Քրիստոնեական սիրո, եղբայրության ու հանդուրժողականության վառ օրինակ են դրսեւորել Հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ թեմերի առաջնորդները: Նրանք այնպիսի ավյունով հարձակվեցին մեկ այլ սրբազանի վրա, որի թեկնածությունը, իրենց կարծիքով, գալիք կաթողիկոսական ընտրություններում պաշտպանում է իշխանությունը, որ քիչ է մնում օգնության կանչեն ազնիվ քրիտոնյաներ Բուռնաշի եւ Պարույր Կարապետյանի հոգեւոր թիմերին: Նման մթնոլորտում ընտրված Հայոց հովվապետը, անշուշտ, նպաստելու է «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ հավատ» կարգախոսի շուտափույթ իրականացմանը:
Պարույր Հայրիկյանը
Անցած շաբաթ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը խոստովանեց, որ սահմանադրական փոփոխություններ պատրաստող հանձնաժողովը, որի նախագահն էր Հայոց Անկախության Գաղափարի Հիմնադիրը, աշխատում էր անբավարար արդյունավետությամբ եւ ոչ աշխատանքային մթնոլորտում: Ես, օրինակ, պրն Հայրիկյանի տեղը լինեի, կնեղսրտեի, սեւ դրոշներով ցույցի կգնայի՝ բողոքելով, որ նախագահը չի հասկանում ԻՄ նշանակությունը Հայոց պատմության մեջ, ԻՄ դերը համաշխարհային քաղաքական գործընթացներում եւ ԻՄ տիտանական ջանքերը՝ Սահմանադրությունը բարեփոխելու ուղղությամբ: Բայց վստահ եմ, որ ԻՄ նախագահը քրիստոնեաբար կների ՀՀ նախագահին՝ բնականաբար, չակնկալելով նրանից օմբուդսմենի պաշտոնը:
Կարդացեք նաև
Զորի Բալայանը
Անվանի հրապարակախոսը՝ պատասխանելով մեր այն տարակուսանքին, թե ինչու է բաց նամակով դիմել հենց մտավորականությանը, հիշեցրեց, որ նման հասցեով նամակներ էր գրում ոչ միայն ինքը, այլեւ Գարեգին Նժդեհը: Ինչ խոսք, շատ համեստ զուգահեռ է: Քրիստոնեական հեզությունը խանգարեց պրն Բալայանին անցկացնել մի շարք այլ զուգահեռներ: Օրինակ, որ բեղեր էր պահում նաեւ Հովհաննես Թումանյանը, ղարաբաղյան ծագում ուներ նշանավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաեւը, իսկ մասնագիտությամբ բժիշկ էր մեծ հումանիստ Ալբերտ Շվեյցերը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ