Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՀԱՇՏՎԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբեր 12,1999 00:00
Arkadi GHukasyan

Հարցազրույց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ

– Պարոն Նախագահ, ԵԱՀԿ նոր առաջարկությունների ո՞ր դրույթներն են թույլ տալիս խոսել կարգավորման առաջընթացի մասին:

– Մինսկի կոնֆերանսի համանախագահության նոր առաջարկությունը ընդհանուր պետության ստեղծումը չէ՝ անհասկանալի մի դրույթ, որի բովանդակությունը պիտի հստակեցվի բանակցությունների ժամանակ: Այսօր մեզ չեն ստիպում ճանաչել Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, բանակցություններ սկսելուց առաջ: Ադրբեջանը պնդում էր նախնական պայմանների վրա, որոնք ամրագրված էին նաեւ ՄԿ համանախագահության նախկին առաջարկություններում. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ղարաբաղը՝ Ադրբեջանի մաս, Ադրբեջանի կազմում ամենալայն ինքնավարություն: Մենք շեշտը դնում էինք Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցություններում քննարկելու դրույթի վրա, քանի որ բանակցություններից դուրս վաղուց լուծված ենք համարում կարգավիճակի խնդիրը: Իբրեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ՝ ես ընդունել եմ նոր առաջարկությունները միայն նրա համար, որ նրանցում չկա նախնական պայմաններ ընդունելու պահանջը: Մեր կողմից մենք եւս չենք պնդում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վրա, թեեւ դա է, ի վերջո, մեր նպատակը: Այսպես կոչված փուլային կարգավորման տարբերակը ենթադրում էր Ղարաբաղի կարգավորման հարցը քննարկել տարածքներ վերադարձնելուց հետո, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի է:

– Բայց քանի որ Ադրբեջանը շարունակում է պնդել նախնական պայմանների՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, կարգավիճակի վրա, կարելի՞ է, արդյոք խոսել կարգավորման առաջընթացի մասին:

– Կարծում եմ, որ կյանքը կստիպի Ադրբեջանին հաշտվել իրողությունների հետ: Մենք միայն հաստատում ենք իրողությունները, այն է՝ Ղարաբաղը դե-ֆակտո տարածաշրջանի անկախ, ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր է: Ընդունի դա Ադրբեջանը՝ մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ Հայաստանի, Ադրբեջանի, Համանախագահության հետ քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Առանց նախնական պայմանների բանակցություններ՝ միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է: Առողջ տրամաբանության դիրքերից Ադրբեջանը չի կարող այլեւս ժխտել դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի գոյության փաստը, եթե ոչ իբրեւ պետություն, ապա, համենայնդեպս, իբրեւ ինքնուրույն ռազմաքաղաքական կազմավորում:

Քանի դեռ չկա կողմերի ստորագրությունը Փաստաթղթի տակ, կարելի է խոսել առաջարկվող բանաձեւերի միայն ձեւակերպումների փոփոխության մասին: Այդուհանդերձ, իրական ի՞նչ նախադրյալներ կան Համաձայնագրին հասնելու:

Նոր առաջարկներում չկան տարածքային ամբողջականության, լայն ինքնավարության հիշատակումներ, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը առաջարկվում է քննարկել բանակցությունների ժամանակ: Խոսք չի կարող լինել նաեւ պարտադրված կարգավորման մասին, ինչպես դա եղավ Բոսնիայում եւ Կոսովոյում: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ միջազգային հանրությունը ի դեմս Համանախագահության՝ Ադրբեջանի փոխարեն չի լուծելու ղարաբաղյան խնդիրը: Ուզո՞ւմ են տեսնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, թող նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համոզեն Ղարաբաղին նման որոշման առավելություններում: Բայց թող թույլ տան Ղարաբաղին պաշտպանել սեփական տեսակետները:

Անշուշտ, ես չեմ կարծում, որ իրական լծակներ կան ստիպելու Ադրբեջանին ընդունել նոր առաջարկները: Սակայն դա չի նշանակում, որ Ղարաբաղը պետք է միակողմանի զիջումների գնա, որպեսզի բանակցային գործընթացը տեղից շարժվի: Մենք անցել ենք կարգավորման բոլոր փուլերը, եւ գործը առաջարկվող ձեւակերպումները չեն: «Ընդհանուր պետություն» հասկացողությունը ինձ շատ ավելի քիչ է դուր գալիս, քան ադրբեջանցի քաղաքագետներին եւ դիվանագետներին: Մենք կնախընտրեինք, որ «ընդհանուր պետություն» հասկացողությունն ընդհանրապես չլիներ: Գլխավոր խնդիրը առանց նախնական պայմանների բանակցություններ վերսկսելն է, այլ կերպ ասած՝ ներկա իրողությունների ընդունումը ոչ իբրեւ իրավաբանական ձեւակերպումներ, այլ՝ իբրեւ դե-ֆակտո գոյություն ունեցող, որոնք կարող են դրվել բանակցային գործընթացի հիմքում:

Ահա ինչու եմ համոզված, որ վերջնական կարգավորման մեջ շահագրգիռ Ադրբեջանը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ եւ մեզ հետ քննարկելու է ղարաբաղյան խնդիրը:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031