Այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը ջանում էր ստանալ ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խնդրո առարկա երկրի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը Վաշինգթոնում նույնպես փորձում էր լուծել մի շարք քաղաքական եւ տնտեսական խնդիրներ։
Սակայն նրա մտահոգության առարկան Կիպրոսի հիմնախնդիրն էր, թուրքական տեքստիլի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումների վերացումը, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկից եւ Միջազգային արտարժութային հիմնադրամից նոր վարկերի ստացումը։
Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ առաջին եւ երրորդ հարցադրումներին Անկարան ստացել է դրական լուծումներ (ՀԲ-ն համաձայնել է Թուրքիային տրամադրել 3 միլիարդ դոլարի վարկ), կարելի է Էջեւիթի այցը գնահատել որպես հաջողված։ Շատ ավելի կարեւոր էր Կիպրոսի հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Հակառակ ԱՄՆ հունական լոբբիի եւ Աթենքի ակնկալիքների, Էջեւիթի հետ հանդիպման ժամանակ նախագահ Քլինթոնը ոչ միայն ճնշում չի գործադրել Թուրքիայի վրա, այլեւ հավաստիացրել է, որ «Կիպրոսի հարցում այլեւս վերադարձ չի լինի 1974 թվականից (իմա՝ թուրքական ներխուժումից) առաջ կղզում գոյություն ունեցող կարգավիճակին» («Միլիեթ», 30.09.99), ինչը նշանակում է դե-ֆակտո ճանաչել կղզու երկբեւեռ (երկու առանձին պետություններ) կարգավիճակը՝ ուղի հարթելով հիմնահարցի լուծման թուրքական (կոնֆեդերացիա) տեսակետին։
Սա կարող էր հուսադրող լինել մոտավորապես նման իրավիճակում գտնվող հայ-ադրբեջանական հակամարտության հայկական կողմի համար, եթե հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը (ըստ թուրքական աղբյուրների) հետեւյալ միտքն արտահայտած չլիներ. «Մենք պետք է վերանայենք մեր մոտեցումը տեղային կոնֆլիկտների վերաբերյալ։ Եթե մենք աջակցություն ցույց տանք բոլոր ճնշվածներին, դա կարող է բերել ազգային պետությունների ոչնչացմանը»։ Այս արտահայտությունը կարելի է մեկնաբանել ցանկացած կերպով։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ կանաչ լույս է վառում թե՛ Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի դեմ ծավալած պատժիչ գործողություններին, եւ թե՛ Թուրքիայի քրդերի նկատմամբ կիրառվող քաղաքականությանը։ Կարծես դրա օգտին է խոսում թուրքական բանակի հերթական անարգելք ներխուժումը Հյուսիսային Իրաք՝ հանդիպման հաջորդ առավոտը։
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ ԱՄՆ առաջվա պես շարունակում է աջակցել Բաքու-Ջեյհան նավթամուղի ծրագրին, որը շտապեցին գերեզման մտցնել ռուսական եւ հայկական որոշ լրատվամիջոցներ։ Դա կարելի է նաեւ դիվանագիտական խաղ համարել, սակայն կասկածից վեր է, որ կասպիական (լինի ադրբեջանական, լինի ղազախական կամ թուրքմենական) նավթը մի օր խողովակաշարերով դեպի արեւմուտք է հոսելու, եւ այս հարցում վճռական խոսքը պատկանելու է նորին գերազանցություն տնտեսական շահին։ Իսկ այդ շահն իր երթուղին վաղուց արդեն ընտրել է՝ Բաքու-Երեւան-Ջեյհան տեսքով, որի իրականացումը հնարավոր է տարածաշրջանի երկու հիմնախնդիրների՝ ղարաբաղյան եւ թուրք-քրդական, կարգավորման դեպքում։ Այդ կարգավորումն այսօր անհնար է թվում, սակայն գուցե հենց ընդհանուր տնտեսական շահի գիտակցումն է լուծման բանալին… Ի վերջո, կեցությունն է որոշում կացությունը։ Տվյալ դեպքում, իհարկե, խոսքը միայն նավթամուղի մասին չէ, այլ տնտեսական համագործակցության հնարավոր բոլոր ոլորտների, որոնց շուրջ բանակցությունները կարող են սկսել եւ արդյունավետ կարող են լինել շահագրգռված կողմերի (Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա) անմիջական շփումներով։ Այդ դեպքում Վաշինգթոնը կարող է ստանձնել ոչ թե միջնորդի, այլ նպաստողի դերը, բնականաբար՝ ելնելով իր շահերից։
ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆ