ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Վալերի Ղազարյանն «Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե արդյոք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ԼՂՀ նախագահ էր, բավակա՞ն է, որ ԼՂՀ-ում լիովին վստահեն Ադրբեջանի հետ բանակցություններում նրա որդեգրած ներկա սկզբունքներին, պատասխանել է, թե նման անվերապահ հավատը կարող է խիստ չափազանցված լինել։ Որպես անհանգստության հիմք մատնանշվել է. «Միայն այն փաստը, որ Քոչարյան-Ալիեւ 4-րդ հանդիպումն է տեղի ունենում, իսկ ԼՂՀ մասնակցությունն ապագա բանակցություններին դեռեւս մնում է անորոշ՝ ինչ-որ բան ասում է»։
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆ ՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Աղասի Արշակյանը դեմ էր, որ խորհրդարանը լսի բռնադատվածների բնակարանային հարցի վերաբերյալ Արթուր Բաղդասարյանի, Գեղամ Գասպարյանի եւ Սերգո Երիցյանի ներկայացրած օրենքի նախագիծը։ Պրն Արշակյանի ասելով. «Բռնադատվածների վիճակը կարեւոր է», բայց մյուսների վիճակն էլ մի բան չէ. «Հարցի քվեարկությունը հետաձգենք, որ մեր բազմաթիվ չկատարվող որոշումների կողքին չունենանք եւս մեկը, դա ավելացնում է «խծբ»-ների շարքը»։ Բանաստեղծ եւ պատգամավոր Դավիթ Հովհաննեսը եւս այս կարծիքին է, քանի որ տեղից արձագանքեց՝ «ճիշտ ես Աղաս»։ Մինչդեռ բռնադատվածների բնակարանային հարցի վերաբերյալ օրենքի նախագիծը արդեն ութերորդ տարին է չի կարողանում լուծում ստանալ։
Կարդացեք նաև
ՊԼՊԼԱՆ, ՍԵՎ ԹՂԹԱՊԱՆԱԿ
ԱԺ միջանցքի լրագրավաճառը վաճառքի է հանել նաեւ սեւ ու փայլուն թղթապանակներ՝ մեծը եւ փոքրը։ Գնորդներ առայժմ չկան։ Թղթապանակներից մեծն արժե 80 դոլար, փոքրը՝ 70։ Հետաքրքիր է, ո՞վ կլինի առաջին համարձակը, որը կգնի այդ հաստակազմ թղթապանակը։ Հաշվի առնելով ներկայիս երեսփոխանների ոչ վաղ անցյալը եւ ճաշակը, գնորդը չի ուշանա։