Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԻՏԱԿ ԱԼ ՉՈՒՆԻՆՔ

Հոկտեմբեր 02,1999 00:00
Hranush Xaratyan

Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ ամեն ուրբաթ նախկին իշխանությունները (մեծամասամբ) հավաքվում եւ սեմինար են անցկացնում։

Ճիշտ է, նրանք սեմինարների շարքի ամբողջ բեռը իրենց վրա չեն վերցնում եւ հաճախ սիրահոժար հրավիրում են այս կամ այն կազմակերպության ներկայացուցչին։ Ու ամեն անգամ Դավիթ Շահնազարյանը որոշակի աշխատակարգ է առաջարկում (կոնկրետ ժամանակահատվածում տեղավորվելու առումով) եւ պահպանելով ավանդույթը, երբեք այն (աշխատակարգը) չի պահպանվում։ Փոխարենը, անկախ ընտրած թեմայից, սրահում մշտապես տիրում է ծխախոտի ծխի կայուն եւ հաստատուն մթնոլորտն՝ այն աստիճան, որ չծխողներին հակագազ հասցնելու անհրաժեշտություն է առաջանում։ «Քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդիրները Հայաստանում» թեման, հավանաբար, շա՜տ ծանր էր թվացել կազմակերպիչներին. ուստի որոշել էին, որ զեկուցողը «напарник»-ով պետք է հանդես գա։ Քանի որ Էմիլ Սեդրակյանը նախատեսում էր (եւ արեց) առավել հիմնարար զեկույց ունենալ այն մասին, թե ինչ ասել է քաղաքացիական հասարակություն՝ ընդհանրապես, ուստի Հրանուշ Խառատյանն իրեն ազատված էր զգում որոշ պարտականություններից։ Առաջին միտքը, որ տիկին Խառատյանը ցանկացավ հայտնել՝ այն էր, որ «բացի ակադեմիական եւ այսպիսի շահագրգիռ մթնոլորտներից, որտեղ այս կամ այն ձեւով փորձում են ձեւակերպել, բանաձեւել «քաղաքացիական հասարակություն» հասկացության ընդհանուր քաղաքական եւ ակադեմիական ընկալումները՝ Հայաստանում այս հասկացությունը մնում է համարյա բացարձակապես խոսքի մակարդակի»։

Թեպետ այդ մասին խոսվում է տարբեր ամբիոններից, սակայն, ըստ Հրանուշ Խառատյանի՝ քաղաքացիական հասարակության բովանդակության, ձեւի առանձնահատկությունների, էության վերաբերյալ չկա ձեւավորված կարծիք։ Ավելին, տիկին Խառատյանը հայտնեց, որ հանրապետության տարբեր մարզերում հետազոտություններ են կատարել պարզելու համար, թե «դեմոկրատիա եւ քաղաքացիական հասարակություն» արտահայտությունները ինչպես են ընկալվում հասարակության տարբեր խավերի կողմից։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր պարզվել՝ արդյունքում հետազոտողները տխրել էին, քանի որ «ավելի հաճախ մեր հավաքած պատասխանների մեջ հնչում էր այն միտքը, որ դեմոկրատական հասարակությունը՝ դա նախեւառաջ կոմունիստական հասարակությունն է»։ Խոսում էր տիկին Խառատյանը, խոսում, իսկ Արա Սահակյանը հավանաբար չկիսելով նրա մտքերը՝ մի մինի-սեմինար էլ ինքն էր անցկացնում՝ հատուկ կողքի գեղեցկուհու համար։ Եվ երկուսին էլ ակնհայտորեն չէր մտահոգում, որ տիկին Խառատյանն իր խմբի ուսումնասիրությունների արդյունքում դժվարանում էր ասել, թե որոնք են Հայաստանում քաղաքացիական հասարակության խնդիրները, «որովհետեւ չկա նախանշված ուղին՝ ինչպե՞ս պետք է կառուցվի, որ երեւա՝ դա պրոբլեմատի՞կ է, յուղի նմա՞ն պետք է գնա, մեր հասարակությունը պատրա՞ստ է, ունի՞ արդյոք նախադրյալներ եւ այլն»։

Բայց սեմինարն այն երկուսի համար չէր միայն եւ ուշադիր ներկաները, պարզվեց, տիկին Խառատյանի արտահայտած բազում մտքերից միայն մեկի հետ անհամաձայնություն ունեին եւ բանավիճելու խիստ կարիք էին զգում։ Տիկին Խառատյանը գտնում էր, որ քաղաքացիական հասարակություն ձեւավորելիս պետք է հաշվի առնել տվյալ ժողովրդի էթնիկ նկարագիրը։ Ի տարբերություն քաղաքացիական հասարակության, որը բաց հասարակություն է՝ տիկին Խառատյանի կարծիքով հայ ժողովուրդը փակ է եւ երբեք օտարին չի ներկայացնում իր անձնական իրական կյանքը։ Միմյանց շարունակելով, հարց տվողներն այն կարծիքին էին, որ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում դեր չունի (կամ գրեթե չունի) ժողովրդի մենթալիտետն ու էթնիկ նկարագիրը։ Էմիլ Սեդրակյանը որքան արհեստավարժ էր, իր իսկ խոսքերով ասած՝ սոփեստական զեկույցը ներկայացնելիս, այնքան էլ ագրեսիվ՝ այդ հասարակության ձեւավորման գործում իշխանություններին եւ ժողովրդին քննադատելիս։ Մասնավորապես պրոբլեմը տեսավ ժողովրդի տգիտության մեջ, նկատեց սողունների հոսք դեպի նոր իշխանությունները, անգամ շիզոֆրենիայի դրսեւորումներ հայտնաբերեց։

Իսկ «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ հայրենիք» սկզբունքը պրն Սեդրակյանը համարեց տոտալիտար սկզբունք, որով, ըստ նրա, առաջ է գալիս տգիտությունը։ Էմիլ Սեդրակյանը սիրաշահեց լիբերալ կուսակցություններին (հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեմինարի կազմակերպիչները այդպիսիք են)՝ նշելով, որ եթե տոտալիտար բնույթի կուսակցությունները պաշտպանում են որոշակի շերտերի շահերը, ապա լիբերալ կուսակցությունները, դեռ հայտնի չէ, թե ում շահերն են պաշտպանում։ «Բոլորի»,- լսվեց Արա Սահակյանի ռեպլիկը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031