Հունիսի 2-ին ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ընտրողների ցուցակները ճշտելու առնչությամբ խոստացել էր. «Եթե մենք այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկենք, ապա նույն խնդրի առջեւ կկանգնենք տեղական մարմինների ընտրությունների ժամանակ»։ Նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ինչ որոշակի միջոցներ են ձեռնարկվել, ասաց. «Համայնքներում բոլոր ցուցակները վերանայվել են ըստ քաղաքացիների հաշվառման հասցեների։ Բոլոր ընտրական տեղամասերում ցուցակներն այժմ փակցված են, եւ մարդիկ ուղղակի պիտի հետեւողականություն ցուցաբերեն՝ գնան ստուգեն։ Երեւի թե անճշտությունները 100%-ով բացառել հնարավոր չէ, բայց աշխատանքներ են տարվում դրանք նվազագույնի հասցնելու համար»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանի կանխատեսումները ծխախոտի հաստատագրված վճարների բարձրացումից հետո մաքսանենգության կանխման եւ բյուջետային միջոցների չպակասելու վերաբերյալ կարծես չեն իրականանում։ Մասնավորապես, եթե օգոստոսին ծխախոտի վաճառքից պետբյուջե մուտքերը կազմել են 2 մլն 200 հազար դոլար, ապա սեպտեմբերին՝ ընդամենը 1 մլն 800 հազար։