Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1999 ԹՎԱԿԱՆ

Հոկտեմբեր 01,1999 00:00
Stepanakert

«GEO» ամսագրի համարներից մեկում լայնածավալ մի հոդվածում Եվրոպան էր պատկերված՝ ինչպես որ կար առաջին հազարամյակի մայրամուտին: Արեւելքի համեմատ անհրապույր, աղքատ, վայրենաբարո մի տարածաշրջան: Պետություն ունենալու հայերիս դարավոր ձգտումներն ու եվրոպակենտրոն մտածելակերպը լավագույնս Ղարաբաղում /Ղարաբաղով/ արտացոլվեց:

«Ստեփանակերտ-Գորիս» մայրուղին՝ ընդամենը 7 տարի առաջ գաղթի ճանապարհ, ասիական մեր ժառանգության խորհրդանիշ, այսօր եւրոպական ստանդարտներին չզիջող, ժամանակակից կառույց է: Ռազմական ոստիկանության, մաքսատան այլեւս դատարկ ու անիմաստ շինությունները միակ վկայությունն են անցնող դարաշրջանի, մնացածը՝ իսկը Եվրոպա: Ճանապարհները յուրաքանչյուր պետության այցեքարտն են՝ «Գորիս-Ստեփանակերտ»-ը դրա ապացույց:

Ղարաբաղի մայրաքաղաքը մեկ տարվա ընթացքում նկատելիորեն փոխվել է ու խորհրդային տարիների շինհրապարակ է հիշեցնում: Մի քանի փողոցների բարեկարգումն արդեն ավարտվել է եւ դրանք, գոնե արտաքուստ, եվրոպական տեսք ունեն: Մյուսները անհրապույր են՝ առայժմ: Ազատամարտիկների պողոտայի կեսն ի հաշիվ հատված ծառերի արդեն ընդլայնվել է, մյուսը՝ դեռ ոչ: Սա, ինչպես բացատրեցին քաջատեղյակները, արվում է Ստեփանակերտի գլխավոր մայրուղուն ժամանակակից տեսք տալու եւ բնակչության մեջ եվրոպական ճաշակ զարգացնելու համար: Այս նպատակով էլ Ազատամարտիկների պողոտայի մեջտեղում հսկայական մի փոս փորվեց, որն, ասում են, պետք է «ավտոստրադա» դառնա, այն է՝ տակով /թունելով/ բեռնատարները կանցնեն, վրայով /կամրջով/ չորս շարքով ժամանակակից մեքենաները՝ մերսեդեսներ, ջիպեր եւ այլն: Առայժմ դարի կառույցը՝ Փոսը, բաժանում է ԱԳՆ-ի եւ նախկինում ամենազոր «Յուպիտեր»-ին պատկանող շենքերը: Փոսի եզրին ամրացած է ռուսալեզու այս պաստառը՝ «Победф», հաղթանակ, այսինքն:

Ստեփանակերտցիների տեսակետները համատարած շինիչ գործընթացի նկատմամբ բեւեռվել են, ովքեր որ եվրոպական ճաշակ զարգացնել չեն ուզում եւ առայժմ հացը խանութներից պարտքով են գնում /ցուցակները տեսել եմ/, անթաքույց զայրանում են. «ժողովուրդն ուտելու բան չունի, սրանք Եվրոպա են շինում մեզ համար»: Սկսում են հաշվել, թե այդ գումարով ինչեր կարելի էր անել՝ էլ աշխատավարձ, էլ թոշակ, հետո դեսից-դենից իմացածն են մեջտեղ հանում, թե ամեն մի ասֆալտապատ սանտիմետրից որքան է մտնում ծրագիրն իրականացնողների գրպանները: Ցավոք այս մասին չկարողացանք խոսել քաղաքապետ Կարո Բաբայանի հետ, որն, ասում են, Փարիզ էր գնացել հանգստանալու:

«Ստեփանակերտը – եվրոպական քաղաք» նշանաբանի տակ կան նաեւ բազմաթիվ այլ կառույցներ՝ առանձնատներ, խանութներ, հյուրանոցներ եւ այլն: Իբրեւ եվրոպաոճ նոր կառույցներ, ղարաբաղցիները ցույց են տալիս Ազատամարտիկների պողոտայի դպրոցը, Ալեք Մանուկյանի /նախկինում Էնգելսի/ փողոցը, նախագահի նոր կառուցվող նստավայրը, զորավարների, գործարարների մենատներն ու, իհարկե, «Ղարաբաղ» հյուրանոցը: Այն 21-րդ դարում պիտի 5-աստղանի հյուրատուն դառնա, իսկ առայժմ շինարարությունը դադարեցված է: Վստահելի աղբյուրները հավաստում էին, որ շինարարությունը եւս իրականացնում էր «Յուպիտեր»-ը: Պատերազմի տարիներին, հետո էլ «Ղարաբաղում» պատսպարվել էին հարյուրավոր փախստականներ: Ղարաբաղում եվրոպական ճաշակի զարգացման ջատագովները վկայակոչում են «Մարշալի ծրագիրը», ետպատերազմյան Գերմանիան, ուր պատերազմի ավարտից հետո բուռն թափով սկսվեց շինարարությունը:

Վկայակոչում են Պետրոս Առաջինին, որը դեպի Եվրոպա պատուհան բացելու համար անգամ մարդկային կյանքեր չխնայեց: Ո՞վ է հիմա դրա մասին հիշում Սանկտ-Պետերբուրգի հրապարակներով, կամուրջներով, շքեղ շինություններով զմայլվելիս: Էսթետիկայից բացի, սրանով նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրն է լուծվում, իսկ ներդրված գումարները, փաստորեն մնում են երկրում: Այս տրամաբանությունը, սակայն, դժվար է հասկանում ավանդական մտածողություն ունեցող Ստեփանակերտի բնակչությունը, մարդիկ ապրում են օրվա խնդիրը լուծելով: Օրվա խնդիրը նաեւ պետական այրերի ու տիկնանց հոգսն է՝ Սփյուռք, ԵԱՀԿ, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղի «ներկա եւ նախորդ իշխանություն», անվտանգության խնդիր: Արտգործնախարար Նաիրա Մելքումյանի հետ մի ակնթարթ անցնում ենք վիրտուալ Ղարաբաղով. նախարարությունը Ինտերնետում սեփական էջ ունի:

Բարոնուհի Քոքսին հենց նախարարությունում հանդիպեցի՝ վիրակապ կար գլխին /լողարանում սայթաքել էր/: «Սիրտս ինչպես միշտ Ղարաբաղում է»,- ժպտաց մեր բարեկամը: Նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի տուն գնացի. «Չես վախենո՞ւմ»,- հարցրեց ու զարմացավ, իմանալով, որ Զորի Բալայանը Ստեփանակերտում էր ու նրան անգամ չզանգահարեց: Նախկին վարչապետին այսօր հյուր հատուկենտ մարդիկ են գալիս:

Վարչապետ Անուշավան Դանիելյանի մասին միայն դրական բաներ լսեցի, որոնցից ամենատպավորիչը սա էր. «Շատ ակուրատնի մարդ ա, քեզ կլսի, կարծիքդ կհարգի, ուղղակի պրիյատնի ա հետը շփվելը»: Եւ դա, իրոք, այդպես է: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ղարաբաղցիներն, իրոք, սպասելիքներ ունեին. դրանք հետզհետե նվազում են: Այդպիսի տպավորություն ստացա ստեփանակերտցիների հետ շփվելիս: Նախագահը լավատես էր ու վստահ, որ բարեփոխումները կիրականանան: ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Սեյրան Օհանյանն ընտանիքով առայժմ հյուրանոցում է ապրում, թեեւ տարածքների ազատագրման գործում նրա դերը հայտնի է: Նախարարությունը ձեւավորման ընթացքի մեջ է եւ արդեն տեղափոխվել է նոր շենք:

Վերջում ինձ համար կարեւոր մի հանդիպման մասին եւս: Թեեւ շատերը վստահեցնում էին, թե «կոմանդույուշչին» ինձ վրա զայրացած է ու դժվար թե ընդունի, ես հակառակն էի պնդում: Շտաբում գրեթե 5 ժամ զրուցեցի բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ: Նախ լրատվամիջոցներից խոսեցինք՝ «Առավոտի», մյուս պարբերականների՝ բանակին առընչություն ունեցող, բոլոր հրապարակումները խնամքով պահվում են: Ընդհանրապես հայաստանյան մամուլի հրապարակումներին ղարաբաղցիները աչալուրջ հետեւում են: Ինձ, օրինակ, պարտք էին համարում հարցնել. «Մերսեդեսների ու ջիպերի մասին դու ես գրել, չ՞է»:

Ստեփանակերտում իմ բոլոր հանդիպումներին կանդրադառնամ հաջորդ հրապարակումներում՝ նշանաբան դարձնելով Սամվել Բաբայանի խոսքը. «Հաղթանակ տարած ժողովուրդը իրավունք չունի վախենալու սեփական կարծիքն արտահայտել»:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031