Համահայկական համաժողովի փակման նիստի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի թիվս այլ հարցերի, խոսեց նաեւ Հայաստանից մեկնողների մասին։ Արտագաղթը մեր կյանքի ամենատխուր երեւույթն է։
Չեմ ուզում ասել, որ այն, ինչ թշնամիները ստիպում էին անել հրով եւ սրով, այսօր տեղի է ունենում թավշյա ճանապարհներով։ Հանրապետությունից մեկնողների կոնկրետ թիվը ոչ մի տեղ չի հրապարկվում, այս հարցի վիճակագրությունն էլ այնքանով է հավաստի, որքանով հավաստի է որեւէ վիճակագրական ինֆորմացիա։ Եվ այս տխուր մեկնումի պարագայում, առնվազն զարմանալի է, որ պաշտոնյա եւ անպաշտոն, նույնիսկ նախագահը, առանձնապես չեն տագնապում։ Նրանց հանգստացնում է այն, որ «նախկին սոցճամբարի բոլոր պետություններում էլ» արտագաղթը կա եւ սա զուտ հայկական երեւույթ չէ։ Հանրապետության նախագահը անձամբ է նայել թվային տեղեկությունները եւ զարմանալի չի համարում, որ ասենք Լեհաստանում էլ է եղել նույն վիճակը, այլ երկրներում՝ նույնպես։ Սակայն, եթե հսկայական Լեհաստանի համար (Հայաստանի համեմատ) արտագաղթը վտանգավոր չէ, ապա նույնը հաստատ չի կարելի ասել մի բուռ Հայաստանի մասին։
Բայց, ի՞նչ արած, երբ երկրի առաջին դեմքերը սա նորմալ երեւույթ են համարում, եւ նույնիսկ ոգեւորվում են, որ Հայաստանը տարածված եւ մեծ Սփյուռք ունի ու այստեղից գնացողը գիտի, թե ո՞ւր է գնում, ո՞ւմ մոտ։ Սրա մեջ, իհարկե, ճշտություն կա, բայց մի՞թե կարելի է այսպիսով բավարարված լինել եւ սպասել։ Անիմաստ սպասելն էլ մի բան չի. մինչ այսպես սպասողները բավարարված են, ժողովուրդը ճամփա է ելել ու գնում է։ Ու չի օգնի ոչ Զորի Բալայանի նամակը, ոչ մտավորականների հուզաթաթախ խոսքը, ոչ էլ Սփյուռքի լուսավոր ճակատը։ Մենք հաճախ զարմանում ենք, որ 93-94 թթ. ավելի քիչ մարդիկ էին մեկնում, քան այսօր։ Բայց ինչո՞ւ ենք զարմանում, այն ժամանակ լույս չկար ու ցուրտ կար, հիմա՝ լույս կա, բայց հույսն է պակաս, տարրական մարդկային իրավունքներն են ոտնահարված, հարկային դաշտն է անկատար, քաղաքացու ապահովվածությունը չի երաշխավորված։
Ապագա արտագաղթող