոր Դալլաքյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031