Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԲԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբեր 05,1999 00:00
arnet

Շենգավիթի համայնքում գտնվող Չեխովի 10 շենքի բակում աղբի անչափ բարձր աճ է գրանցվել։ Համայնքի սանմաքրման աշխատակիցներն արդեն 25 օր է (բնակիչների վկայությամբ) չեն գալիս աղբը տանելու։ Առնետները պարզապես տարերքի մեջ են՝ ուտում-խմում եւ բազմանում են։ Եթե այսօր էլ աղբը չհեռացվի բակից, չի բացառվում, որ տռզած առնետները հասնեն սանմաքրման կայան եւ սկսեն կրծել պետի կամ տեղակալի բազկաթոռը։

ՏԱԿԸ ԲԱ՞Ն ԿԱՐ

kamerayin

Մի քանի օր առաջ «Առավոտը» հայտնել էր, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գործադիր տնօրեն է նշանակվել իր մյուս պետական ծառայությունից չհրաժարված՝ ՀՀ հեղինակային իրավունքի ազգային գործակալության վարչության պետ Վլադիմիր Կոստանդյանը։ Ասում են, հաջորդ օրը հազիվ բացված՝ պրն Կոստանդյանը շտապել է հրաժարվել՝ ո՛չ վարչության պետի, այլ նվագախմբի գործադիր տնօրենի պաշտոնից, իբրեւ թե պետական ծառայողի երկու պաշտոնները չհամատեղելու համար։ Կարելի է կարծել, թե նշանակվելիս չգիտեր՝ ուր է գալիս։

ԴԱՐՁՅԱԼ ՔԻՉ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ ԵՆՔ

ashxarh

1999 թվականի հոկտեմբերի 12-ին աշխարհի բնակչությունը կհասնի 6 միլիարդի։ Այն կրկնապատկվել է 1960 թվականի համեմատությամբ ու շարունակում է արագորեն աճել տարեկան 77 միլիոնով, եւ կարող է 9 միլիարդ դառնալ 2050 թվականին։ Ամենամեծ աճը տեղի կունենա աշխարհի ամենաաղքատ եւ նման աճին անպատրաստ երկրներում։ Հայաստանին, դա, հավանաբար, չի սպառնում։

ՀԱՅՈՑ ՄԱՄՈՒԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

garnik ananyan

Վերջապես օրենքի ուժ ստացավ հայ ժուռնալիստիկայի ռահվիրա Գառնիկ Անանյանի մանկության կապույտ երազը. ԵՊՀ-ի ռեկտորի հրամանագրով ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը վերափոխվեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի։ Վստահաբար կարելի է ասել, որ այսուհետ ֆակուլտետի կարգավիճակով լրագրողի դիպլոմ ստացածները կգրեն ավելի լացակումած եւ ավելի խուճուճ նախադասություններով նյութեր։

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Gagik Harutyunyan

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկում է Սահմանադրության մեջ ավելացնել, որ «ՍԴ-ն լուծում է պետական իշխանության մարմինների սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերը։ Դրանց առկայության դեպքում ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության հարցումով ՍԴ-ն մեկնաբանում է Սահմանադրությունը»։ Որպես առաջարկի հիմնավորում՝ Գագիկ Հարությունյանը նշում է ՀՀ նախագահի եւ պատգամավորների մեկ-երրորդի միջեւ տեղ գտած հեռակա բանավեճը։ Խոսքն օրենքի շրջանակներում ԱԺ պատգամավորների արտահերթ նստաշրջան հրավիրելու ցանկության եւ օրենքը չխախտելով՝ նախագահի՝ այդ ցանկությունը մերժելու մասին է։

ԱՐԱՅԻԿԸ ՖԻԴԱՅԻ ԳՐՎԵՑ

Ara Galoyan

Այսօրվանից վերահրատարակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից հովանավորվող «Ժամանակ» օրաթերթը։ Սրտանց ցանկանում ենք մեր գործընկերներին՝ թերթի գլխավոր խմբագիր, «Առավոտի» կադր Արա Գալոյանի ղեկավարությամբ, բարի երթ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031