Խիստ զարմացա, երբ ինձ, որ մշակույթի մեկնաբանության փոխարեն նախընտրում եմ քաղաքական խարդավանքների լուսաբանումը՝ Արամ Իսաբեկյանը Ազգային պատկերասրահում իր անհատական ցուցահանդեսի բացման հրավիրատոմսն ուղարկեց։ Հանդիսավոր, աղմկոտ, հարսանիքային գեներալներով լեցուն արարողությունների փոխարեն միշտ նախընտրել եմ խաղաղ հայեցումը՝ ուստի ցուցահանդես այցելեցի բացումից միայն մեկ շաբաթ անց։ Ցուցահանդեսի անմիջապես մուտքի մոտ կախված էր մի մարդու նկար, որն օրվա մեջ առնվազն 8-9 ժամ շարունակ աչքիս առաջ է։ Դեմ առ դեմ, «Առավոտի» նույն սենյակում ենք նստում բանաստեղծ Արմեն Շեկոյանի հետ եւ նրա ծերունական բիձայի պես փնթփնթալու եւ ինքն իր հետ բանավիճելու, ծանրութեթեւ անելու հատկությունները, ասում են, արդեն ինձ էլ են վարակել։ Թե՞, Արամ Իսաբեկյանն էլ է իգդիրեցի՝ Արմենի պես, թե՞ երեւի իրեն էլ է վարակել՝ համենայն դեպս, դիմանկարում ինքն էր։ Իմ շատ սիրելի Վարուժան Վարդանյանի եւ Ալեքսան Կիրակոսյանի նկարներն էլ էին «իրենք»։
Ի դեպ, քաղաքականության մասին գրողի համար էլ այս ցուցահանդեսում լիքը նյութ կար՝ 1996-ին նկարված «Խաբուսիկ անդորրը»՝ կապույտի վրա մահը՝ գերանդիով, նույն տարում՝ «Հիշիր 37-ը» (չլինի՞ նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների արձագանքն է), 1989-ին «Բորենիների խրախճանքը»… Բայց ես, ափսոս, մասնագետ եւ մշակույթի մեկնաբան չեմ, որ կարողանայի տեղին դիտողություններ անել էքսպոզիցիայի, գունային լուծումների եւ վարպետության մասին։ Ե՛վ նկարչության, ե՛ւ բանաստեղծության պարագայում չափանիշս միակն է՝ կա՛մ հոգեհարազատ են, կա՛մ ոչ։ Եվ ոչ էլ արժե սեփական ճաշակի եզրահանգումներն ուրիշներին հրամցնել։ Ուստի, գնացեք Ազգային պատկերասրահ եւ ինքներդ որոշեք՝ հոգեհարազա՞տ են ձեզ գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի գործերը, թե՞ ոչ։
Ա. Ի.