Լրահոս
Օրվա լրահոսը

«ТОГДА САМ ВЫБЕРАЙ КОЛОР И САМ КРАСЬ!»

Հոկտեմբեր 06,1999 00:00
femida

Քիչ էր մնում, որ «Միմինո» կինոնկարի մի հերոսի հանգույն այսպես դիմեր ԿԸՀ-ն Դավիթ Հարությունյանին, Վիկտոր Դալլաքյանին եւ առաջին ատյանի դատավորներին, որ նրանք էլ իրենց փոխարեն կազմակերպեն ընտրությունները. «А меня тут нет!»։

Բոլորովին չենք չափազանցնում՝ ԿԸՀ երեկվա շուրջ 4 ժամանոց նիստում, որին հանրապետությունից բացակայելու պատճառով ներկա չէին ԿԸՀ նախագահն ու փոխնախագահը, առաջարկներ հնչեցին ողջ կազմով հրաժարական տալու վերաբերյալ։ Վահե Վարսանյանի ներկայացրած հայտարարության նախագծում էլ նման պարբերություն կար. «ԿԸՀ-ն հայտարարում է, որ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման եւ օրինականությունն ապահովելու պատասխանատվություն այլեւս չի կարող կրել»։ Չնայած հետո հիմնականում «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի հորդորներով («Սա պարտվողականություն է,- ասում էր նա,- առաջարկելով կռվից չփախչել։- Չհանձնվենք։ Ես պատասխանատվությունը մինչեւ վերջ կկրեմ՝ հենց թասիբի համար»), նահանջեցին եւ այս պարբերությունը դուրս մնաց հայտարարության վերջնական տեքստից։

Հայտարարության դրդապատճառ դարձած նախապատմության համառոտ շարադրանքն է. ԿԸՀ-ն առաջնորդվելով «Ընտրական օրենսգրքով» ՄԸՀ-երին արգելել էր քննարկել եւ քվեարկության դնել տվյալ համայնքում վերջին մեկ տարուց պակաս հաշվառված անձանց։ Ընդ որում, այդ որոշումը չէր բողոքարկվել որեւէ անձի կողմից։ Սակայն գրեթե բոլոր մարզերի դատարանները անօրինական էին համարել ՄԸՀ-երի որոշումներն այդ թեկնածուների գրանցումը մերժելու մասին։ Ընդ որում, հիշեցնենք, որ այդ վճիռները ենթակա չեն բողոքարկման։ Այս ամենը ԿԸՀ-ին դրդել էին անելու հետեւյալ քայլը. «ԿԸՀ-ն հայտարարում է, որ դատարանների հակաօրինական վճիռները խոչընդոտում են ԿԸՀ-ին ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը եւ օրինականության ապահովումը հանրապետությունում եւ առաջիկա ընտրությունների ձախողման պատասխանատվությունն ընկնում է առաջին ատյանի դատարանների վրա»։

Հավասարակշռությունը պահպանելու նպատակով նշենք, որ դատավճիռներում էլ Սահմանադրությունն են վկայակոչել, ըստ որի քաղաքացու ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար։ Իսկ Սահմանադրությունը գերակա է մնացյալ օրենքների հանդեպ։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Աշոտ Սարգսյանը՝ «Վճիռներին ծանոթանում, հիասթափվում ես դատավորներից»։ Արմեն Խոջոյանը մի օրինակ մեջբերեց։ Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Վ. Ղազարյանը վճռում մասնավորապես նշել էր. «Գնահատելով… ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքը, դատարանը գտավ, որ դիմումատուն համարվում է Անտառամուտի մշտական բնակիչ» եւ վերականգնել էր նրա՝ Անտառամուտի համայնքապետի թեկնածու գրանցումը։

ԿԸՀ շատ անդամներ համահունչ տեսակետներ հայտնեցին, թե այս առնչությամբ դատավճիռները կարծես իրարից արտագրած լինեն, որ սա որոշակիորեն հրահանգված է, իսկ ավելի ստույգ՝ կարգադրության հեղինակին մատնանշեց Վահե Վարսանյանը. «այս խառնաշփոթը ստեղծում է արդարադատության նախարարը»։ Համլետ Աբրահամյանը մեզանում ավելի ընդունված դրդապատճառներով բացատրեց այս դատավճիռները. «Կա՛մ ասել են, կա՛մ որեւէ մեկի բարեկամն է, կա՛մ էլ կաշառք են վերցրել»։

Ինչեւէ, միայն պետության վարկի եւ ընտրությունները նախապես իսկ անօրինական հռչակելու մտահոգությունն էր, որ ԿԸՀ-ին ստիպեց ձեռնպահ մնալ ընտրական գործընթացների կազմակերպումից ձեռքերը լվանալուց։ Չնայած, անկեղծ ասած, անհասկանալի է, թե դատարաններին պատասխանատվությունը վերահասցեագրելն արդյոք որեւէ նշանակություն կունենա։

4 ժամից երկուսը երեկ ԿԸՀ-ն վատնեց այն հարցի քննարկման վրա, թե ինչպես վարվել Արարատ Խրիմյանին Էրեբունու համայնքապետի թեկնածու գրանցելու Երեւանի ՄԸՀ-ի որոշման հետ։ Այդ որոշումը բեկանելու կամ այլ առաջարկներից եւ ոչ մեկը քվեարկության ժամանակ բավարար ձայներ չստացավ։ Եվ Արարատ Խրիմյանը, որի գրանցումը Էրեբունու համայնքում մեկ տարուց մի քիչ պակաս է, մնաց թեկնածու։ «Ձեր հայտարարությանը շատ համահունչ էր»,- հեգնեց Երեւանի ՄԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Մկրտիչ Տիգրանյանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031