Երեկվա «Առավոտում» անվանի արվեստաբան Լուիզա Սամվելյանի մահվան մեկ տարվա կապակցությամբ հրապարակված հոդվածում նշվում էր նաեւ, թե կարիքի մեջ ապրող արվեստագետն ինչպես է օգնության դիմել սոցապ նախկին նախարարուհուն եւ զավեշտական պատասխան ստացել։ Նախարարուհին որոշել էր որպես օգնություն հատկացնել… 2000 դրամ։
Ինչ խոսք, այսօր մեր արվեստագետները (հատկապես ավագ սերնդի) դժվարին կյանքով են ապրում, կարիքի մեջ։ Սակայն հայտնի է, որ հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նպատակային հատուկ ֆոնդ էր հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ՝ դժվարին վիճակում ապրող արվեստագետներին աջակցելու համար (այդ թվում՝ արվեստաբան Լուիզա Սամվելյանին)։ Այդ հարցով դիմեցինք հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանին։
Տիկին Պետրոսյանը մեզ տրամադրեց այս փաստաթուղթը. «Հայաստան» համահայկական հիմնադրամը սահմանել է պարգեւատրումների ֆոնդ, որի շնորհիվ, սկսած 1997 թվականի նոյեմբեր ամսից, յուրաքանչյուր ամիս 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով հատկացումներ են կատարվելու հայ մշակույթի ճանաչված եւ վաստակաշատ գործիչներին։
Մենք գիտակցում ենք, որ այս ամսական պարգեւատրումներն ամենեւին էլ համարժեք չեն Ձեր վաստակին, սակայն խնդրում ենք այն ընդունել որպես մեր երախտիքի փաստում, որը հնարավոր է, որ որոշ չափով կթեթեւացնի Ձեր առօրեական հոգսերը։ Հատկացումները կատարվելու են յուրաքանչյուր ամսվա 1-10-ը ընկած ժամանակահատվածում։ Խնդրում ենք Ձեզ, մեզ տեղեկացնել, թե ե՞րբ եւ որտե՞ղ է Ձեզ հարմար այն ստանալու»։
Կարդացեք նաև
Լ. Սամվելյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամից հատկացում ստացել է 1997 թ. նոյեմբերից մինչեւ 1998 թ. դեկտեմբեր (1400 $-ին համարժեք դրամ)։
Ս. Ս.