Որքան մոտենում են կաթողիկոսական ընտրությունները, այնքան եկեղեցականների միջեւ, հատկապես թեկնածուների, հարաբերությունները սրվում են, մթնոլորտը լարվում է։ Բոլորն էլ ուզում են կաթողիկոս դառնալ։
Ու ամեն մեկն իր ձեւով է փորձում հասնել։ Ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այս դեպքում էլ, ճիշտ է, ոչ բացահայտ, բայց միասնություններ ու դաշինքներ են ստեղծվում։ Վեց արքեպիսկոպոսների օրերս արված հայտարարությունը, թե «… Վերջին օրերի զարգացումները հստակորեն ցույց են տալիս, որ պետական ավագանին կարծիք է կայացրել եւ դիրքորոշվել է ի նպաստ թեկնածուներից մեկի, աշխատանք է կատարում նրա կաթողիկոսացման համար», ավելի բացահայտեցին տիրող վիճակը։ Այդ «դաշինքը» կա՛մ հուսահատությունից էր աղաղակում, ինչը խելամիտ քայլ չէր, կա՛մ իշխանություններից, հօգուտ իրենց, միջամտություն էր ակնկալում, կա՛մ էլ նախագահական ընտրություններից վատ ընդօրինակում է տեղի ունենում։ Այնպես որ, այդ «աղաղակը» չի կարելի համարել «մտահոգություն ու հորդորում բոլորին»՝ որպեսզի «զերծ մնալ մեր Եկեղեցու ներքին միասնության եւ ավանդության հիմքերը սասանող նման կեցվածքից եւ սթափորեն վերագնահատել հարցի կարեւորությունն ու պահի լրջությունը»։
«Անկրակ ծուխ չի լինումից» ելնելով մի նշում էլ կատարենք. մի շարք հավաստի, բայց չճշտված աղբյուրներից երկու օր առաջ տեղեկացանք, թե կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, որը ստորագրել էր վերոնշյալ «հորդորական կոչը», ուզում է հրաժարվել, թե ինքը չի ստորագրել ու չի մասնակցել այդ կոչի «արարմանը»։
Ինչ խոսք, մինչեւ ընտրությունների բուն օրը նման դեպքերի շղթան հաստատ կհարստանա։ Այս հայտարարության եւ իրավիճակի լարվածության հետ կապված հարցերով դիմեցինք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արք. Ներսիսյանին, որը կաթողիկոսական թեկնածու է։ Եվ, ինչպես հայտնի է, «հորդորական կոչում» նշված «թեկնածուներից մեկը» ձեւակերպումը հենց իրեն էր ուղղված։
Կարդացեք նաև
-Ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս մամուլում մշակույթի որոշ գործիչների՝ կաթողիկոսական ընտրությունների խաղաղ անցկացման մասին, ինչպես նաեւ՝ մի խումբ արքեպիսկոպոսների ընդվզող հայտարարություններին։ Դուք որեւէ հայտարարությամբ հանդես չեք գալիս, պասիվ դիրքի է նման։
– Այդ ամբողջը ընտրությանը ուղեկցող բնական դրսեւորումներ են, այնպես որ, ոչինչ արտառոց չեմ տեսնում։ Այլ բան է, թե որքանով է ճիշտ, որքանով՝ շիտակ։ Ես կարծում եմ, որ կաթողիկոսական ընտրություններում մենք պետք է առաջնորդվենք հանդարտ ոգով։ Կարծում եմ, մամուլի եւ մեր յուրաքանչյուրիս խնդիրը պետք է լինի առավելագույնս փորձել ճանաչեցնել թեկնածուներին, որպեսզի ճիշտ կարողանան կողմնորոշվել Ազգային Եկեղեցական ժողովի պատգամավորները, որոնք պիտի մասնակցեն ընտրությանը։ Իրարանցումը ոչ մի շահեկան բան չի կարող ապահովել ո՛չ ազգին, ո՛չ եկեղեցուն, ո՛չ հայրենիքին։ Մենք եկեղեցական ենք, մեր աշխատանքը, առաքելությունը ունենք, պետք է այդ ոգով շարունակենք գործել եւ մեր աշխատանքին հասու դարձնենք հանրությանը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր թեկնածու նախանձախնդիր, շահագրգիռ է, որպեսզի ընտրությունները ճիշտ եւ արդար լինեն եւ հայ եկեղեցու գահին բազմի արժանավոր մի անձ՝ ժամանակի պահանջների եւ ոգու համաձայն եւ կարողանա մեր եկեղեցին զորացնել, մեր եկեղեցին օգտակար առաքելության մեջ առաջնորդել մեր ժողովրդի կյանքին։ Ես հավատ ունեմ, որ աստվածային սուրբ հոգու առաջնորդությունը կունենանք ընտրություններում եւ շիտակ, հանդարտ ընտրություն կկատարենք։
– Իսկ հայտարարությունը նաեւ իշխանության կառույցներից միջամտության ոչ թե դեմ, այլ համար միտում էլ էր կրում։ Կարծես միջամտության ակնկալիք կար։
– Այդ հայեցակետով չեմ դիտել հայտարարությունը եւ ընկալեցի որպես մտահոգություն եւ որեւէ հնարավոր միջամտության կանխարգելիչ քայլ։ Համամիտ չեմ նման հայտարարության կերպի եւ ձեւի հետ, որովհետեւ արդեն հանձնախումբ եղել էր հանրապետության նախագահի մոտ, խոսվել էր եւ հավաստիացում տրվել էր, որ միջամտություն չպետք է լինի։
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ այսօր, մեր հայաստանյան իրականությունը հաշվի առնելով, ճիշտ չէ «դրսից» կաթողիկոս ունենալը։
– Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մեր ժողովրդի զավակաց հոգեւոր գերագույն առաջնորդությունն է։ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանի մեր հավատացյալների համար միայն չէ, այն կաթողիկոսություն է աշխարհում սփռված մեր ողջ զավակաց համար եւ, բնականաբար, Հայաստանում կամ Սփյուռքում պաշտոնավարող մեր եկեղեցական բարձր դասը, յուրաքանչյուրը հավասար չափով իրավունք ունի հավակնելու կաթողիկոսական գահին բազմելու առումով։ Կարծում եմ, որ միամտություն է նման հարցադրումը եւ սխալ է, որովհետեւ ի վերջո Հայաստանում ապրող եկեղեցականներին չի պատկանում Էջմիածինը եւ որեւէ ձեւով նրանք առավելություն չեն կարող ունենալ։ Մենք ավելի շատ պետք է առաջնորդվենք՝ անձը իր կարողություններով եւ նպատակահարմարությամբ, այսօրվա մեր կյանքից առաջադրված խնդիրները լուծելու իմաստով պետք է դիտենք թեկնածուին, թե որքան է նա հարմար, հասու եկեղեցու առաջ ծառացած այդ խնդիրները լուծելու եւ նպաստելու մեր եկեղեցու, մեր հայրենիքի զորացմանը, նպաստելու մեր ժողովրդի հոգեւոր կյանքի ամրացմանը։
– Կարծիք կա, որ եթե այս չափով լարվածությունը սրվի, ապա ընտրությունները իրարանցումներով կանցնեն։
– Յուրաքանչյուր եկեղեցական, հոգեւորական սիրում է իր հայրենին, իր եկեղեցին, իր ժողովրդին։ Հավատում եմ, որ Տերը կկարգավորի բոլոր բնույթի զգացմունքայնությունները եւ կառաջնորդի մեզ դեպի մեր ժողովրդի եւ եկեղեցու գերագույն շահերի պաշտպանություն։ Բանականությունը ճիշտ ընթացքով մեզ կառաջնորդի։
– Կրակոցներ չե՞ն լինի…
– Ո՛չ, կրակոց, նման բաներ չե՛ն լինի։ Սերը կառաջնորդի եւ կհաղթի։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ