Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հոկտեմբեր 05,1999 00:00
Ara Sahakyan

Վստահ է Արա Սահակյանը

Երեկ «21-րդ դարի» գրասենյակում համախոհները տոնում էին կուսակցության ստեղծման առաջին տարեդարձը։ Եվ միայն «Առավոտն» էր, որ տորթ ուտելու եւ շամպայն խմելու փոխարեն էլի աշխատում եւ ձայնագրիչով հարամ էր անում նրանց տոնը։ Պատկերացրեք՝ մարդիկ ուզում են հանգիստ ուտեն, խմեն եւ գեղեցիկ աղջիկների հետ պարեն (իսկ այդպիսիք այս ժողովրդավարական եւ ազգային կուսակցությունում քիչ չեն), իսկ նրանց խնդրում են գնահատել, թե արդյոք անցած մեկ տարում «21-րդ դարը» կայացա՞վ որպես կուսակցություն։ Չնայած դժգոհողներ առանձնապես չկային, քանի որ տանտերը՝ Դավիթ Շահնազարյանը, կենացներ ասելու բացառիկ իրավունքն իրեն էր վերապահել (նրա վարակիչ լավատեսության տիպական օրինակ՝ «Ծանր վիճակներ ենք ապրում, բայց այսպես միասին լինելով հաղթահարելու ենք դրանք։ Քանի որ ծանր վիճակի կյանքը շատ կարճ է։ Դրանից հետո գալու է ավելի ծանր վիճակ»), իսկ մյուսներին գրեթե զրկել էր ձայնի իրավունքից։ Ուստի «Առավոտի» այս միակ հարցի միջոցով մարդիկ վերականգնում էին պատասխան կենացով հանդես գալու իրենց սահմանադրական իրավունքը։

Երջանիկ Աբգարյան– «21-րդ դարը» կայացման ճանապարհին է եւ առաջին տարին հաջողությամբ հաղթահարեց հատկապես իր առաջնորդի միջոցով։ Եթե նկատի ունենանք, որ այս կազմակերպությունը ներկայացնում է աջ ուժերի մի որոշակի ուղղություն՝ առաջիկայում այս կարգի կուսակցություններն ի վերջո միջոց կգտնեն միավորվելու եւ լրացնելու այն բացը, որ կա Հայաստանի քաղաքական դաշտում աջ ուժերի մեջ։ Ի դեպ, չնայած իր միամյա հասակին՝ «21-րդ դարը» հասցրել է քաղաքականության մեջ հասկանալ այն, ինչ չեն հասցրել որոշ զառամյալ ու մառազմատիկ կուսակցություններ 100 տարվա ընթացքում։

Կարապետ Ռուբինյան– Միայն այն հանգամանքը, որ ինձ թվում էր՝ «21-րդ դարն» առնվազն 3 տարեկան պիտի լինի, արդեն խոսում է այն մասին, որ այս կուսակցությունը կայացել է, ավելին, իր գործունեությամբ այնպիսի տպավորություն է թողել, թե կարծես միշտ եղել է։

Տեր Հուսիկ Լազարյան– Սկսենք նրանից, որ տարիքով չեմ պայմանավորում կուսակցության կայացումը՝ ունենք 100-ամյա կուսակցություններ, որոնք դեռ չեն կայացել։ Բայց «21-րդ դարը» իր ստեղծման օրից կայացած է, քանի որ ասելիք եւ անելիք ունի եւ ծրագիր, որը շատ անհրաժեշտ է այսօր մեր ժողովրդին։ Եվ լրացնում է այն բացը, որ իրենն է, իր սեփականը։ Այս առումով, անկախ տարիքից՝ այս կուսակցությունը կայացած է։

Բաբկեն Արարքցյան– Իհարկե, մեկ տարվա ժամանակահատվածը շատ կարճ է կուսակցության գործունեության գնահատականը տալու համար։ Բայց ե՛ւ անցած տարում, ե՛ւ ընդհանրապես վերջին տասնամյակում ժամանակը շատ խտացված էր, այնպես որ, կարելի է նախնական գնահատականներ տալ։ Կարծում եմ, որ կուսակցությունն արդեն իր ուրույն դեմքը ցույց է տվել։ Շատ կարեւորում եմ, որ «21-րդ դարը» գործում է ոչ միայն որպես առանձին կուսակցություն, այլ փորձում է քայլեր անել աջ, ազատական ուժերի համախմբման ուղղությամբ։ Եվ կարծում եմ, որ այստեղ առաջընթաց կա։ Իմ պատկերացմամբ, այն ուժերը, որոնք դավանում են այս ընդհանուր գաղափարախոսությունը պետք է, ի վերջո, միավորվեն, որ զարգանան մեր պետականության հիմքերում տրված սկզբունքները, որոնք, իմ տեսակետով, այսօր վտանգված են։ (Պրն Արարքցյանին լրացուցիչ մի հարց էլ ուղղեցինք, թե ինչպե՞ս է բացատրում միավորման գործընթացի ձգձգումը- Ա. Ի.)։ Կարծում եմ, նման դեպքերում պետք չէ խոսել ձգձգման մասին։ Սրանք շատ բարդ եւ նրբին գործընթացներ են։ Համոզված եմ, որ, ի վերջո, միավորումը կկայանա՝ դա ուղղակի անհրաժեշտություն է։ Եթե մենք չանենք՝ ինչ-որ ուժեր անպայման կիրականացնեն այն։ Բայց այսօր, գտնում եմ, կարող ուժերը հիմնականում գտնվում են այս շրջանակներում։

Արա Սահակյան– Ցանկացած կուսակցության կայանալը որոշվում է նրա հասարակական համարումով։ Եվ շատ պարզ մի փորձով կարելի է համոզվել, որ այն կայացել է. ցանկացած քիչ թե շատ ակտիվ մարդու եթե հարցնենք, թե ի՞նչ է 21-րդ դարը՝ կասի, որ դա Դավիթ Շահնազարյանի կուսակցությունն է։ Եվ եթե հարցնեք՝ ո՞վ է Դավիթ Շահնազարյանը, կասեն՝ «21-րդ դար» կուսակցության նախագահն է։

Ավետիք Իշխանյան– Նայած ինչ եք հասկանում «կայանալ» ասելով. եթե նկատի ունենք քաղաքական ասպարեզում որեւէ որոշակի հաջողության եւ թեկուզ մի փոքր հաղթանակի հասնելը, ապա, իհարկե, դա առայժմ չի երեւում։ Բայց մի տարվա ընթացքում «21-րդ դարն» իր որոշակի սկզբունքները շեշտել է, մնում է դրանք ավելի համառ ու հետեւողական քայլերով գործի վերածել։ Դա կերեւա ապագայում։

Քաղաքական բաժակաճառերն ունկնդրեց եւ գրի առավ

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031