Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՀՀՇ ՉԷ, ՊԱՐԶԱՊԵՍ ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՄՈՏ Է

Հոկտեմբեր 02,1999 00:00
Andranik Margaryan

Քաղաքական հոկտեմբերի իրադարձությունների մի զգալի մասն էլ Հայաստանում պայմանավորելու են ամսվա երրորդ տասնօրյակում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս փուլում դեռեւս քաղաքական ուժերն ամբողջապես չեն բացել քարտերը, եւ այդ առումով իրադարձությունները չեն մտել թեժ շրջանակ։

Այդուհանդերձ, ինչ-որ դրսեւորումներ կան, որոնցից մեկն էլ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի՝ մամուլում հայտնած այն տեսակետն է, թե կուսակցությունը կոնկրետ թեկնածուների չի պաշտպանելու։ Ինչ է սա՝ պատասխանատվությունից խուսափելու պարզ դրսեւորո՞ւմ։

– Ոչ,- ասում է նույն ինքը՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը,- պարզապես ասվածը մամուլում մասնակի է արտահայտվել։ ՀՀԿ խորհուրդը համայնքների մեծ մասում կհաստատի իր նախընտրած թեկնածուներին։

Բայց, այո, տեղեր կլինեն, որոնցում ՀՀԿ-ից մի քանի թեկնածու կառաջադրվի եւ այդ ընտրատարածքների վերաբերյալ կուսակցությունը որոշում չի կայացնի։ Բոլոր դեպքերում, նախընտրելի թեկնածությունները կհամաձայնեցվեն «Միասնություն» դաշինքի ներսում, որովհետեւ արդեն իսկ որոշում է ընդունվել ՀԺԿ-ի հետ հնարավորինս շատ միասնական թեկնածուներով հանդես գալ։ Այնպես որ, թեկնածությունների առաջադրման եւ գրանցման գործընթացի ավարտին ՀՀԿ-ն հստակորեն արդեն կներկայացնի իր մոտեցումները։

– Պարոն Մարգարյան, այդ դեպքում ո՞ւր են այն երաշխիքները, որ ՀԺԿ-ՀՀԿ պայմանավորվածությունները կհարգվեն։ Մամուլում գրվեց, թե հակառակ պայմանավորվածության, ՀԺԿ անդամ Կամո Իգիթյանի փոխարեն Աջափնյակի փոխթաղապետ է նշանակվել «Շիրակ» հանրախանութի տերը։

– Կամո Իգիթյանի նշանակումը մի փոքր ուշացավ պարզապես։ Հիմա նա արդեն փոխթաղապետ է։ Մենք ջանալու ենք, որպեսզի պայմանավորվածություններն առավելագույնս պաշտպանվեն։ Անկուսակցական թեկնածուներ նույնպես կունենա «Միասնություն» դաշինքը։ Կուսակցականությունը չի շեշտադրվելու, կլինեն անհատներ, որոնք ոչ ՀՀԿ-ի եւ ոչ էլ ՀԺԿ-ի անդամ են։ Մեր նպատակն աշխատելու պատրաստակամություն ունեցող մարդկանց պաշտպանելն է,- ասաց պարոն Մարգարյանը եւ հետո այնպիսի մի հայտարարություն արեց, որ զարմացա։ Համոզվեք ինքներդ։- Մենք ավելի շատ մտածում ենք համայնքային, պետական շահի մասին, քան կուսակցության անդամների քանակն ավելացնելու։ ՀՀԿ-ն իր բոլոր պաշտպանյալներին էլ զգուշացրել է, թե վատ աշխատանքի դեպքում առաջին քննադատողն ու անվստահության հարց հարուցողն իրենք են լինելու։ Մեկ այլ առանձնահատկություն եւս. թեկնածուներին ՀՀԿ խորհուրդը կամ ՀԺԿ վարչությունը չէ, որ առաջադրում են՝ նախաձեռնությունները գալիս են տեղական կառույցներից եւ հետո միայն կենտրոնական գրասենյակներում է վերջնական վճիռ ընդունվում։

– Իմ տպավորությունն այլ է, պարոն Մարգարյան։ Հիմա երեկոները ՀՀԿ գրասենյակի առջեւ նույնքան բազմություն է հավաքվում, որքան 1996-ի տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ ՀՀՇ-ի առջեւ՝ Տեր Հուսիկի մոտ։

– Համեմատությունը տեղին չէ,- այսպես սկսեց պարոն Մարգարյանը,- ՀՀՇ-ի շենքի մոտ Կարապի լիճ չկար, ուր բազմություն է հավաքվում։ ՀՀԿ գրասենյակը լճի հարեւանությամբ է, որի կողքի սրճարաններում բազմաթիվ մարդիկ են հանգստանում։ Բացի այդ, քաղաքական առումով էլ հիմա կացությունը միանգամայն տարբեր է, որովհետեւ խնդիրներն առավելապես լուծվում են տեղերում՝ սկզբնական կազմակերպություններում։

– Պարոն Մարգարյան, շրջանառվող տեսակետներից մեկն էլ այն է, որ ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովում սեպտեմբերին չլսվեց Հայաստանի անդամակցության հարցը, որպեսզի, ասենք, Աջափնյակի պես դեպքերով, հավասարակշռության նշան դրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

– Ես հույս ունեմ, որ նմանատիպ գործողություններ որեւէ տեղ ծայր չեն առնի։ Աջափնյակում տեղի ունեցածն ընդամենը թյուրիմացություն էր, ինչը բնորոշ չէ Հայաստանում անցկացվող ընտրություններին։ Բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել՝ ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների, ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական, իսկ նման դեպքեր չեն պատահել։ Եղածը ԶԼՄ-ները ուռճացրին։ Ես կցանկանայի, որ ընտրություններից առաջ մթնոլորտն անընդհատ չշիկացվի եւ անընդհատ շրջանառության մեջ չպահվի արդեն ֆենոմեն դարձած «Աջափնյակ» արտահայտությունը։ Անշուշտ, ՀՀԿ-ն ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը։

«Միասնություն» դաշինքը, որն ունի կառավարություն եւ պատասխանատվություններ է ստանձնել պետության ու բնակչության առջեւ, ամենայն ջանք գործադրելու է, որպեսզի ԵԽ դիտորդների դրական գնահատականին արժանանան ընտրությունները եւ այդ համապետական միջոցառման արդյունքում իշխանությունների նկատմամբ վստահություն ստեղծվի ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ միջազգային բեմերում։

Ինչ վերաբերում է «Աջափնյակ» հասկացությանը, ապա այն ընդհանրապես պիտի հանվի շրջանառությունից, որովհետեւ մենք պիտի ձգտենք ավելի դրական տոներով խոսել եւ ոչ թե անընդհատ ծայրահեղ համեմատությունների գիրկն ընկնենք՝ ասենք՝ 1917, 1937 կամ 1947 թվականների հետ։

– Շատ լավ, պարոն Մարգարյան, սակայն, ըստ էության, իրոք, լուրջ մի հարցադրման հետ ենք բախվում՝ չունենալ աջափնյակնե՞ր, թե՞ ունենալ լավ թաղապետեր։

– Ունենալ լավ թաղապետեր, որոնք կգործեն օրենքի շրջանակներում։ Դա է նպատակը։ Թեպետ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ունի բազմաթիվ թերություններ։ Դրանք պիտի շտկվեն մինչեւ տարեվերջ։ Պիտի ներդաշնակություն ստեղծվի «Պետական կառավարման մասին» օրենքի հետ։

– Ի դեպ, օրենքի մասին։ ԿԸՀ-ն հանձնարարել է, խախտելով ընտրական օրենքը՝ փաստաթղթերը ընդունել նաեւ հաշվառման վայրում չառաջադրվող անձանցից։

Այս հարցի վերաբերյալ ՀՀԿ նախագահի տեսակետը միանշանակ էր. «Հայաստանի Հանրապետությունում պիտի գործի օրենքը եւ ոչ թե որեւէ մարմնի որոշում»։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031