Խեղճ, անօգնական մարդկանց հանրակացարաններից դուրս շպրտելը եւ գերագույն արդարությունն իրականացնողի կեցվածք ընդունելը մայրաքաղաքի հանրակացարանների կառավարիչների «հին ու բարի» ավանդույթն է։
Օրեր առաջ էինք անդրադարձել Զեյթունի հանրակացարանի սանուհիներից մեկին, որին փողոց էին նետել (եւ հանրակացարանի կառավարիչից «արժանի հակահարված» ստացել), երբ երեկ խմբագրություն եկավ 4 երեխաների մայր եւ 2 թոռների տատ Անահիտ Ամոյանը։ Նա՝ վեց երեխաների հետ գիշերում է փողոցներում եւ երանությամբ հիշում Նոր Նորքի հանրակացարանի իր փոքրիկ սենյակը, որտեղից էլ վտարվել են։ Ինչպես մանկատան հիմնականում բոլոր սաների՝ տիկին Անահիտի ճակատագիրն էլ չի ստացվել։ Ամուսնացել է, ամուսինը նրան թողնելով չորս երեխաների հետ, հեռացել է։ «Իմ չորս երեխաների եւ երկու թոռների հետ ապրում էի մասիվի ուսանողական հանրակացարանում։ Նախկին կառավարիչ Աթոյանին 150 դոլար տվեցի, ինքն ինձ հետ մի տարով պայմանագիր կնքեց ու սենյակի բանալին հանձնեց մեզ։ Հետո Աթոյանը փոխվեց, կառավարիչ դարձավ Կարապետյան Արշակը։ Նոր պայմանագիր պիտի կնքեինք։ Ասաց՝ Անահիտ ջան, բեր փողը քիչ-քիչ մուծի։ Մատանիներս վաճառեցի, քառասուն դոլար մեկ մուծեցի, հինգ հազար՝ մեկ, տասը հազար՝ մեկ։ Հաշվապահությանն այդ գումարը մուծեցի։ Բայց քիչ էր։ Դատական կատարածուները եկան, մեր ողջ եղած-չեղածը հավաքեցին, տարան պադվալ։ Ես բոլորը կմուծեմ, խնդրում եմ, մի բան արեք, ինձ մի փոքր տարածք տան։ Դրսում հնարավոր չէ քնել, այն էլ՝ փոքր երեխաների հետ»։
Անահիտ Ամոյանի տղան բանակում է, աղջիկներից մեկն էլ, որն ամուսնացել էր, այժմ առանց ամուսնու է, բայց երկու երեխաների հետ։ Մինչեւ Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի կառավարիչ Կարապետյանի հետ զրուցելն արդեն գիտեինք նրա պատասխանը։ Նման դեպքերում հանրակացարանների կառավարիչները սովորաբար ասում են՝ «Գժի թուղթ ունի» կամ «Անբարոյական է»։ Կարապետյանը, ինչպես եւ ակնկալվում էր, բավական ագրեսիվ էր տրամադրված։ Նա ասաց, թե Անահիտ Ամոյանը էլի շատ բախտակիցներ ունի, որոնք Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի վճռով վտարված են հանրակացարանից՝ պայմանագրով նախատեսված տարեկան 85 հազար դրամը չմուծելու պատճառով։ «Նրանք ապրում են ուսանողների հարկում, հասկանում եք՝ խըժը-բըժը։ Հետո մի կարգազանց աղջիկ էլ ունեն»։ Կառավարիչ Կարապետյանը խորհուրդ տվեց «տուրք չտալ ամեն բողոքողին»։
Իմ հարցին, թե իր նախորդի օրոք տիկին Անահիտը գումարը մուծել է, գուցե արժե մի քիչ էլ սպասել. ամեն դեպքում՝ երեխաների հետ նրան փողոց նետելն այնքան էլ մարդկային չէ, Կարապետյանը խիստ տոնով ասաց. «Նախկին կառավարության օրոք էդպիսի բաներ եթե լինում էին, իմ օրոք էդպիսի բնակիչներ չպետք է հանրակացարանում լինեն։ Ինձ էդպիսի բնակիչներ պետք չեն։ Եվ հետո՝ սա ուսանողական հանրակացարան է»։ Իսկ եթե հանրակացարանն ուսանողական է, այդ դեպքում ինչո՞ւ են ոչ ուսանողներին ընդունում։ Կարապետյանը թե՝ «Քանի որ ուսանողների թիվը կրճատվել է, պայմանագրով մարդկանց բնակմակերես ենք հատկացնում»։ Ահա այսպիսի բարոյականության ջատագով եւ օրենքի տառով գործող, սուրբ ու անբասիր աշխատավորներ են հանրակացարանների կառավարիչները։
Կարդացեք նաև
Լ. ԱՎԱԳՅԱՆ