Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ չսպասելով Հայաստան վերադառնալուն, վարչապետ Վազգեն Սարգսյանը նախարարներին հրահանգել է աշխատանքային օրը ժամը 9.00-ին սկսելու փոխարեն՝ սկսել 8.30-ին։ Կառավարության լրատվական ծառայությունից ոչ հաստատեցին եւ ոչ էլ հերքեցին այս լուրը։ Ծառայության աշխատակից Վահրամ Բրուտյանը նշեց, որ գրավոր հրահանգ իրենք չեն ստացել, իսկ բանավոր կարգադրությունների մասին տեղեկություն հայտնել չեն կարող։ Աշխատանքային օրվա ավարտի վերաբերյալ նոր հրահանգներ դեռեւս չկան, որոշ նախարարների պնդմամբ՝ այն ավարտվում է գիշերվա 1-2-ին։
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
Մոսկվայից հասած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքի «Ռոսիա» հյուրանոցում է գտնվում Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը։ Պրն Ասատրյանը ինտենսիվ շփումների մեջ է գործարար Աշոտ Եղիազարյանի հետ, որը հանրությանը ծանոթ է որպես նախկին դատախազ Յուրի Սկուրատովի նման մարդուն աղջիկների նման էակներ մատակարարող, ինչպես նաեւ Միխասի հետ, որը, ըստ լուրերի, կապ ունի Սոլնցեւյան հայտնի հանցավոր խմբի հետ։ Թե պրն Եղիազարյանը, թե Միխասն առաջադրել են իրենց թեկնածությունները Պետդումայի ընտրություններում՝ Վլադիմիր Ժիրինովսկու ցուցակով։
Կարդացեք նաև
ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔ ՉԷ՞
Շեւարդնաձեի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի արտահայտած միտքը, թե Ջավախքը մի սփյուռք է Վրաստանում, շարժել է «Հայ ազգային պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող անկախ ասոցիացիայի» զայրույթը։ «Ջավախահայությունը,- ասված է հայտարարության մեջ,- ինչպես եւ ողջ վիրահայությունը, երբեք եկվոր չի եղել, նրան սփյուռքահայ պիտակին արժանացնելու համար։ Կոնյունկտուրային նկատառումներով թելադրված նմանօրինակ հայտարարություններն ու Հռչակագիրն՝ ինքը, լոկ նպատակ ունեն հավերժացնելու հայկական տարածքների վրացական զավթումը»։