ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտը (Գերմանիա) հրապարակել է լրատվամիջոցներում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման բավական անաչառ եւ անկողմնակալ, իսկ տեղ-տեղ՝ նաեւ խիստ հետաքրքրական մոտ 80 էջանոց դիտարկումը, որից առանձին արժանահիշատակ դրվագներ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։
Բացահայտումներ
«Արմենիա» հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Սարգսյանը ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտի (այսուհետ՝ ԶԼՄԵԻ) դիտորդների հետ զրույցի ընթացքում հայտնել էր, որ «Արմենիայի» բաժնետերերի կազմում են «Գրանդ-Տոբակոն», «Կրեդիտ Երեւան» բանկը եւ «Սեդմարսեդը»։ Ընդհանրապես դիտորդների հետ մեր գործիչներն առավել անկեղծ են եղել։ Դիտարկման մեջ նաեւ «Օրագրի» վերաբերյալ բացահայտումներ կան. «Հովանավորվում է լիբերալ եւ «աջթեւային» կուսակցությունների կողմից»։ Չնայած ավելի ուշ մեջբերված է նաեւ Նիկոլ Փաշինյանի հերքումը. «Իմ թերթը համագործակցում է լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների հետ (…)։ Սակայն չի կարելի ասել, թե թերթը գործակցում է նրանց հետ։ Թերթը չի ֆինանսավորվում մեկ առանձին կուսակցության կողմից»։
Հետաքրքիր է, ինչու դիտարկողները չեն փորձել բացահայտել նաեւ այլ անկախ թերթերի՝ ասենք «ձախթեւային» (բնորոշումն իրենցն է) «Գոլոս Արմենիի» հովանավորներին։
Կարդացեք նաև
Ի դերեւ
ՀԱՀ-ի տնօրեն Տիգրան Նաղդալյանը ԶԼՄ-ների դիտորդների հետ զրույցի ընթացքում նշել է. «Ոչ մի կուսակցություն չի կարող ասել, թե որեւէ խնդիր է ունեցել մեր ընկերության հետ»։ Դիտարկման մեջ անմիջապես մեջբերվել են ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի՝ ՀՀՇ-ի գործիչների հակառակի մասին տեսակետները։
Տիգրան Նաղդալյանը նաեւ կտրականապես մերժել էր, թե Ազգային հեռուստատեսությունը կողմնակալ բացասական վերաբերմունք ունի Վանո Սիրադեղյանի կամ ՀՀՇ-ի նկատմամբ եւ կանխակալ դրական վերաբերմունք՝ Դաշնակցության հանդեպ. «Այնուամենայնիվ, մոնիտորինգը ցույց տվեց, որ լուսաբանման հնչերանգն իրոք քննադատական էր Սիրադեղյանի հանդեպ,- նշված է ամփոփագրում։- Մոնիտորինգը, այդուհանդերձ, պարզեց, որ Դաշնակցությունը, ինչպես նաեւ «Միասնությունն» ու ՀՌԱԿ-ը, Ազգային հեռուստատեսության եթերում արժանացել են ավելի մեծ թվով դրական հիշատակումների, քան քաղաքական մյուս կուսակցություններն ու դաշինքները»։
Տռուզ քսակներ
«Կուսակցություններից չորսը՝ «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, «Իրավունք եւ միաբանությունը» եւ «Միասնությունը» իրենց քաղաքական գովազդը տեղադրել են Երեւանում գործող բոլոր 4 մասնավոր հեռուստակայաններում»,- եթե այս տեղեկությանը հավելենք, որ Կոմկուսը նույնպես գովազդ է տեղադրել բոլոր ալիքներում՝ բացառությամբ «Այգի», պետք է արձանագրել, որ ԱԺ-ում հաջողությամբ տեղ գրավեցին նրանք, ովքեր կարեւորում էին քարոզչությունը։ Իսկ, ասենք, Դեմկուսը, Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը եւ «Առաքելությունը» գովազդներ չէին տեղադրել եւ ոչ մի հեռուստաալիքում։ Եվ ահա արդյունքը։
Բնականաբար, այդքան միամիտ չենք, որ ամեն ինչ քարոզչությամբ պայմանավորենք։ Այնուամենայնիվ։ «Օրինաց երկիրն» ընդհանուր հաշվով գովազդվել է 11 ժամ 17 րոպե, ՀՅԴ-ն՝ 9 ժամ 10 րոպե, «Միասնությունը»՝ 7 ժամ 38 րոպե, «Իրավունք եւ միաբանությոնը»՝ 7 ժամ 12 րոպե։ Միայն պատկերացրեք, թե այս կուսակցություններն ինչ գումարներ են ծախսել քարոզարշավի վրա, եթե քաղաքական գովազդի եթերային րոպեն ոչ մի հեռուստաալիքում 25 դոլարից պակաս չի եղել։
Փակ նատուրալ տնտեսություն
Սակայն ԶԼՄԵԻ-ի դիտորդները տեղեկացել են, որ որոշ կուսակցություններ նախընտրում էին իրենց հոլովակների դիմաց վճարել ոչ թե գումարով, այլ ապրանքափոխանակման եղանակով։ Ասենք, ՀՅԴ-ն «Ա1+»-ին է տրամադրել 40 հազար դոլարանոց սարքավորումներ։ Մեկ այլ կուսակցություն պարտավորվել է վերանորոգել «Ա1+»-ի տարածքը, երրորդը՝ հատուցել այլ ծառայություններով։
Անճշտություններ
Չի կարելի ասել, թե դիտարկման մեջ սխալները որակ են կազմում, բայց, այնուամենայնիվ, առկա են։ Ասենք, նշված է, թե ՀՅԴ-ն Հայաստանի ամենահին կուսակցությունն է, մինչդեռ այդ դափնիներն իրավամբ պատկանում են ՍԴՀԿ-ին։ Հովհաննես Ահարոնյանին վերագրվել է Փախստականների հարցերով պետական վարչության բաժնի պետերից մեկի պաշտոն Մեխակ Գաբրիելյանին՝ ոչ ԱԻՄ-ի, այլ ՍԻՄ-ի նախընտրական շտաբի պետ են կարգել։
Կան որոշ հնացած պնդումներ, ասենք, թե «Շամիրամի» ղեկավարությունը «հիմնականում կազմված է բարձրաստիճան պաշտոնյաների կանանցից»։ Մինչդեռ 1999-ի մայիսին, երբ, անցկացրել էր դիտարկումը, «Շամիրամում» այլեւս նման կանայք պետության կողմից չէին պահպանվել։ Կամ՝ Աշոտ Բլեյանին դիտարկման մեջ ներկայացրել են որպես ՀՀՇ անդամ, որպիսին նա այլեւս չէր Բաքվից վերադառնալուց կարճ ժամանակ անց։
Գուցե անփութությա՞ն հետեւանք են նման պնդումները. «Բարձր գների եւ գնորդների սակավության հետեւանքով միայն պետության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետութիւնը» եւ «Ռեսպուբլիկա Արմենիան» են կարողանում լույս տեսնել ամեն օր։ Մյուսները տպագրվում են շաբաթական մեկ («Հայաստանի կոմունիստ») կամ երեք («Գոլոս Արմենիի») անգամ»։ Բա «Ազգը», «Հայոց աշխարհը», «Երկիրը» եւ, վերջապես, «Առավոտը» մի՞թե ամեն Աստծո օր լույս չեն տեսնում։
Ի դեպ
Չնայած մեր թերթը սովորաբար խուսափում է իր հասցեին հաճոյախոսությունները հրապարակել, բայց այս անգամ բացառություն անենք։ Զանգվածային լրատվության միջոցների եվրոպական ինստիտուտը «Առավոտն» անվանել է «քաղաքական եւ խնդիրներին անդրադարձող ամենամասսայական» եւ անկախ ամենաազդեցիկ թերթերից մեկը։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ