Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը դաշնակցական է

Հոկտեմբեր 06,1999 00:00
loqyan

Վերջապես։ Հոկտեմբերի 4-ին իր առաջին նիստը գումարելով «1992-95 թվականներին էներգակիրների ներկրման եւ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը», որի անունն իր բարդության պատճառով գրեթե անհնար է հապավել, գումարեց իր առաջին նիստը՝ 8 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ քվեներով նախագահ ընտրելով դաշնակցական Դավիթ Լոքյանին եւ փոխնախագահ կարգելով «Մալաթիա-Սեբաստիայի» նախկին թաղապետ Վահան Զատիկյանին՝ «Միասնություն» դաշինքից։ Նախագահի թեկնածուների մեջ է եղել նաեւ Արշակ Սադոյանը, սակայն հանձնաժողովը նախընտրել է Դավիթ Լոքյանին։

Ինչո՞ւ։ Այս հարցի պարզաբանմամբ էլ սկսեցինք հարցազրույցը վերջինիս հետ. «Այս մութ էջի բացահայտման խնդիրն ունի ե՛ւ հասարակությունը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Ազգային ժողովը։ Այս նկատառումներով էլ ձեւավորվեց հանձնաժողովը»,- ասաց պրն Լոքյանը, իր ընտրվելը բացատրելով սեփական կուսակցական պատկանելությամբ. «Պատգամավորների ցանկությունն էր, որ առարկայացել է կուսակցությունների ընդհանուր բանակցությունների արդյունքում»։ Պրն Լոքյանի եզրահանգմամբ, հանձնաժողովի բոլոր անդամներն էլ կարող էին գլխավորել նորաստեղծ այդ մարմինը։ Համենայնդեպս, այդպես դատելու հիմք է տալիս նրանց գործունեությունն անցյալում։ Իսկ դաշնակցական պատգամավորի վրա ընտրությունը կանգ է առել ՀՅԴ-ի՝ արձանագրված իրողությունների դեմ պայքարի առաջամարտիկը լինելու հանգամանքով պայմանավորված։

Պրն Լոքյանը ներկայացրեց այն խնդիրների շրջանակն ու գործողությունների գրաֆիկը, որը նախատեսել է հանձնաժողովը։ Նախ արձանագրվեց, որ առաջին նիստն ընթացել է նորմալ մթնոլորտում, եւ որ հակվածություն է դրսեւորվել առավելագույնս օգտագործել փորձառու պատգամավորների հնարավորությունները, ովքեր լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել. «Հանձնաժողովում մենք Արշակ Սադոյանին, կարելի է ասել, խնդրեցինք, որպեսզի կոնսուլտացիոն գործընթացներ իրականացվեն, եւ կարողանանք այդ ժամանակահատվածի իրողություններին առավել մանրամասն ծանոթանալ»։

Ինչ վերաբերում է ուսումնասիրման ոլորտներին, պարոն Լոքյանը դրանք բաժանեց մի քանի խմբի. նախեւառաջ նկատի կառնվեն արտաքին պայմանագրերը, բարտերային գործընթացները, որոնք իրականացվել են Ռուսաստանի եւ Թուրքմենստանի հետ։

Գործունեության երկրորդ ոլորտը ներկրված էներգակիրների եւ արտադրված էլեկտրաէներգիայի եւ դրա սպառման ճանապարհների ու չափաբաժինների ուսումնասիրությունն է։

Հետաքննության երրորդ բնագավառն էլ, ինչպես վկայեց պրն Լոքյանը, էլեկտրաէներգիայի ներկրման տրանսպորտային մեխանիզմներին է վերաբերելու եւ համապատասխան մաքսային ծառայություններին։

Սրանք են լինելու հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները։ Հանձնաժողովի նախագահի մատուցմամբ, ուսումնասիրությունները սկսվելու են ակունքներից՝ որտեղի՞ց են գնվել էներգակիրները, որտե՞ղ են մուտքագրվել, փաստաթղթային ձեւակերպումներով ի՞նչ պիտի փոխանցվեր Հայաստան, որտե՞ղ են սպառվել այդ էներգակիրները, ի՞նչ տեսքով, դրանց սպառումից ի՞նչ մուտքեր են գոյացել եւ այլն։

Մեր տպավորությամբ, Դավիթ Լոքյանի այս հանձնաժողովի նախագահ դառնալուց բոլորը գոհ էին, ի բացառյալ Արշակ Սադոյանի։ Գիտե՞ք ինչու. որովհետեւ նրա կարծիքով մեծ սպասումներից հետո իրականացված նախաձեռնությունը պիտի հանգեր տրամաբանական ավարտի։ Հանձնաժողովի նախագահ ընտրելիս գործադրվել է ինքնառաջադրման պրակտիկան. «Ես ասացի՝ պատրաստ եմ պատասխանատվությունն ամբողջապես վերցնել հանցագործությունը բացահայտելու՝ որի մասշտաբներին չեմ կասկածում»։ Ասելով, որ խնդիրն ամենեւին էլ Դավիթ Լոքյանի անձի մեջ չէ, Արշակ Սադոյանը հայտարարեց. «Երկարատեւ դեգերումներից հետո հստակություն մտցնելու անհրաժեշտություն կա մեր կուսակցությունների հարաբերություններում՝ Հայաստանում քաղաքական ուժերի դասավորվածության տեսակետից»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031