Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրորդ թարմության բրիֆինգներ

Հոկտեմբեր 02,1999 00:00
papyan

Նախագահի կամ արտգործնախարարի պաշտոնական այցերը մամուլում, այլ ԶԼՄ-ներում մանրակրկիտ լուսաբանվելուց հետո, դրանց մանրամասները մեկ անգամ էլ վերոնշյալ պաշտոնյաների մամուլի խոսնակների շուրթերից լսելն արդեն ավանդույթ է։

Ավանդույթի ամուր հիմքերը երեկ չխախտեց արտգործնախարար Օսկանյանի մամուլի խոսնակ Արա Պապյանը՝ ներկայացնելով Վարդան Օսկանյանի՝ Կանադա կատարած մեկ շաբաթվա «թարմության» պաշտոնական այցի մանրամասները։ Օսկանյանի ամենակարեւոր հանդիպումը Կանադայի արտգործնախարար Լոյդ Աքսորսիի հետ էր։

Ճիշտ է, Կանադան անմիջականորեն ներգրավված չէ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում, բայց դա կարեւոր չէ. Օսկանյանը ներկայացրել է հարցը եւ պատասխանել իր գործընկերոջ հարցին։ Որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, բայց ձեռք բերվեց ամեն տարի 3-4 հայ զինվորի խաղաղապահ գործունեության մեջ ներգրավելու պայմանավորվածություն։

Կանադական կողմը հակահետեւակային ականներ չօգտագործելու նախաձեռնող երկիրն է եւ հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանը չի ստորագրել այդ ականները չօգտագործելու համաձայնագիրը։ «Մենք սկզբունքորեն համաձայն ենք, որ դա անմարդկային զենք է»։ Բայց հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական, ռազմական վիճակը, ստիպված ենք առժամանակ զերծ մնալ համաձայնագրի ստորագրումից։

Եթե Հայաստանը Կանադայի հետ կնքի «Երկակի հարկումից խուսափելու» պայմանագիր, Կանադայի գործարարները Հայաստանում ներդրումներ կանեն։ Արա Պապյանը հատկապես հիացած էր Կանադայում մեր արտգործնախարարի ընդունելությամբ։

«Բացառիկ ընդունելություն էր։ Ե՛վ արտգործնախարարությունում մեծ ընդունելություն տրվեց, ե՛ւ համայնքի պաշտոնյաների մասնակցությամբ։ Բաներ կան, որ որպես ցուցանիշ կարեւոր են, բայց նման բաներ հաճախ չէ, որ կատարվում են»։

Կանադահայերը Հայաստանում հեռանկարային են համարում տուրիզմի բնագավառը։ Հայաստան տարեկան մոտ 1000 կանադացի է այցելում։ Կանադայի հայկական համայնքը 70000-ից ավելի է, իսկ նրանցից քիչ չեն Արարատը տեսնել ցանկացողները։ (Վերջերս Հայաստան եկած մի կանադացի, ի դեպ, ասում էր՝ պատրաստ եմ միայն սխտոր-հաց ուտել, Արարատին նայել։

Նա, ինչ խոսք, այժմ Կանադայում է եւ միայն սխտոր ու հացով չէ, որ սնվում է- Լ. Ա.)։ Կանադացիները հետաքրքրված են Հայաստանի բաշխիչ կայանների սեփականաշնորհման հարցերով, քիմիական արդյունաբերությամբ։ Քանի դեռ այլ երկրներից չեն հետաքրքրվել մեր այդ ոլորտներով, Կանադան բոլոր շանսերն ունի դրանք սեփականաշնորհելու։

Արա Պապյանը ներկայացրեց ՄԱԿ-ում Օսկանյանի ելույթը, այլ մանրամասներ, որոնց մամուլը քանի օր է՝ պարբերաբար անդրադառնում է։ Մենք չենք մեջբերի նաեւ պրն Օսկանյանի՝ հոկտեմբերին ծրագրված այցելություններն ու հանդիպումները, քանի որ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի պաշտոնանկության լուրերը, հնարավոր է՝ իրականանան, իսկ արդեն նշված այցելությունների գրաֆիկը՝ փոփոխվի։ Արա Պապյանի պատասխաններից պարզ էր, որ Օսկանյանն ինքնակամ հրաժարական տալու մտադրություն չունի։ Այլ բան է, որ վարչապետը (այլ ոչ նախագահը) նրանից գոհ չէ։

Ինչ վերաբերում է պրն Օսկանյանի՝ արդեն կայացած հանդիպումների արդյունքում ԼՂՀ կարգավիճակի ճշգրտմանը, ըստ Պապյանի. «Կա կարծիք, որ միչեւ նոյեմբեր կարգավիճակի հարցը լուծվի։ Կարգավիճակի հարց ասելով՝ նկատի ունեն սկզբունքային համաձայնությունը կարգավիճակի վերաբերյալ եւ ոչ թե այն մեծ փաթեթը, որի մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք առանձին քննարկման հարցեր են։ Հուսադրող է, որ Ադրբեջանն ապրիլից սկսած՝ ընդունում է, որ հարցը միայն կարող է լուծվել փոխզիջումային տարբերակով։ Մնում է հստակեցնել, թե ինչ են հասկանում կողմերը՝ փոխզիջում ասելով։ Հայաստանի համար փոխզիջումն այն է, որ այսօր չենք բարձրացնում Ղարաբաղի՝ Հայաստանին միանշանակ միավորվելու հարցը, այլ պատրաստ ենք ընդունել տարբերակ, ուր Ղարաբաղը չլինի Հայաստանի մաս, բայց չլինի նաեւ Ադրբեջանինը»։

Օսկանյանի թուլությունը՝ տեսնելու հզոր Թուրքիա, փոքր-ինչ տարակուսանքի մեջ էր գցել Հայաստանի քաղաքական որոշ ուժերի, բայց, ըստ Արա Պապյանի՝ «Թուրքիայի դրական ներգրավվածություն ասելով՝ հասկանում ենք՝ Հայաստանի շրջափակման վերացում Թուրքիայի կողմից, հավասարակշռված մոտեցում Թուրքիայի կողմից երկու երկրների նկատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, չեզոքություն Ղարաբաղի հարցում. ոչ մի կողմնապահություն, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում, առեւտրի ծավալում»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031