Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՋԵՐՈՒՄ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԳՐԱԾ»

Հոկտեմբեր 12,1999 00:00
sim

Իրենց 12-րդ համաժողովն անցկացնելու նպատակով Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) անդամները կիրակի օրը հավաքվել էին։ Համաժողովին փոքրիկ, բայց ողջույնի խոսքեր ասելու նպատակով ներկա էին խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները։ Կիսադատարկ դահլիճում հնչող ելույթներից հավաքվածներն առանձնակի խանդավառությամբ լսեցին միայն Հայկ Բաբուխանյանին։ ՀՀ վարչապետը վերջերս նշել էր, թե պետք է շուռ տալ նախորդ իշխանությունների օրոք կատարված հանցագործությունների էջը։ Սակայն պրն Բաբուխանյանը Լեւիտանի ազդու ձայնով հստակեցրեց. «Այդ էջը կարելի է շուռ տալ միայն այն ժամանակ, երբ մեղավորները կկրեն պատասխանատվություն»։

«Միայն Սիրադեղյանին ճաղերի ետեւում տեսնելով ՍԻՄ-ի ցանկությունները չեն սահմանափակվում»։

ՀՀ նախագահի՝ նախորդների հանցագործությունները բացահայտելու ՍԻՄ-ի ջանքերը հին հաշիվներին վերագրելը, կուսակցությունը ճիշտ չի համարում։ Էներգետիկայի ոլորտում միլիոնավոր դոլարների կորուստների հարցերով զբաղվող ԱԺ նորաստեղծ հանձնաժողովի նախագահի «բարձր» պաշտոնում Դավիթ Լոքյանին նշանակելը զայրացրել էր պրն Բաբուխանյանին. «Նա վստահություն չունի եւ չի էլ կարող ունենալ։ Նա անձամբ մասնակից էր այդ բոլոր պրոցեսներին։ Մեր իշխանությունները ջանում են այսօր շուռ տալ էջերը, որովհետեւ այդ էջերում նաեւ իրենց անուններն են գրած»։

«Իշխանափոխություն, ի վերջո, եղե՞լ է, թե՞ ոչ»,- ինքն իրեն հարց տվեց ու սկսեց դրան պատասխանել հռետորը. «Արեւմտամետ, ամենածայրաստիճան ապազգային ՀՀՇ-ն հեռացավ իշխանությունից, ՀՀՇ-ի մի թեւը կնքեց դաշինք ազատամարտիկների հետ եւ նախկին, սովետական տարիների կոմունիստական նոմենկլատուրայի հետ»։ Բաբուխանյանի այս խոսքերից հետո համաժողովի հյուր Հմայակ Հովհաննիսյանի ուսերը ծիծաղից երկար ժամանակ ցնցվում էին։

Ըստ Բաբուխանյանի՝ այս ժողովրդին ամենածանր հարվածը Դեմիրճյանը հասցրեց (Հմայակ Հովհաննիսյանը նորից սկսեց ծիծաղել- Լ. Ա.), որովհետեւ ժողովուրդը նրան իրո՛ք հավատում է։ Եվ երբ ժողովուրդը տեսավ, որ նա դաշինք կնքեց նրանց հետ, ում դեմ պայքարում էր, եւ այս էլ քանի ամիս է՝ ոչ մի բան մեր կյանքում չի փոխվել, մարդիկ դարձյալ սկսեցին հեռանալ Հայաստանից։ Այդ հեռացողներին էլ (Սփյուռքը) ՀՀ նախագահ Քոչարյանը համարում է մեր հարստությունը։ Իսկ այդպես նախագահն ասում է, որպեսզի խուսափի պատասխանատվությունից։ «Նրանք չգիտեն, որ երկրի ղեկավար լինել՝ չի նշանակում միայն թալանել այդ երկիրը»։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բուռնաշների գործունեությանը նպաստում է կառավարությունը։ Կաթողիկոսական ընտրությունները վերածվել են թատրոնի, Ղարաբաղում արհեստականորեն սահմանափակել են Սամվել Բաբայանի իրավասությունները։ «Մարդ, որն իրեն երբեւէ պրեզիդենտ չի զգացել, մեկ օրում հիշեց, որ ինքը նախագահ է։ Հիշեց, որովհետեւ հիշեցրին»։ Խոսքը ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի մասին է։

Իսկ Հայաստանում, ընդհանրապես, իրարից մի բան պոկելու, իրարից ինչ-որ բան փախցնելու մթնոլորտ է։ Եվ դա գալիս է կառավարությունից, որը բյուջեն լցնելու այլ տարբերակ չունի։

Մի խոսքով, ինչպես կնկատեր Արտաշես Գեղամյանը՝ բանտերը լացում են երկրի ղեկավարների համար։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031